Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչենք մեր հերոսներին. ընդհատված թռիչք

Ապրիլ 05,2019 22:00

Շարունակություն. Սկիզբը՝ կարդացեք այստեղ

Ահագնացող փոթորկոտ օրերին զուգահեռ Յուրայի` երկարատև ու խորհրդավոր լռությունը տագնապալից էր դառնում, անորոշությունն ու տարաբնույթ ենթադրություններն իրոք մտահոգիչ էին: Տասն օրից ավելի որևէ լուր չունեինք, իսկ Արցախում խորհրդային բանակի ջոկատները պատժիչ գործուղություններ էին սկսել հատկապես օգնության մեկնած հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ, մինչդեռ ազերի բաշիբոզուկների ամենօրյա վայրագությունները չտեսնելու էին տալիս: 1990 թ. Հունվարի կեսերին վերջապես լուրեր հասան, որ Յուրան կարճ ժամանակով Գորիսում էր հանգրվանել: Համադասարանցիներով որոշել էինք մարտի վերջին միջնակարգ դպրոցն ավարտելու 30-ամյակն ընտանիքներով և մեզ դասավանդած ուսուցիչների հետ մեծ հանդիսությամբ նշել, ինչն առանց նրա բացառվում էր. Յուրան մինչ այդ մեր բոլոր հավաքույթների նախաձեռնողն ու կազմակերպիչն էր եղել: Երկարատև բաժանումից հետո շատերս առաջին անգամ պիտի հանդիպեինք: Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժշկի միջոցով նրան լուր ուղարկեցինք, խնդրեցինք անպայման փոխանցել, որ եթե չգա, իր տեղում մեծ քար կդնենք /Յուրայի մտահղացմամբ, երբ մեր ընկերներից մեկը որևէ հանդիպման չէր գալիս, որպես պատիժ, նրա փոխարեն քար էինք դնում/: Երկու օրից հավաստիացում ստացանք, որ անպայման ներկա կլինի. Նա իր որևէ խոստում երբեք չէր դրժում:

Կեսօրին համադասարանցիները սկսեցին հավաքվել դպրոցի բակում, գիտեին, որ Յուրան ազատամարտի նվիրյալ էր դարձել և առաջին հերթին հետքրքրվում էին՝ նա մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ: Միջոցառումն առանց նրա մի տեսակ տխուր երանգ ուներ, իսկ խնջույքն ավելի շատ խոսք ու զրույցի էր նման, երբ երեկոյան ժամը իննին դուռն անսպասելիորեն բացվեց, և սենյակը ցնծաց, երբ կիսաբաց դռնից երևաց նրա գլուխը: Մեղավոր հայացքով նայում էր մեզ` անկրկնելի ժպիտը դեմքին:

-Տղե՛րք, լոխ լավա,- ձեռքերը վեր պարզելով նախ ողջունեց ու հերթով ողջագուրվեց, ապա կատակի տվեց,- վստահ եմ, որ իմ տեղը քար չեք դրել… Ոչ մեկը տուն չի գնալու, մինչև լույս քեֆ ենք անելու…

Գորիսից միանգամից գյուղ էր եկել, չէր հասցրել նույնիսկ սափրվել: Մեկը մյուսին հերթ չտալով՝ հարցերի տարափ էին սկսել: Շտապեց հայրական տուն ու սափրված ներկայացավ: Սովորության համաձայն իրեն ուղղված հարցերին հակիրճ պատասխաններ էր տալիս. շատախոսությունը զավզակություն էր համարում, իսկ հետո առաջնորդի դերը ստանձնեց, և խնջույքն անմոռանալի տոնի վերածեց: Դրսում ծխելու պատրվակով մի պահ առանձնացանք, հապշտապ, մի քանի խոսքով պատմեց, թե իրենց ջոկատն ինչով է զբաղված: Ավելի իմանալու հայացքիս չդիմացավ ու խաղաթղթերը բացեց.

-Ինչ ասեմ, պարզվում է` գլուխս կարգին գին ու արժեք ունի, թուրքը գլխագինս մեկ միլիոն ռուբլու է հասցրել,- հերթական գլանակը հանգցնելու հետ ասաց հումորի զգացողությունը երբևէ չկորցնող Յուրան: -Անհոգ մնա, անորսալի վրիժառու ընկերոջդ համար թուրքը դեռ գյուլլա չի տաշել… Չնայած խոստացա, բայց մինչև լուսաբաց մնալ չեմ կարող, ջոկատում ինձ սպասում են, պիտի ետ գնամ…

Մի քանի ժամով էր եկել և հասցրեց շատ բան պատմել Արցախում իր ջոկատի կատարած պատժիչ գործողությունների, մղած ինքնապաշտպանական մարտերի, պարտիզանական կռիվների մասին: Առանձնապես տպավորվել էր արցախցիների աննկուն կամքից ու հայրենասիրությունից /«Օր-օրի ինձ համար մի նոր բան եմ հայտնագործում ու համոզվում, թե ինչու են նրանք այդ աստիճան նվիրված իրենց հայրենի հողին և ոչ մի թիզ չեն զիջի»/: Ոչ մի կասկած չունեի, որ Յուրան ինքնամոռացության աստիճան նվիրվել էր ազգային ազատագրական պայքարին և նրան ետ կանգնեցնել այլևս անհնար էր… Կեսգիշերն անց զինակից ընկերների հետ ճանապարհ ընկավ: Ի ուրախություն ինձ, մինչ օրս պահպանել եմ բացառիկ հուշեր արթնացնող այդ միջոցառման տեսաժապավենը, ուր տեսագրված է նաև ազգի նվիրյալի ինքնատիպ պարը…

…Շուշիի ազատագրումից հետո տեղական նշանակության մարտերը մնացել էին ետևում: Անառիկ ամրոցը կորցնելու մտքի հետ չհամակերպվող թշնամին նոր ուժերով լայնածավալ հակահարձակման էր անցնել ռազմաճակատի ամբողջ երկայնքով` ձգտելով կորցրած ետ բերել ու Ստեփանակերտ մտնել: Կատաղի մարտեր մղող հայկական կամավորական ջոկատները ստիպված էին նահանջել` ցավալի կորուստներ կրելով: Դրությունն իրապես օրհասական էր: Կարճ ժամանակում վերախմբավորումներ կատարելով և օգնական ուժերը ստանալով` Պաշտպանության պետական կոմիտեն թշնամու առաջխաղացումը կասեցնելու հրատապ քայլերի դիմեց:

Շահումյանի ու Մարտակերտի կորուստներից և Լենինավանում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ «Արաբո», «Արմավիր» և «Զեյթուն» ջոկատների մեծաթիվ ազատամարտիկներ շրջապատման մեջ էին ընկել և անհայտ էր նրանց ճակատագիրը, Յուրան գյուղ էր եկել ընկերոջ` կապի ծառայության պետ, վաղամեռիկ Արթուր Փափազյանի /Ա. Փափազյանը հետագայում գեներալ-մայորի կոչման արժանացավ/ հետ: Մարտակերտը Յուրայի հոգու վերքն էր դարձել, նա չափից ավելի տխուր և մտահոգ էր, ծանր էր տանում հատկապես հավատարիմ զինակիցներից մայիսյանցի Այվազ Թահվերդյանի կորուստը: Իմ այն հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, որ շրջապատման մեջ հայտնված և անհետ կորած մարտիկները կապի միջոցներ չեն ունեցել, Արթուրը վիրավորանքը թաքցնել չկարողացավ.

-Եթե հետայսու քո ներկայությամբ որևէ մեկը նման ստորություն կանի, կեղծիք կտարածի, խնդրում եմ, իմ իսկ բառերով կասես, տվա՛ր, եթե չէին ունեցել, բա Արթուրից ստացած ճապոնական արտադրության սարքերը երկու օր անց ինչպես հայտնվեցին Բաքվում ու հեռուստատեսությամբ ցուցադրվեցին: Չեմ հասկանում, ինչու են ճշմարտությունը խեղաթյուրում,- պոռթկաց Արթուրը:

Չէի կարող թերահավատորեն ընդունել մարտական գործուղությունների անմիջական մասնակիցների` հավատ ներշնչող խոսքը: Յուրան, ջոկատների հետ կատարվածի լուրն առնելուն պես, ի թիվս այլ ջոկատների, զինակիցների հետ նույնպես շտապել էր Լենինավան: Հայկական ուժերն ավելի քան երեք ժամ կատաղի մարտեր էին մղել, բայց կարողացել էին զոհված տղաներից մի քանիսի դիակները դուրս բերել միայն:

-Շուշիի ազատագրումից հետո հավանաբար մենք նման կատաղի մարտ չէինք մղել: Ոչինչ չէի նկատում, կրակոցների ու արկերի ձայնից ասես խլացել էի: Ճիշտ է, ամեն մի մետր առաջ գնալը մեծացնում էր օգնության հասնելու հույսը, ինչ-որ պահ մեր և ազերիների միջև ընդամենը երեսուն մետր տարածություն էր մնացել, բայց առաջ գնալ անկարող էինք: Թուրքերը մեր տղաներին ծուղակն էին գցել: Կռվին երկու կողմից մեծաթիվ ուժեր և ռազմական տեխնիկա էր մասնակցում, սակայն ի վերջո ետ քաշվելու հրաման ստացանք, երբ համոզվեցինք, որ մեր տղաներից ոչ մեկը կենդանի չէր մնացել, իսկ նոր զոհեր տալն անմտություն էր, առավել ևս, որ ուժերն իսկապես անհավասար էին,- ընկերների կորստյան ցավը դժվարությամբ զսպող ու քչախոս Յուրան առաջին անգամ իր մասնակցությամբ մարտական գործողությունը չափից ավելի մանրամասնեց: -Մինչև Մարտակերտը ետ չվերցնենք, ես հանգիստս չեմ վերագտնի: Անառիկ Շուշին գրաված զինվորը չի կարող հաշտվել Մարտակերտը կորցնելու և Արցախի հայաբնակ գյուղերի շուրջ օրեցօր սեղմվող ազերիների օղակի առկայության հետ: Մենք հաղթանակը զոհերի գնով ենք ձեռք բերել….

Ժամանակն ապացուցեց Յուրայի և Արթուրի խոսքերի ճշմարտացի լինելը: Տասնամյակներ անց միայն Լենինավանում տեղի ունեցած ցավալի ողբերգության մասին ճշմարտությունը ժողովրդին ու զոհվածների հարազատներին հայտնի դարձավ:

Յուրան, բարկությունից զատ, չափազանց վիրավորված էր, ինչն ակնհայտ երևում էր խոհուն աչքերից: Ըմբոստ հոգին ալեկոծվել ու փոթորկվել, զգում էի, որ դառնությունը դատարկելու ցանկություն ունի: Խոստացավ հաջորդ անգամ առանձին փակագծեր բացել: Հանդիպումը չուշացավ, ինչն ինձ նաև չափազանց տարօրինակ թվաց. Արցախում իսկապես օրհասական օրեր էին, ռազմաճակատի բոլոր ուղղություններով թշնամին համառորեն առաջ էր շարժվում: Կարծում էի, թե նվազագույնը մեկ ամսից կհանդիպենք, սակայն Արցախ մեկնելուց մի շաբաթ անց դարձյալ գյուղում էր, վերստին մտահոգ ու անտրամադիր: Հպանցիկ ակնարկեցի, թե հիմնավոր կասկածներ ունեմ, որ ինչ-որ բան այն չէ, որ արդեն մարտական փառավոր ուղի անցած, Շուշիի առաջին պարետ նշանակված, իսկ կարճ ժամանակ անց նաև նոր նշանակում ստացած «Կոմբատը» /Արցախում ինքնապաշտպանական ուժերի վաշտերը միավորել և առաջին գումարտակն էր ստեղծվել` նրան նշանակելով հրամանատար, որտեղից էլ ծնունդ էր առել ծածկանունը/ ակնհայտ հիասթափված ու հուսալքված էր, ասես զենքերը ժամանակից շուտ վայր դնելու մտադրություն ուներ, ինչն անհավատալի էր:

Չափազանց տխուր աչքերում լույսի շողեր նշմարվեցին: Երկրորդ բաժակ օղին դատարկեցինք, նոր գլանակ հանեց ու անթարթ հայացքով ինձ նայեց:

-Մի՞թե ես դասալիքի եմ նման… Երբեմն այնպիսի շիլաշփոթ է ստեղծվում, որ գլուխ հանել չես կարողանում: Արտաքուստ ամենքն էլ ազնիվ նկատառումով են զենք վերցրել, բայց այնտեղ իրականությունը բոլորովին այլ է: Պարզապես ջուր պղտորողներն ամեն քայլի ոչ միայն ոտքի տակ են ընկնում, այլև թիկունքից հարվածում են ու դավեր հյուսում: Ռազմի դաշտում ուրիշ է, գիտես, թե ո’վ է թշնամիդ, նրան պատժելիս ոչ մի վայրկյան չես վարանում, մինչդեռ մեր մեջ եղած թշնամին ավելի նենգ է ու ստոր, իսկ նրա պատիժը որոշելիս չափից ավելի երկար ես մտածում: Մի կարծիր, թե կռվի դաշտում ենք ու չգիտենք, թե այստեղ ինչ է կատարվում, նողկալի է, այստեղի բարքերն այնտեղ էլ են հասել:

Կռվողը զենքը գրկած է քնում, քուն ու դադար չունի, մինչդեռ վառոդի հոտ չզգացած ասֆալտի ֆիդայիներն այնտեղ համատարած թալանով ու դիակապտությամբ են զբաղված, ընչաքաղցությունը կուրացրել է նրանց: Հասկանում ես, խելագարվել կարելի է, ազերիներին ետ ենք շպրտում որևէ բնակավայրից, մեր զենքի ու զինամթերքի պաշարն ավելացնում, նոր դիրքեր գրավում, իսկ մինչ այդ մեր ետևից եկող ետնապահ ուժերը… ենիչերների նման թալանում են ամեն ինչ, նրանցից ոչ մի բանով չեն տարբերվում: Եթե ուրիշն ասեր, հաստատ չէի հավատա… այս քոռ աչքերով եմ տեսել… Թուրքի հետ հարցերը լուծելուց հետո նման թուրքացած հայերից պիտի բացատրություն պահանջենք, ովքեր այն աստիճան են լկտիացել, որ այստեղ իրենց ազգի հերոսներ են հռչակել ու թվացյալ սխրանքներ են իրենց վերագրում, մինչդեռ ճակատային գծից տասնյակ կիլոմետրեր հեռավորությունից են մարտերին հետևում: Այդ կարծիքի են շատ ջոկատների հրամանատարներ ու նվիրյալ զինվորներ և նրանք իրավացի են, երբ պահանջում են սրիկաներին հենց սրիկա պիտի անվանել ու նրանց այլանդակությունների դեմն առնել, այլապես վաղը հաղթանակն էլ իրենց կվերագրեն,- բարկությունը չթաքցնելով խոսեց նա:

Մտահոգությունն ու ցավը միանգամայն հասկանալի էին. անձամբ քանիցս էի տեսել, թե ովքեր և ինչպես էին թալանվածը բեռնատար մեքենաներով Հայաստան հասցնում: Մարդկանց աչքից ոչինչ չէր վրիպում, բացի այդ, ավելի խայտառակ պատմություններ էլ էին պտտվում, որոնց ճշմարտացիությանը մինչ այդ կասկածանքով էի նայում: Չէի հավատում, որ դիակապտողների արարքից այդ աստիճան կարող էր հիասթափված լինել:

-Չփորձես համոզել, թե լոխ լավ ա,- հարցս ճիշտ նպատակակետին էր ուղղված:

Ստիպված էր հոգու դառնությունը մասամբ դատարկել, փոքր-ինչ թեթևանալ, ինչից ոչ միայն ապշել էի, այլև քարացել: Խռպոտ ձայնով պատմեց, որ բարձրաստիճան և ազդեցիկ պաշտոնյաներից մեկը մտերմիկ առանձնազրույցի է հրավիրել, ապա նրբանկատորեն հասկացրել է տեղափոխվել Երևան` առաջարկելով Լենինականի գարեջրի գործարանի տնօրենի կամ Աբովյանի քաղաքապետի պաշտոնների միջև ընտրություն կատարել և երեք օր ժամանակ տվել պատասխանի համար: Թերևս մեկ ուրիշը միգուցե առանց երկմտելու համաձայներ, մինչդեռ Յուրան… ոչինչ չէր պատասխանել, պարզապես քամահրանքով նայել էր տգետ զրուցակցին, ոտքի էր կանգնել ու հանդիպումն ավարտած համարել:

Այլ բան չէր մնում անել, քան խորը հոգոց քաշել և օղու հերթական բաժակը լցնել: Կեսգիշերը վաղուց էր անցել, իսկ մենք դեռ շարունակում էին զրուցել: Մեր յուրաքանչյուր հանդիպմանը ես նրան նորովի էի ճանաչում ու փորձում հոգու տագնապները մեղմացնել: Առաջին անգամ անզորությունից անհարմար զգացի ու երկար ժամանակ չէի կարողանում նրա թախծոտ ու հոգնած աչքերին նայել և ինչ-որ խորհուրդ տալ: Ինչ կարող էի ասել սրտակից բարեկամիս, ով ավելի քան երկու տարի կնոջը և մանկահասակ երեխաներին թողել, արյան կանչով զենք էր վերցրել, կյանքը հայրենիքի փրկության զոհասեղանին էր դրել, զրկանքների դիմացել, բազում արհավիրքների ու փորձությունների միջով անցել, կորցրած ամեն մի զինակցի համար ցավից խուլ տնքացել, կուչ էր եկել ու երդվել անպայման վրեժ լուծել, ավելին քանիցս մերժել էր առաջին հերթին Թամարա մայրիկի` զենքը ցած դնելու և ետ վերադառնալու հորդորները, որից հետո ոչ ոք նրա հետ այդ թեման չէր շոշափում: Երկար ժամանակ լուռ ու անթարթ հայացքով միմյանց էինք նայում…

ՈՒԽՏԻ ԶԻՆՎՈՐ ԷՐ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, որը մարտի նետվելիս երբևէ հարազատ զինակիցների թիկունքների ետևում չէր թաքնվում, այլ նրանց գրոհի էր առաջնորդում, իսկ մարտի դաշտը լքում էր ամենավերջինը, երբ համոզվում էր, որ զինվորներին այլևս վտանգ չի սպառնում, ով մինչ այդ մասնակցել էր բազում ծանր մարտերի ու փոքրաթիվ զոհերով հաղթանակ կերտող հրամանատարի համբավ ուներ, ով ցավն ու վիշտն անասելի դժվարությամբ էր թաքցնում, մեկուսանում ու ազատություն էր տալիս զգացմունքներին, երբ զինակցի մահն էր տեսնում, հարկ եղած դեպքում կյանքը վտանգում էր, մեն-մենակ դիմակայում թշնամուն, ապահովում ընկերների անվտանգ նահանջը կամ վիրավոր զինվորին մարտի դաշտից դուրս բերում, ով բնավ չէր կարողանում մոռանալ իրենց բնակավայրերը հարկադրաբար լքող ու դեպի անորոշություն քայլող արցախահայերի` «Կոմբատ Յուրային» ուղղված հավատով լի հայացքները, ով երազում էր, որ մոտ ապագայում անառիկ Շուշին պիտի հռչակվեր Արցախի Հանրապետության մայրաքաղաք, և առաջին ինքն էր ընտանիքին տեղափոխելու իր բնակարան, իսկ հետո նվիրական երազանքներից հերթականն էր իրականություն դարձնելու` վիրավոր Մարտակերտն անպայման ազատագրել…

 Շարունակելի

Վաչիկ Ղազարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930