Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի բռնկումն՝ ամենահավանական սցենար

Ապրիլ 05,2019 12:00

Ալիեւը չի մոռանում Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներ հնչեցնելու հին գործելաոճը

Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիեւը նախ հարկ համարեցին հանդես գալ լրացուցիչ պարզաբանումներով՝ բանակցությունների վերաբերյալ, ապա՝ զանգահարեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ալիեւը, ըստ ամենայնի, Փաշինյանի ֆեյսբուքյան պարզաբանումից հետո, որոշ փակագծեր բացելու անհրաժեշտություն էլ զգաց: Հայաստանի նոր ղեկավարությունը ցանկացել է փոխել բանակցությունների ձեւաչափը, սակայն Ադրբեջանի միանշանակ դիրքորոշումը թույլ չի տվել դա, Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, հայտարարել է Ալիեւը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ:

Ադրբեջանական դիրքորոշման մեջ, դատելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններից, դիրքորոշման փոփոխություն տեղի չի ունեցել. «Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է»:

Ավելին, Ալիեւն անցել է Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներ հնչեցնելու հին գործելաոճին: Նա, ոչ ավել, ոչ պակաս, շեշտել է, որ Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել. «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված»:

Փաստացի, կարեւորելով Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը՝ «այդ թվում`բանակցությունների գոյություն ունեցող ձեւաչափի հաստատման տեսանկյունից», նա հստակ շեշտել է, որ՝ «սա հակամարտություն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Բանակցությունները պետք է անցկացվեն եւ անցկացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Նրա «բացատրությունը», բնականաբար, տեղավորվում է ադրբեջանական դիրքորոշման սահմաններում՝ «Հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է։ Մեր հողերը նվաճել է Հայաստանը։ Հետեւաբար, բանակցությունները պետք է ընթանան երկու երկրների միջեւ»։

Վիեննայում Փաշինյան-Ալիեւ առաջին պաշտոնական բանակցությունից այսօր պարզ է, որ կողմերն արդեն իսկ ցույց են տալիս, որ ապագայում միմյանց չեն վստահելու: Առաջինը Ալիեւը խախտեց բանակցությունների գաղտնիությունը, ապա Փաշինյանը հարկ համարեց պարզաբանումներ ներկայացնել, այսուհետեւ Ալիեւը հավելյալ ելույթում ներկայացրեց ադրբեջանական դիրքորոշումը, որի էությունն ամենեւին էլ չի փոխվել:

Իհարկե, պաշտոնական Բաքուն չի մոռանում քարոզչական գործոնը, հին ավանդույթների համաձայն հասարակությանը Ադրբեջանի «հզոր» ու «հաղթական» բանակի մասին շեշտադրումները համեմել՝ Հայաստանին ու միջազգային հանրությանն ուղղված թեթեւ շանտաժով՝ «Հայաստանի հետ պատերազմը դեռ չի ավարտել», «ավարտված է միայն պատերազմի առաջին փուլը», «մենք ապրում ենք պատերազմի պայմաններում» եւ այլն։

Ինչպես եւ Փաշինյանը, Ալիեւն էլ հարկ համարեց Վիեննայի հանդիպումից հետո հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին իր գնահատականներից է ներկայացրել: Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացման կարեւորությունը: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում էլ աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործում՝ մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով։

Ի՞նչ ունենք այսօր: Փաշինյան-Ալիեւը հանդիպումները, թեեւ շարունակվելու հնարավորություն ունեն, սակայն կողմերն իրենց հրապարակային ելույթներով ցույց են տալիս, թե որքան հեռու են կարգավորման հասնելու հնարավորությունից: Այնքան հեռու, որ փաստորեն, պատերազմի բռնկման հավանականությունն ամենաիրականն է թվում նույնիսկ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին:

Պատահական չէր, որ Փաշինյանն օրերս անդրադառնալով Դավիթ Տոնոյանի՝ Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասված աղմկահարույց մտքին՝ «տարածքներ խաղաղության դիմաց ձեւաչափը ես այսօր վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց», արձանագրեց. «Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկը անիմաստ է: Որովհետեւ, ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից։ Ի՞նչ է ասել պաշտպանության նախարարը: Ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որեւէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որեւէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարեւորությունը»:

Ինչ վերաբերում է Պուտինի հետ հեռախոսազրույցներին, ապա թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը, ըստ ամենայնի, ակնկալում են Պուտինից առավել ակտիվություն՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինչու չէ՝ նաեւ աջակցություն՝ յուրաքանչյուր կողմն առանձին:

Հանդես կգա՞ Ռուսաստանը առանձին խաղով արցախյան բանակցային գործընթացում, ցույց կտա ժամանակը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 04.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930