Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը մասնակցեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը նվիրված միջոցառմանը. VOA

Ապրիլ 05,2019 10:41

Հայաստանում յուրաքանչյուր տարի մոտ 9000 մարդ ստանում է քաղցկեղի ախտորոշում, որոնցից շուրջ հարյուրը երեխաներ են, նշում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով ԱՄՆ իր այցի շրջանակում մասնակցեց Վաշինգտոնում Մեդունի և City of Smile կազմակերպությունների միջոցառմանը: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ելույթ ունենալով քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը նվիրված ձեռնարկին՝ տիկին Հակոբյանը, ով Հայաստանում գլխավորում է «Իմ քայլը» և «City of Smile» բարեգործական հիմնադրամները, ընդգծեց, որ յուրաքանչյուրի պարտավորությունն է կանգնել քաղցկեղով հիվանդ հայրենակցի կողքին, և հենց դրանում է Վաշինգտոնում կազմակերպված այս միջոցառման հիմնական նպատակը: Քաղցկեղը զուտ հիվանդություն է և ոչ ճակատագիր, որի դեմ անհրաժեշտ է պայքարել, նշել է Աննա Հակոբյանը:

Մեդունի կազմակերպության նախագահ Վահագն Մարտիրոսյանն իր հերթին հույս է հայտնում, որ նման մեկնարկը հնարավորություն կստեղծի ընդլայնել այս ոլորտի նախաձեռնությունները և ծրագրերը:

«Միջոցառումը կազմակերպվել է մեր և City of Smile համագործակցությամբ, որը սկիզբ է շատ ավելի մեծ նպատակների ու ծրագրերի, որոնք նախատեսում ենք ապագայում»,- նշում է Մարտիրոսյանը:

City of Smile հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանն ընդգծում է մարդասիրական հիմնադրամների ու կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության կարևորությունը այս հիվանդության դեմ պայքարում: Այն բուժումը հասանելի է դարձնում հասարակության ավելի լայն շերտերին: Գործադիր տնօրենն անդրադարձավ նաև մարտահրավերներին:

«Իհարկե հիմնական մարտահրավերներն են դեղորայքն ու բուժումը, սակայն բացի դրանից մենք հույս ունենք բարձրացնել ընդհանուր բուժման ծառայությունների որակն ու մակարդակը»,- ասում է գործադիր տնօրենը:

Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրներին անդրադարձավ նաև մանկական ուռուցքաբան Գևորգ Թաումյանը, ում կարծիքով խնդիրները բազմազան են՝ ընդգրկելով քաղցկեղի դեմ պայքարի բոլոր օղակները:

«Այսօր ուռուցքաբանության ոլորտում խնդիրներ ունենք սկսած իրազեկումից մինչև խնամք: Այսինք բոլոր շրջանակներում մենք ունենք խնդիրներ, ներառյալ կանխարգելման, ախտորոշման, բուժման և խնամքի»,- նշում է Գևորգ Թաումյանը:

Միջոցառմանը մասնակցում էին ամերիկահայ և ամերիկյան կազմակերպությունների ու անհատների լայն շրջանակներ: Բարձրաստիճան հյուրերի շարքում էր ԱՄՆ-ի արդարադատության փոխնախարար Ռոդ Ռոզենշտեյնը, ում դահլիճը ողջունեց ծափահարություններով:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցող բանախոսներն անդրադարձան ձեռնարկի մարդասիրական և կարևոր առաքելությունը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանն ընդգծեց միջոցառման կարևորությունը՝ երախտագիտություն հայտնելով կազմակերպիչներին և մասնակիցներին:

Միջոցառումը եզրափակվեց դրամահավաքով: Հավաքված ողջ հասույթը կուղղվի Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

«Սա մի փոքր լումա է, բայց կարծում եմ կարևոր մի քայլ, որ այն տոկոսը հիվանդների, որ չի բուժվել, նվազի՝ հասնելով միջազգայնորեն ընդունված չափանիշների», – ասում է միջոցառման մասնակից Բագրատ Բայբուրթյանը:

Իր հերթին ZH Healthcare ընկերության հիմնադիր Շամիմ Համիդը պատրաստականություն հայտնեց իր ընկերության միջոցով շուրջ 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել հիվանդ երեխաներին:

«Գիտեմ, որ Հայաստանում կան խնդիրներ բուժման և բժիշկների առումով: Մեր կազմակերպությունը կարող է օգնել տեխնոլոգիաների միջոցով մարդկանց առանց երկիրը լքելու կապ հաստատել արտասահմանի բժիշկների հետ և ապահովել բարձրորակ բժշկական օգնություն այս միջոցով»,- նշել է ընկերության հիմնադիրը:

Քաղցկեղի բուժման կազմակերպման համար անհրաժեշտ են շատ միջոցներ: Վահագ Մարտիրոսյանն առաջարկում է իր տեսլականը:

«Որպես հայ, անկախ բնակության վայրից, պետք է միավորվենք նման նախաձեռնությունների շուրջ: Դրա համար ունենք բոլոր պայմանները և կարող ենք հաջողության հասնել, եթե լինենք համախմբված»,- ասում է Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930