Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ոչինչ չենք խնայելու մարդկանց հայրենիք վերադարձնելու համար եւ շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը. Տավուշի մարզպետ

Ապրիլ 04,2019 16:20

«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, եւ նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար եւ շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը:

Առաջին գյուղը, որին անդրադառնալու ենք, Կրասնոդարից ավելի քան 250 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղ է, որտեղ ապրում են 500-ից ավելի չինարեցի ընտանիքներ: Նրանց հայացքն ուղղված է դեպի հայրենիք, որովհետեւ նրանք այնտեղ այնպես չեն ապրում, որպեսզի բավարարված լինեն իրենց ներկայով եւ ապագայով»,-Տավուշ հայրենակցական միության 9-րդ համագումարում այս մասին հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա նշել է, որ Տավուշի զարգացումն առանց բազմահազարանոց տավուշցիների, որ ճակատագրի բերումով գտնվում են Հայաստանից դուրս, հնարավոր չէ։ «Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, ուղիղ կապված է արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ։ Նրանց ստեղծարար ձիրքը պետք է օգտագործենք մեր երկրում նորանոր ծրագրեր իրականացնելու համար»,-ասել է մարզպետը։

Հայկ Չոբանյանը նշել է նաև «Տավուշ» հայրենակցական միության վերագործարկման անհրաժեշտության մասին։

«Մենք մեր շարքերում պետք է ունենանք երիտասարդ մարդիկ, որոնք իրենց ուսերին կտանեն «Տավուշ» հայրենակցական միության վերագործարկումը, ինչ որ տեղ՝ նաեւ հաճույքը, եւ ինչ որ տեղ՝ նաեւ հպարտությունը։ Հերիք է՝ նման կառույցները ծառայեցնենք քաղաքական նպատակների, ինչպես նախկին ժամանակներում։ Հենց այդ պատճառով շատերը չեն մասնակցել միության աշխատանքներին, այն համարելով քաղաքական կառույց։ Ոչ, այն քաղաքական կառույց չէ։

Եթե մենք ուզում ենք վաղը բաց ճակատով մտնել մեր հայրենիք, պետք է գնանք գործերի համար, լավ գործեր հայտարարելու համար, խնդիրները հաղթահարելու համար, ոչ թե խորոված ուտելու համար։ Հայրենիքն այլեւս խորոված ուտելու տեղ չէ»։

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930