Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Տոնոյանը Բաքվին «տնային աշխատանք» է տվել»

Ապրիլ 05,2019 15:00

«Երեւի ռուսական կողմին պետք է տպավորություն թողնել, որ ԼՂ կարգավորման «սանձերն իր ձեռքում են»,- «Առավոտի» հեր զրույցում ասում է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:

– Նյու Յորքում, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձեւաչափ այլեւս չի լինելու, հակառակ ուղղությունն ենք որդեգրում` «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Դավիթ Տոնոյանը ասել է, որ Հայաստանն ավելացնում է գրոհային ստորաբաժանումները. «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»: Դիրքորոշման այս 180 աստիճանով փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում: Սա նշանակո՞ւմ է, որ որ պատերազմի վերսկսումը մոտ է: Մանավանդ, որ ապրիլյան պատերազմի տարելիցին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ՝ ապրիլյան պատերազմն իրենց համար հաջողության առաջին փուլն էր:

– Պաշտպանության նախարար Տոնոյանի հայտարարությունը, երեւի թե, հեռացնում է պատերազմի վերսկսման հեռանկարը: Հակառակորդը չպետք է գայթակղություն ունենա, որ կարող է հանկարծակիի բերել կամ հայկական կողմը միշտ մնալու է պաշտպանական մարտավարության ծիրում: Նախկինում էլ ասվել է, որ նոր պատերազմը կարող է Ադրբեջանի համար կորստաբեր լինել: Դավիթ Տոնոյանը պարզապես խնդիրն ավելի հստակ եւ տարընթերցման տեղ չթողնող ձեւակերպմամբ է հնչեցրել: Դա պատերազմի կոչ չէ, զգուշացում է հակառակորդին:

Ինչ վերաբերում է պատերազմը փուլերի բաժանելու ալիեւյան «տեսությանը», ապա դա այնքան հին է, որքան ինքը՝ Ադրբեջանի նախագահը: Փուլային պատերազմի պատմությունը չգիտի: Պատերազմներն սկսվում եւ ավարտվում են: Ադրբեջանը երկու պատերազմ տանուլ է տվել: Եւ այդ իրողությունը պետք է ամրագրվի դիվանագիտորեն: Հայկական կողմը ցուցաբերում է առավելագույն ընկալունակություն՝ պատրաստակամություն ցուցաբերելով քննարկել նաեւ Ադրբեջանին հետաքրքրող հարցեր: Բաքուն առայժմ համարժեքություն չի դրսեւորում: Կարծում եմ, Ալիեւն այդ հայտարարությունն արել է, որպեսզի ցրի այն տպավորությունը, որ Վիեննայում դիրքեր է զիջել: Դա ներքին լսարանին ուղղված հայտարարություն է:

– Հայաստանի դիրքորոշման այս փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա վերսկսվող բանակցային գործընթացի վրա:

– Դիվանագիտությունը հնարավորությունների իրացում է: Հավանական էսկալացիայի դեպքում հայկական ռազմավարության դոկտրինի վերաձեւակերպումը պետք է որ իր ազդեցությունը թողնի բանակցային գործընթացի վրա՝ չեզոքացնելով Ադրբեջանի, այսպես կոչված, պատերազմի սպառնալիքի հաղթաթուղթը: Բաքվում պետք է հասկանան, որ միակողմանի զիջումների սպասելիքները սին են: Ռազմաքաղաքական իրավիճակի սթափ գնահատումը, որին մղում է պաշտպանության նախարար Տոնոյանի հայտարարությունը, մի փուլ է, որը Բաքուն պետք է անցնի «տնային աշխատանքով» եւ բանակցությունների հաջորդ փուլին նախապատրաստվի միանգամայն իրատեսորեն. եթե կարգավորում, ապա՝ միայն փոխզիջումների հիման վրա:

– Ի դեպ, առաջին պաշտոնական հանդիպումն ի՞նչ արդյունք տվեց, Ձեր տպավորությամբ. կողմերի դիրքորոշումներում տեղաշարժ չի նշմարվում, մասնավորաբար, Արցախի`բանակցային սեղան վերադառնալու մասով:

– Առաջին պաշտոնական հանդիպումն ինքնին արդյունք է, եթե նկատի ունենանք, որ այն տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահների հովանու ներքո՝ Վիեննայում: Դա նշանակում է, որ գործընթացը համանախագահ երկրներից որեւէ մեկի պատրոնաժի տակ չէ. հանգամանք, որ թույլ է տալիս հուսալ, որ կարգավորման շուրջ միջնորդները որոշակի կոնսենսուս, այնուամենայնիվ, ունեն: Կողմերի դիրքորոշումները մեկ հանդիպման արդյունքում հազիվ թե փոխվեին: Նման սպասելիքներ ոչ ոք չուներ եւ չունի: Նույնը՝ բանակցություններին Արցախի ներգրավման մասով: Ադրբեջանի համար դա չափազանց սկզբունքային է, քանի որ Բաքուն խնդիր ունի հարցը ներկայացնելու որպես հայ-ադրբեջանական հակամարտություն: Կոնցեպտուալ առումով միջնորդները դա չեն ընդունում: Ըստ երեւույթին, ժամանակ եւ դիվանագիտական ամենօրյա աշխատանք է պետք, որպեսզի այդ ընկալումը փոխակերպվի դիվանագիտական փաստաթղթային ձեւակերպման: Այդ ուղղությամբ հետեւողական ջանքերը, պետք է հուսալ, արդյունք անպայման կտան:

– Փաշինյանի եւ Պուտինի հեռախոսազրույցից հետո Կրեմլի պաշտոնական կայքում եւ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրություններում էական տարբերություններ կային: Մասնավորապես, ըստ Կրեմլի կայքի հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին, Պուտինը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել այդ գործընթացին։ Մինչդեռ, ՀՀ կառավարության մամուլի ծառայության հրապարակած տեղեկատվության մեջ, ԼՂ հակամարտության մասին անդրադարձը սահմանափակվում էր մեկ նախադասությամբ. «ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման մասին»: Ինչո՞վ եք բացատրում այս տարբերությունները:

– Անկեղծ ասած, չեմ հետեւել այդ տեղեկատվությանը եւ չեմ կարող ինձ անծանոթ թեմայով դատողություններ անել: Երեւի ռուսական կողմին պետք է տպավորություն թողնել, որ ԼՂ կարգավորման «սանձերն իր ձեռքում են»:

– Ռուսական լրատվամիջոցներում, վերջին շրջանում, շատ են հակահայկական տրամադրություններով լի հրապարակումները։ Ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովն էլ, ի հեճուկս ՀՀ վարչապետի հայտարարության, պնդում է` ՀԱՊԿ-ում ոչ թե Հայաստանի հեղինակությունն է բարձրացել, այլ Հայաստանը սկանդալային երկրի համբավ է ձեռք բերել: Ինչպե՞ս եք գնահատում սա, ինչո՞վ եք դա պայմանավորում։

– Ես զարմանում եմ, որ մեր որոշ լրատվամիջոցների համար Կոլերովի «մակարդակը» պահանջված է: Եւ նրա միջոցով փորձ է արվում հայ-ռուսական հարաբերությունների որակ գնահատել: Կարծում եմ, իրականության հետ աղերս չունի տպավորությունը, թե Կոլերովը կամ Տարասովը կամ ուրիշ մեկը հրապարակայնացնում է այն, ինչ Կրեմլում են կանխածրագրում: Կա մի ճշմարտություն. Ռուսաստանը սլավոնա-թուրքական պետություն է, առանձնահատուկ քաղաքակրթության կրող: Եւ արադարացված չէ նաեւ հուսալ, թե հայ-ռուսական հարաբերությունները երբեւէ կարող են նմանվել իսրայելա-ամերիկյան քաղաքակրթական ընդհանրությանը: Տեսանելի ապագայում, ընդհառակը, շատ ավելի հավանական է ռուս-թուրքական ավելի լայն համադաշնության հեռանկարը: Մենք մեր ապագան պետք է ծրագրենք այս հեռանկարի իրատեսական գնահատմամբ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930