Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 1-ից շուրջ 25 հազար նոր սուբյեկտներ պարտավոր էին տեղադրել ՀԴՄ-ներ։ Պարզ չէ՞, որ դա պետք է հանգեցներ ՀԴՄ կտրոնների թվի ավելացման. «168 ժամ»

Ապրիլ 04,2019 12:56

«2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն։ 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թիվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է»,- գրում է կառավարության ղեկավարը։

Շատ լավ։ Բայց դա անելուց առաջ ճիշտ կլիներ, որպեսզի վարչապետն ասեր, թե այս տարի քանի՞ նոր ՀԴՄ սարք է ներդրվել տնտեսվարողների մոտ։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից շուրջ 25 հազար նոր սուբյեկտներ պարտավոր էին տեղադրել ՀԴՄ-ներ և դրանցով անցկացնել իրենց շրջանառությունները։ Պարզ չէ՞, որ դա պետք է հանգեցներ ՀԴՄ կտրոնների թվի ավելացման, ի՞նչ զարմանալու բան կա դրանում։ Եթե անգամ ընդունենք, որ նախատեսված 25 հազարից միայն 10 հազարն է սկսել ՀԴՄ կիրառել, ապա այն թվերը, որոնք հայտարարում է վարչապետը, ամենևին էլ ոգևորող չեն։

Ատացվում է, որ, ասենք, մարտին տեղադրված նոր ՀԴՄ սարքերից յուրաքանչյուրով տրամադրվել է միջինն օրական 20-25 կտրոն։ Շա՞տ է, թե՞ քիչ, դատեք ինքներդ։

Եվ հետո, կարևորը ոչ այնքան կտրոնների քանակն է, որքան արձանագրվող գումարը, որի մասին ոչինչ չի խոսվում։ Կտրոնների թիվը դեռ ոչինչ է, եթե դրանից շրջանառությունները չեն ավելանում։ Միշտ էլ կարելի է, ենթադրենք՝ 10 հազար դրամ առևտուրն արձանագրել 5 կամ 10 կտրոնով։ Պարզ է, չէ՞, որ դրանից բյուջեի մուտքերը չեն ավելանում, չնայած ՀԴՄ կտրոնների թիվը 10 անգամ աճում է։

Բանը հասել է այնտեղ, որ վարչապետն անգամ լսված բողոքարկումների ավելացման մեջ է սկսել դրական բան փնտրել. «ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն կեսից ավելին, բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը)։ Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների և գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլև էականորեն բեռնաթափում է դատական համակարգը»։

Արդյո՞ք լսված բողոքների թվի եռապատկումը վկայում է, որ գործարար միջավայրի փոխվստահությունն ավելացել է։ Իսկ գուցե շատացե՞լ են այն հարկատուները, որոնք դժգոհ են հարկայինի աշխատանքից։

Ի վերջո, ստացվում է, որ նախորդ տարվա համեմատ բողոքներն ավելացել են։ Իսկ որ դրանց կեսից շատը բավարարվել է, հիմք չէ գործընթացը դրական գնահատելու համար։ Ըստ էության, այդպես է եղել նաև նախկինում։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930