Դատապարտյալի բաց նամակը ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին
Ես արդեն 8 տարի գտնվում եմ անազատության մեջ, մոտ 6 ամիս է մնացել, որպեսզի ավարտվի ինձ համար նախատեսված պատժի ժամկետը: Գտնվելով անազատության մեջ, արժանացել եմ խրախուսանքի, ընդգրկված եմ եղել հիմնարկի բարեկարգման աշխատանքներին: Որպես խոհարար աշխատել եմ մոտ 4 տարի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, տեղափոխվելով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ, մի քանի ամիս աշխատել եմ, սակայն վատառողջ լինելու պատճառով չկարողացա աշխատել, քանի որ ունեմ սրտի իշեմիկ հիվանդություն, ստեոսկլերոտիկ կարդիոսկրելոզ, լարվածության ստեոկարդիա, ֆ. կ. 2-րդ, ԱՇԱ-2-րդ աստիճանի ճարպային հեպատոզ, լեղաքարային եւ այլ հիվանդություններ: Ինձ անհրաժեշտ է լեղապարկի վիրահատություն եւ սրտի ստենտավորում: Հիվանդություններիս հիմնական մասը ձեռք եմ բերել գտնվելով անազատության մեջ: Ես այս ամենի մասին դիմել եմ Ձեզ, սակայն ստացել եմ քրեակատարողական վարչությունից հետեւյալ պատասխանը, որ իբրեւ ստացել եմ համապատասխան բուժում, որը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:
Ասեմ ավելին՝ ես գտնվում եմ ցավերի մեջ, անօգնական վիճակում: Իմ վերաբերյալ բնութագիրը քրեակատարողական հիմնարկը որպես դրական վարքագիծ ունեցող դատապարտյալի ներկայացրել է քրեակատարողական եւ պրոբացիոն ծառայությանը, որպեսզի իրենք իմ մասին խորհրդատվական զեկույց ներկայացնեն դատարան: Սակայն քրեակատարողական եւ պրոբացիոն ծառայությունները տալիս են բացասական զեկույցներ: Երբ ես դատարանում բարձրաձայնում եմ՝ ինչն է պատճառը, քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը պատասխանում է, որ այդ կերպ է որոշվել:
Հարգելի պարոն Փաշինյան, մենք գիտենք, որ Դուք չեք ուղղորդում դատարաններին, ընդամենը հայցում ենք Ձեր հանձնարարականը, որպեսզի ըստ պատշաճի իրենց աշխատանքն իրականացնեն քրեակատարողական եւ պրոբացիոն ծառայությունները, որպեսզի ուղղորդված եւ սուբյեկտիվ զեկույցներ չներկայացնեն դատարան եւ չխեղաթյուրվեն մարդկանց ճակատագրերը, իսկ մարդիկ կարողանան վերադառնալ ընտանիք, հասարակություն:
Կարդացեք նաև
Ձեզ հավատող՝ «Արմավիր»
ՔԿՀ դատապարտյալ Ա. Սանոյան
«Առավոտ» օրաթերթ,
04.04.2019