Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանական եւ իսկական հեղափոխականներ

Ապրիլ 05,2019 10:00

Ցանկացած մարդու մեջ, անկախ նրանից, թե ինչով է նա զբաղվում,  ինչ դիպլոմ է ստացել, ինչ պաշտոններ է զբաղեցնում, կա թաքնված էություն, նրա հիմնական, խորը թաքնված «ես»-ը, որը կարող է գիտակցվել, բայց կարող է անգամ տվյալ մարդու համար անհայտ մնալ: Կան մարդիկ, որոնք հոգու խորքում գրասենյակային գիտնական են, կան մարդիկ, որոնք իրենց էությամբ լրագրող են, խուզարկու, արկածներ որոնող կամ, ասենք, «հիփի»: Որոշել սեփական կամ դիմացինի էությունն, իհարկե, բարդ գործ է`բաներ կան, որոնք մենք ինքներս մեզ չենք խոստովանում: Բայց մարդկային տեսակների բազմազանության մեջ առավել ցայտուններից է այն, ինչ պայմանականորեն ընդունված է անվանել «հեղափոխական» կամ «պայքարող տեսակ»: (Թե ինչու՝ պայմանականորեն, կասեմ քիչ հետո):

«Հեղափոխականն» այն մարդն է, որը պարտադիր պետք է ունենա անձնավորված թիրախներ, որոնց դեմ անզիջում պայքար է մղում: Այդ տեսակը կարիք ունի պարբերաբար ինչ-որ մեկի հասցեին ծանր, հեգնական, խարազանող խոսքեր ասելու: Ենթադրում եմ, որ «Առավոտի» այսօրվա ընթերցողներից, մեղմ ասած, ոչ բոլորն են կարդացել Լենինի աշխատությունները: Մինչդեռ, չնայած այնտեղ քննարկվող խնդիրներն այլեւս արդիական չեն, սակայն ձեւի տեսանկյունից այդ տեքստերն, իմ կարծիքով, հետաքրքիր են: Որովհետեւ գրեթե չկա մի պարբերություն, որտեղ կոմունիստների առաջնորդը չհարձակվի որեւէ «դավաճանի», «դավադիրի», «փափկասուն մտավորականի», «բուրժուական լիբերալի», «երեսպաշտի» եւ որեւէ այլ «սխալ մարդկանց» վրա:

«Հեղափոխականը» («պայքարող տեսակը») չի կարող պարզապես ասել՝ «այս թուղթը դրված է այս սեղանին»: Նա անպայման պետք է իր խոսքը կառուցի հետեւյալ կերպ՝ «որոշ սրիկաներ պնդում են, որ այս թուղթը դրված չի սեղանին, բայց դա կատարյալ ապուշություն է, ցնդաբանություն, եւ որքան շուտ նման հիմարություններ արտասանող մարդիկ ստանան իրենց արժանի պատիժը, այնքան լավ բոլորիս համար»: Պետք է ասել նաեւ, որ ընկալման տեսանկյունից երկրորդ ձեւակերպումն ավելի հետաքրքիր է ու գրավիչ, քան առաջինը:

Իսկ ո՞վ է այդ դեպքում «հակահեղափոխականը»: Ինձ համար դա նույն հեղափոխականն է, պարզապես «մինուսի» նշանով: Այդ դեպքում էլ մենք գործ ունենք մի մարդու հետ, որը ներքին պահանջ ունի որեւէ մեկին անձնապես հակադրվելու, նրա հասցեին թունդ խոսքեր ասելու: «Հեղափոխականն» ու «հակահեղափոխականն» ինձ համար նույնն են, նրանց վեճն էլ որեւէ իմացաբանական նշանակություն չունի:

Սակայն պատմության մեջ կան իսկական հեղափոխականներ՝ առանց չակերտների: Նրանք սովորաբար չեն ճչում, չեն խարազանում, ծափահարությունների չեն սպասում, երկրպագություն չեն ակնկալում: Բայց այդ մարդիկ իսկապես փոխել են աշխարհը: Պարզապես թվարկեմ նրանցից մի քանիսի անունները՝ Ալբերտ Էյնշթեյն, Դեն Սյաոպին, Սթիվ Ջոբս, Բիլ Գեյթս…

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Հարգելի Արամ Աբրահամյան,
    Ձեզ հետ համամիտ չեմ, հիմնավորեմ ինչու։ Ձեր թվարկածներից առաջին՝ Ալբերտ Այնսթայնի օրինակով։ Այնսթայնը երբեք լուռ չի եղել։ Իր հեղափոխությունն անելու համար նա շատ է վիճել մնացած գիտնականների հետ։ Մասնավորապես, քվանտային մեխանակայի համահիմնադիր Բորի հետ վեճը եղել է սուր անձնավորված, քանի որ նույն կնոջն են սիրել, դա հայտնի է աշխարհին։ Այդ անձնավորված վեճը ցայտուն դրսևորվել է աշխարհին հայտնի Կոպենհագենյան մեկնաբանության ընթացքում և շարունակվել մի քանի տարի։ Չհավատալով քվանտային մեխանիկայի տեսության ճշտությանը՝ Այնսթայնը Բորին ասել է Աստված զառ չի խաղում, ինչին Բորը պատասխանել է․ «Մի թելադրի Աստծուն, թե ինչ անի իր զառերի հետ»։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930