Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերացական ճշմարտություններ

Ապրիլ 04,2019 10:00

Այն, որ մեր կյանքը կարիք ունի արմատական բարեփոխումների, եւ մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը դրա համար լավ հիմքեր է բացել, դրա հետ, կարծես, մեր հասարակության ճնշող մեծամասնությունը համաձայն է: Եվ դա նորմալ է: Նորմալ չէ, որ տարբեր ոլորտների մասնագետները հաճախ խոսում են ընդհանուր, վերացական ճշմարտություններից, որոնց հետ դարձյալ բոլորը համաձայն են, բայց դրանից գործն առաջ չի գնում:

Իմ զրույցները քաղաքագետներից, տնտեսագետներից կամ իրավաբաններից շատերի հետ նման են հետեւյալ հիպոթետիկ իրավիճակին: Ենթադրենք, ես գնում եմ բժիշկ-դիետոլոգի մոտ եւ նրանից խորհուրդ եմ հարցնում՝ ի՞նչ պետք է անեմ, որ չգիրանամ: Բժիշկն էլ, բնականաբար, կպատասխանի, որ չպիտի ուտեմ թխվածք, շոկոլադ, չիր, քաղցր շարոց, մուրաբա, ընդեղեն, այսինքն՝ այն ամենը, ինչ ես սիրում եմ: Բայց ես առանց դիետոլոգի էլ գիտեմ, որ նշված բարձր կալորիականությամբ մթերքները նպաստում են գիրությանը: Հարցը, հետեւաբար, այն է, թե ինչ պետք է փոխվի իմ մեջ, որպեսզի ես անցնեմ բացառապես առողջ սնունդի:

Տնտեսագետն ասում է՝ տնտեսական աճը պետք է կազմի տարեկան առնվազն 10 տոկոսից ավելի եւ լինի «ներառական», ներդրումները պետք է կազմեն այսքան միլիարդ դոլար, ստվերը պետք է էապես կրճատվի, արտահանումը մեծանա, հարկերը լավ հավաքվեն եւ այլն: Բայց մի՞թե պետք է տնտեսագետ լինել այս ամենը հասկանալու համար: Ինձ թվում է, այդ «դեղատոմսերը» հայտնի են ցանկացած քաղաքացու: Ինչպե՛ս է պետք դա անել՝ սա է հարցը: Ներկայիս իշխանամետ քաղաքական գործիչներն ասում են՝ տնտեսությունը չէր զարգանում, որովհետեւ նախկին իշխանավորները գողանում էին: Ընդունենք, որ այդպես է: Բայց այսօր էլ տնտեսական ցուցանիշները, որքան հասկանում եմ, այնքան էլ տպավորիչ չեն: Եթե հիմա չեն գողանում, ուրեմն պատճառներն ավելի խորն են:

Իրավաբանն ասում է՝ դատավորները պետք է անկախ եւ անկաշառ լինեն: Ո՞վ կարող է դրա հետ վիճել: Բայց այդ պարզ արձանագրման միջոցով դատավորները չեն փոխվի: Ինչո՞ւ են նրանք կախյալ՝ դա է հարցը: Հեղափոխականները պնդում են, թե պատճառն այն է, որ նախկին իշխանությունները դատավորների վրա «կոմպրոմատներ» ունեն, եւ վերջիններս այդպիսով պարտավորված են կատարել «նախկինների» կամքը: Հակահեղափոխականներն էլ, հակառակը, վստահ են, որ դատավորները կախյալ են այն պատճառով, որ իշխանավորները նրանց բացահայտ սպառնում են, իսկ իշխանամետ հսկայական զանգվածը ճնշում է: Ենթադրում եմ, երկու գործոններն էլ գոյություն ունեն: Բայց ոչ ոք չի ասում, թե ինչպես է հնարավոր դատավորներին ազատել այդ երկու ազդեցություններից: Գուցե հիպնոսո՞վ փոխենք նրանց մտածելակերպը:

Այդ թեմայով դիպուկ խոսք ունի Պարույր Սեւակը. «Ա՜խ այդ անվերջ «պիտի»-ն վերջ ունենա՞ պիտի»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Ա՜խ այդ անվերջ «պիտի»-ն վերջ պիտի՞ ունենա»:
    Այո՛:

  2. Հ.Շ. says:

    Բայց… նոյնիսկ վերացական մակարդակի վրայ, շատ մը քարոզուող «ճշմարտութիւններ» վիճելի են: Մակերեսային, պարզունակ, անճիշդ հիմունքներով: Վերացական բովանդակալից ծրագիր մը իսկ չկայ, որ կարելի է գործի վերածել:

    ( Ի դէպ, ընդեղէնը չի գիրացներ: Չիրն ալ, ոչ այդքան – եթէ մէջը շաքար չէ աւելցուած – :   )

    • Հ.Շ. says:

      Յ. Գ. 1 Սխալ չհասկցուինք: Եթէ իսկապէս եւ երկար տեւողութեամբ, մեծ թիւով հայաստանաբնակ հայաստանցիների համար, գոյացած նոր մթնոլորտին մէջ՝ աւելի հանդուրժելի, տանելի կամ նոյնիսկ հաճելի է իրենց վիճակը, այդ ալ քիչ բան չէ: Եւ նախընտրելի է որ այդպէս լինի, յաջորդող հինգ տարիների ընթացքին, որպէսզի նորէն անճոռնի խլրտումներ տեղի չունենան: (Վնաս չունի եթէ ձեւով մը անարդար է նախկին վարչակարգի լաւ տարրերին համար, ինչ անենք, իրենք ալ իրենց վախտը, ներքին ճակատի վրայ, քիչ մը աւելի ճկուն ու ճարպիկ թող ըլլային: )

  3. Լավատես says:

    Այն ինչ կատարվում է, կատարվում է աստծո ցանկությամբ, միշտ չի, որ մարդու ցանկությունը համընկնում է աստծո ցանկության հետ՝ եթե մարդ օգտագործում է իր աստվածային շնորհքի հինգ տոկոսը, ապա աստված օգտագործում է իր շնորհքի հարյուր տոկոսը, այնպես որ ՝պիտի՝ ների միայն հինգ հարյուրերորդական մասն է միայն կատարվում, հանճարների մոտ այդ տոկոսը մի քիչ ավելի շատ է, ախր, եթե մենք մեր հայ կրոնն ունենայինք ու հայավարի պաշտեինք մեր աստծուն, մեր ցանկությունները կհամընկնեին աստծո ցանկությունների հետ, այլ ազգերին էլ կսովորեցնեինք ինչ է ազգային կրոնը, որ նրանք էլ երջանիկ ու աստծո ընտրյալներ դառնան: Այն ազգերը, ովքեր ունեն ազգային կրոն, որտեղ նշվում է հենց այդ ազգի անունը, այդ ազգերն իրավունք ունեն կոչվելու աստծո ընտրյալ ազգեր, իսկ մյուս ազգերը, ովքեր չունեն ազգային կրոն, պետք է ծառայեն աստծո ընտրյալ ազգերին: Դե թող մի քիչ մռմռա, որ այդ ուղղությամբ էլ ուղեղներս շարժենք:

  4. Հ.Շ. says:

    Յ.Գ. 2 Անունիս վերեւ նշուած սկզբնատառերի վրայ սեղմելով, հեշտօրէն հնարաւոր է ինքնութեանս տեղեկանալ: Այնպէս որ, եթէ ԱԱԾ-ն կ’ուզէ մուտքս արգիլել Հայաստան, իսկապէս խնդիր չունիմ, խօսք կու տամ որ չեմ բողոքեր անգամ, նոյնիսկ կը խնդրեմ որ արագ շարժի, որպէսզի ես ալ գոնէ, վերջապէս, ուրիշ տեղ մը կարենամ արձակուրդի երթալ ընտանիքիս հետ, կանխայայտ շնորհակալութեամբ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930