Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ՊՆ-ն նախընտրեց ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրի արտադրության ախտահանիչ նյութերը

Ապրիլ 05,2019 14:00

Բողոքով դիմել են ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Տ. Սարգսյանին

Պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ ախտահանիչ միջոցի հաբերի գնման համար հայտարարվել էր մրցույթ: Հաղթող է ճանաչվել «Ինտերմեդ գրուպ» ՍՊ ընկերությունը, որը ներկայացրել է ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրի արտադրության հաբեր: Նրա առաջարկած մեկ հաբի արժեքը կազմել է 76 դրամ 44 լումա:

Մեկ այլ հայտատու՝ «Խաչպար» ՍՊ ընկերությունը, որը հայրենի ՊՆ-ի մատակարարներից է, հայտ էր ներկայացրել ՌԴ արտադրության, ՌԴ ՊՆ-ի կողմից օգտագործվող «Դիմաքս քլորի» համար, որի մեկ հաբն արժե 17 դրամ 43 լումա: Պահանջված միջոցի չափաքանակը չենք նշի, սակայն կարող ենք ասել՝ «Խաչպարն» առաջարկել էր 23604000 դրամով պակաս ախտահանիչ միջոցներ: Սակայն ՊՆ-ն «գնացել է» թանկի՝ առերեւույթ գերածախսի հետեւից, ինչո՞ւ:

«Խաչպար» ՍՊ ընկերությունը 2015թ. դեկտեմբերի 21-ին սահմանված կարգով հայտ է ներկայացնում պաշտպանության նախարարություն՝ «Դիմաքս քլոր» հաբեր մատակարարելու մրցույթին մասնակցելու համար: Հունվարի կեսերին ընկերության կողմից ներկայացվել են որակավորման փաստաթղթերը, իսկ ապա ընկերության պատասխանատուն հրավիրվում է ՊՆ՝ պայմանագիր կնքելու համար:

Ընկերության տնօրեն Ս. Բալասանյանին բանավոր հայտնվել է, թե տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում ընթացակարգի պահանջներին:

Տնօրենը խնդրում է, որպեսզի հանդիպի ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի հետ, ինչը հարգվում է, հանդիպման ժամանակ ներկայացվում են բացատրություններ՝ «Դիմաքս քլոր»-ի համապատասխանության, սերտիֆիկատների, տեխնիկական բնութագրի վերաբերյալ, անգամ տրվում է նմուշ ՊՆ սանիտարական ծառայությանը՝ փորձաքննություն կատարելու նպատակով:

Զորամասի հրամանատար, ՊՆ սանիտարական բժշկի կողմից զեկուցագիր է կազմվել: Հավանաբար, դա ուղղակի առնչություն է ունեցել մրցույթին մասնակցելու ընկերության հայտը մերժելու հետ:
Ընկերության տնօրենն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է, որ բոլոր փորձերը ստանալու, թե այդ եզրակացությունն ինչի մասին է, ապարդյուն են անցել, հարկադրված դիմել են նախկին նախարար Ս. Օհանյանին:

«Խաչպար» ՍՊԸ-ն ստանում է ՊՆ գնահատող հանձնաժողովի կողմից ծանուցում այն մասին, որ մերժման հիմք են հանդիսացել տեխնիկական բնութագրով սահմանված պայմաններին, մասնագիտական փորձառության չափորոշիչի անհամապատասխանությունները:

ՍՊ ընկերությունը որոշումը բողոքարկում է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդում, դիմում է Եվրասիական տնտեսական միության նախագահ Տ. Սարգսյանին, նշելով, որ օրենքի խախտումներով է որոշում կայացվել: Գնումների բողոքարկման խորհուրդը, ըստ ՍՊ ընկերության տնօրենի, հիմնվելով միայն ՊՆ հիմնավորումների վրա, նույնպես մերժում է:

Նոր բողոք է ներկայացվում, այս անգամ ստեղծվում է բողոքը քննող նոր հանձնաժողով, որն, ըստ էության, վերահաստատում է ՊՆ դիրքորոշումը:

ՍՊ ընկերության տնօրենն «Առավոտին» ասաց, թե դիմել են դատարան՝ բողոքարկելու ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի որոշումները:

Երկու դատական նախնական նիստ է տեղի ունեցել, հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 12-ին:

Ընկերության կարծիքով՝ «գնման առարկայի տեխնիկական հատկանիշները պատվիրատուի կողմից կազմվել են այնպես, որ պարունակում են կոնկրետ մեկ արտադրողի կողմից արտադրվող բրենդային «Պրեսեպտ» անվանումն ունեցող ախտահանող միջոցի կոկրետ տվյալները, ինչը բացառում է մեկից ավելի մասնակիցների մասնակցության հնարավորությունը տվյալ չափաբաժիններում»:

Ի դեպ, այդ նյութն արտադրող ընկերությունը Հայաստանում ունի ներկայացուցիչ, տվյալ նյութը ներկրելու, իրացնելու բացառիկ իրավունք:

Զրուցակցիս տեղեկացմամբ, գնահատող հանձնաժողովը կարող էր ստուգել իր կողմից մասնակի ներկայացված տվյալների իսկությունը՝ օգտագործելով պաշտոնական տվյալները կամ իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը:

«Նման հարցում ուղարկելու դեպքում համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն: Եթե մասնակցի ներկայացված տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իսկությանը չհամապատասխանող, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է, եւ մասնակցի տվյալները գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ի հայտ եկած հանգամանքների մասին տեղեկությունները պատվիրատուի կողմից ուղարկվում են ՀՀ ՖՆ՝ դրանց ի հայտ գալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում»,-ասում է ընկերության տնօրեն Ս. Բալասանյանը:

Նշենք, որ ըստ ՊՆ կողմից բողոքի վերաբերյալ ներկայացված փաստարկների, «Խաչպարն» առաջին տեղ էր գրավել, երբ նրանից պահանջել են որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, այդ ժամանակ է պարզվել «անհամապատասխանությունները»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Մասնագետների դիտարկմամբ, ակտիվ քլորի բարձր պարունակությունը թույլ է տալիս ախտահանումը կատարել առավել վտանգավոր վարակների առաջացման դեպքում՝ սիբիրյան խոց, ժանտախտ, խոլերա: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնական գրության համաձայն էլ՝ «Ինչպես ԵՏՄ, այնպես էլ ՀՀ օրենսդրությամբ «ախտահանիչ նյութերի համարժեքության» դրույթ եւ ախտահանիչ միջոցների համարժեքության որոշման կարգ սահմանված չէ»:

«Առավոտ» օրաթերթ, 

04.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930