Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այդ ժամանակ մեռա…». Վարդան Ավետիսյանը հիշեց, թե ինչպես է 92-ին զինվորի դին հանձնել մորը

Ապրիլ 04,2019 21:21

«Այդ տարիներին յուրաքանչյուրս պատրաստ էինք կյանքը դնել զոհասեղանին՝ հանուն հայրենիքի: Շատ դրվագներում մենք «մահացել» ու վերակենդանացել ենք: Մարմնական մահը կարեւոր չէ, հոգեւոր մահն է ավելի սարսափելի»,-Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում այսօր ապրիլյան ռազմական գործողություններում հերոսացած հայորդիներին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:

Նա մի դեպք պատմեց, որը եղել է 1992թ. հունիսին. «Մոնթեն ինձ ուղարկեց Ճարտար գյուղ՝ տղաներին հավաքագրելու: Թուրքերը հարձակվել էին, պետք է ճակատ գնայինք: Գիշեր էր: Մեկ առ մեկ տների դռները ծեծում էի: Տղաներից մեկի մայրը դուրս եկավ, հագուստիցս բռնեց ու թափահարեց՝ ասելով՝ «ի՞նչ ես ուզում այ բալա, տղաս նոր է ամուսնացել, հարսի երես չտեսավ՝ երրորդ օրը տարաք «պոստեր», հիմա էլ նորից, թե՝ թուրքերը հարձակվել են, նորից եք տանում…»:

Վարդան Ավետիսյանի պատմելով՝ ինքը բացատրել է մորը, որ որդու մեկնումն անհրաժեշտություն է. «Դժբախտաբար, որդին զոհվեց: Մարմինը պետք է տանեինք տուն: Երբ մի քանի ընկերով մարմինը հասցրինք տուն, մայրը դուրս եկավ, նայեց աչքերիս…ես այդ պահին մեռա…նրա աչքերին նայելը, նրա մղկտոցը լսելը կրկնակի մահ էր…Ես ինձ մեղավոր չէի զգում, որովհետեւ որդու կողքին էի, կարող էի ես էլ զոհվել, բայց ճակատագրից չես կարող խուսափել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930