Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առանց դիմակի

Ապրիլ 05,2019 12:30

«Նարեկացի» արվեստի միությունում բացվեց Մեսրոպ Մեսրոպյանի՝ «Առանց դիմակի» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը: Լուսանկարների հերոսները Հայաստանի տարբեր բնակավայրերից մարդիկ են՝ առանց դիմակի, առանց կեղծիքի ու ձեւացման…

Ինչպես նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Էդիկ Վարդանյանը՝ Մեսրոպի ամեն մի լուսանկար նման է մի արձակ ստեղծագործության՝ բազմաբովանդակ, հետաքրքիր, իմաստալից…

Մենք հաճախ քողարկում ենք մեր հույզերը, մեր իրական էությունն ու փորձում ժամանակակից կյանքի հորձանուտում ապրել դիմակով, որը հաճախ ինքնապաշտպանական բնազդով է ի հայտ գալիս, հաճախ էլ միջավայրի թելադրանքով: Մեսրոպ Մեսրոպյանը, շրջելով Հայաստանի տարբեր վայրերում, լուսանկարել է պարզ, անպաճույճ մարդկանց, դեմքի անսքող արտահայտությամբ, չվարագուրված ինքնության պարզ արտացոլմամբ:

Նրա «Մարմնավորված հրեշտակը» լուսանկարի հերոսուհին փոքրիկ աղջիկն է Սյունիքի մարզի Տաթեւ գյուղից, իսկ ահա Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի ծերունու խոսուն հայացքով «համր նախատինք» է արտացոլվում…

Ցուցահանդեսում ներկայացված թերեւս ամենաազդեցիկ լուսանկարը «Անցած ուղու քարտեզ» վերտառությամբ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակչի լուսանկարն է, նրա դեմքին դրոշմված կնճիռներն ասես ապրած, չապրած տարիների քանակն արտացոլեն, ուրախ ու տխուր օրերի հանրագումարը…

Մի փոքր ավելի զավեշտալի երանգներով ներկայացված լուսանկարների շարքում էին «Մարտի են գնում միայն ծերունիները» լուսանկարը, որի հերոսը զինվորական բուշլատով ծերունին է Լոռու մարզի Լերմոնտովո գյուղից, «Կիրովականցի Տիգրանը»՝ լոռեցու պարզ, միամիտ հայացքով, իրենց լեռների նման խրոխտ կեցվածքով: «Կար, չկար մի ոստիկան» անվանմամբ լուսանկարի հերոսը մայրաքաղաքից է, ոստիկանության փոխգնդապետ, ով խոժոռ դեմքի քննախույզ հայացքով, աչքի ծայրով շուրջն է նայում…

– Թվում էր՝ ի՞նչ կարող եմ առաջարկել մի իրականության պայմաններում, որտեղ բոլորը արտաքին գեղեցկության փայլն ապահովելու ու շահեկան դիրք նվաճելու մտահոգությամբ են տառապում։ Երեւի սա էր պատճառը, որ դիմանկարներիս հերոսներին հաճախ գաղտնի էի լուսանկարում՝ փորձելով գտնել այն պահը, երբ դիմակը սահում է, ու երեւում է իրական դեմքը…

Մեսրոպ Մեսրոպյանի լուսանկարների կանայք առանց սնգույրի են…

Անսահման բարության մարմնավորում է ճգնավոր Օֆելյան Տաթեւի վանքից.

Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք

Աստծուն պիտի տեսնեն…

Հավաքարար Օֆելյան՝ աչքերի անհատակ խորքում չիրականացած երազանքներն անթեղած, հավատով նայում է վաղվան…

Ցուցահանդեսի պաստառի համար ընտրվել է լուսանկարչի մոր դիմանկարը՝ խոհուն, խորիմաստ հայ մոր կերպարը՝ դեմքն ափերի մեջ առած, մտածմունքների մեջ խորասուզված…

Մեսրոպ Մեսրոպյանը 2012 թվականից զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ: 2016-ի դեկտեմբերին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել նրա՝ «Արեւմտյան Հայաստան. կորուսյալ դրախտ» խորագրով ցուցահանդեսը.

«Լուսանկարչությունն իմ կյանքն է, իմ կիրքը, իսկ երբ մի բան շատ ես սիրում, ճանապարհներն ու դժվարությունները հեշտ են հաղթահարվում: Շրջում եմ հիմնականում Հայաստանով, աշխատում եմ հնարավորինս շատ նկարել մեր հայրենիքը: Հավատացած եմ, որ Հայաստանում կարելի է շրջել մի ամբողջ կյանք ու նորից չհասցնել ամեն ինչ տեսնել, նկարել, հիանալ»:

«Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում Մեսրոպ Մեսրոպյանի՝ «Առանց դիմակի» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 13-ը:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930