Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու Արտաշատի ԲԿ-ի տնօրենի ընտրություններում պարտվեց ՀԱԿ անդամ-ակտիվիստը

Ապրիլ 05,2019 11:48

Արարատի մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանումը Aravot.am-ի հրապարակման վերաբերյալ:

Ի՞նչ հարաբերություններ ունի մարզպետը Արտաշատի ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում հաղթած թեկնածուի հետ, ինչպես կմեկնաբանեք լուրերը, թե հաղթած թեկնածուն մարզպետի նախընտրած թեկնածուն էր ու մրցույթի արդյունքները նախապես կանխորոշված էին մարզպետի կողմից։

-Ինչպես գիտեք, վերջինս Արտաշատ ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Մարզպետի և վերջինիս հարաբերությունները միայն գործնական են, ոչինչ ավելի։ Ո՛չ Հայկ Համբարձումյանը, ո՛չ որևէ մեկ այլ անձ մարզպետի հովանավորյալը չի ու չի կարող լինել։ Ամբողջովին կեղծ են այն լուրերը, թե նախապես կանխորոշված է եղել մրցույթը։ Մրցույթն անցել է օրենքին համապատասխան, ներկա են եղել նաև լրագրողներ, տեսանկարահանվել է ողջ ընթացքը։

-Իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկությունը, թե մարզպետի բաջանաղը հանձնաժողովի կազմում էր։

-Իհարկե, չի համապատասխանում։ Մրցույթի հանձնաժողովի նախագահը եղել է Արարատի փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը, որը մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ ազգակցական որևէ կապ չունի։

-Պարտված թեկնածուն պնդում է, որ հարցատոմսը Հայկ Համբարձումյանը նախապես ունեցել է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Մրցույթի և՛ բանավոր, և՛ գրավոր փուլերի ժամանակ մասնակիցները միաժամանակ մոտեցել են համակարգչին, տեղում` պատահականության սկզբունքով, կազմվել են հարցերն ու տրվել մասնակիցներին։ Այդ ամբողջ գործընթացը կատարվել է լրատվամիջոցների ներկայությամբ։ Մասնակիցներից որևէ մեկը արտոնյալ չի եղել, հերքում ենք մրցույթի մասնակից Տարոն Գասպարյանի այն պնդումը, թե Հայկ Համբարձումյանը նախապես ունեցել է հարցատոմսը։

-Պարտված թեկնածուն բողոքարկել է մրցույթի արդյունքները, ի՞նչ ընթացք եք տվել բողոքին, նոր հանձնաժողով ձևավորելու որոշում արդեն ընդու՞նել եք։

-Տարոն Գասպարյանի դիմում-բողոքին ընթացք չի տրվել՝ խախտումների պատճառով։ Համաձայն ՀՀ կառավարության թիվ 992 -Ն որոշման հավելվածի 67-րդ կետի՝ բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում։ Մրցույթի արդյունքները հրապարակվել են 2019 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11։20-ին։ Տարոն Գասպարյանի կողմից դիմում-բողոքը ներկայացվել է ապրիլի 2-ին՝ ժամը 12։53-ին։

Տարոն Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ բողոք-դիմումը հանձնելը օրենքով նախատեսված ժամից ուշացել է մարզպետարանում թուղթ ու գրիչ չլինելու պատճառով. ըստ նրա՝ ինքը ստիպված է եղել դուրս գալ մարզպետարանից եւ դրսում փնտրել դիմումը գրելու պարագաները: Մարզպետարանից էլ փոխանցեցին, որ Տարոն Գասպարյանը որևէ մեկից թուղթ ու գրիչ չի ուզել եւ անհնար է, որ որևէ մեկը իրեն չտրամադրեր։ Աշխատասենյակներում տեսանելի վայրում դրված այնքան թուղթ կա, որ անհնար է ասեին՝ չկա։ Նշենք, որ վերջինս իր բողոք-դիմումը ներկայացրել է էլեկտրոնային տարբերակով։ Ի դեպ, Տարոն Գասպարյանը հայտնի է որպես ՀՀՇ-ական, ավելի ուշ ՀԱԿ անդամ-ակտիվիստ, իսկ Հայկ Համբարձումյանը՝ Արտաշատում ատամնաբուժարանի ղեկավար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930