«Ոգին ավելին է, քան՝ զենքը». Վազգեն Սարգսյան
Մարտյան ուշագրավ քննարկումներից էր ՀԳՄ կլոր սեղանի շուրջ տեղի ունեցած գրող, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանի երկրորդ՝ լիավարտ «Սպարտակ» վավերագիրքը, որը նվիրված է ամենատարեց արծիվ-մահապարտ Սպարտակ Մաթեւոսյանին: Տարեսկզբին վիպասքը ՀԳՄ եւ ՊՆ ամենամյա մրցանակաբաշխության արձակ անվանակարգում արժանացավ 1-ին մրցանակի:
Ներկայացնենք քննարկման դրվագներից.
ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյան.- Այս գիրքը ե՛ւ Սպարտակի մասին է, ե՛ւ Արցախյան ազատամարտի ընթացքի մանրամասների: Գրողական գրիչը հաղթահարել է լրագրողականին: Շատ հուզական դիպվածներ նկարագրված են գեղարվեստորեն: Բոլորն էլ ողջունում են, որ ՀԳՄ-ն անդրադառնում է Արցախի ազատագրական պայքարին: Կամավորների հետ ունենք փոխհամագործակցության կանոնակարգ: Ներկայացված է մեր ազատամարտը եւ պիտի ներկայացվի: Մարդիկ հայրենիքի փրկության համար են իրենց կյանքն ու կամքը, վճռականությունը ներդրել… Գրիգոր Ջանիկյանի գիրքը պատմություն է՝ հսկա մի մատյան, ուղերձ՝ գալիք սերունդներին:
Կարդացեք նաև
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյան.- Օրհասական էր վիճակը: 500 մահապարտից ընտրվեց 375-ը, որոնց մեջ էր նաեւ ամենատարեց մահապարտը (53տ.), գրքի հերոս Սպարտակ Մաթեւոսյանը: Արծիվ-մահապարտների հետ էին գրչի զինվորներ Սամվել Շահմուրադյանը, Գագիկ Գինոսյանը, Հարություն Բարսեղյանը, Սեյրան Աթանեսյանը, Գագիկ Յոլչյանը… Հողն ուժով է նվաճվում: Դիվանագիտությունը պիտի կարողանա պահպանել զինվորի արյամբ ձեռք բերված նվաճումը: Մենք գիտենք Գր. Ջանիկյանի հերոսներին, նրանք մեր կողքին էին…, եւ նրանց արածն անգնահատելի է: Գրողը պիտի գնահատի հերոսին, թե չէ կռվողն իր մասին ի՞նչ ասի: Գրող Գեւորգ Դեւրիկյանն ասում էր. «Վարդանս չկա, ո՞ւր է գնացել…»: Պարզվում է՝ պատերազմ է գնացել… Այդպիսին պիտի լինի հայրենիքի նվիրյալը: 78 տարեկանում Սպարտակը եւս մասնակցեց ապրիլյան պատերազմին:
Այս գրքի խորհուրդը պապի եւ թոռան խնդիրն է, սերունդների խնդիրը… Սպարտակը 5 դուստր ունի… Դուստրերը տղա թոռներ պարգեւեցին նրան: Նա ճիշտ տեղ է նախանշել նրանց սպասելու՝ Արարատ լեռան լանջին:
Արձակագիր Ալիսա Հովհաննիսյան.- «Սպարտակ» գիրքը կարդացվում է հետաքրքրությամբ, առանձնանում գեղարվեստական մտածողությամբ: Հումորն ուղեկցում է գործողություններին՝ հիմնված ականատեսների հավաստի տեղեկությունների վրա: Ուզում եմ անդրադառնալ կոզակական վաշտին. նրանց անձնուրացությանը, նվիրվածությանը… Զոհվում, բայց շարունակում են մարտնչել հանուն արդարության: Հեղինակը հավատարիմ է մնացել լեզվի մաքրությանը:
Պատմաբան, ազատամարտիկ Հակոբ Ասլանյան.- Կա այսպիսի արտահայտություն՝ երբ թնդանոթները խոսում են, գրիչները լռում են… Հենց այդ պահն էր եւ մենք զենք վերցրինք: Մեր պարտքն էր: Արցախյան ազատամարտը ջարդեց պարտվողի մեր կարծրատիպը. հայն իր դեմքը վերագտավ: Դրա լավագույն ապացույցը Սպարտակն ու նրա հերոս ընկերներն են, նրանք՝ ովքեր կռեցին մեր հաղթանակը: Հաճախ նաեւ սեփական կյանքի գնով: Փառք ու պատիվ նրանց: Պատերազմը դեռ չի վերջացել:
Գրող Թորոս Թորանյան.- Տաքսի նստա եւ վարորդին ըսեցի՝ դուք Արցախի ազատամարտին մասնակցա՞ծ եք: Ըսավ՝ այո. հիմա էլ թոռնիկս կմասնակցե… Ես Հալեպ ծնված եմ, բայց ինձի կհամարեմ, որ այստեղ ծնված եմ: Եղբայրք, այս գրքի հեղինակին եւ հերոսին կշնորհավորեմ:
Գուսան Հայկազունի.- Ասում եք՝ պաշտպանվող ժողովուրդ ենք, բայց հարձակման ժամանակ էլ հաղթող ենք: Լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Սպարտակը հերոսական կերպար է: Նա օրինակ է ծառայում երիտասարդությանը: Ամեն մարդ արժանի չէ երգի… Գիրքը հուշարձան է Սպարտակ Մաթեւոսյանին:
Ապա երգեց՝ «Ինչքան էլ դժվար լինի, դիմացեք…», «Վաղ թե ուշ Արարատի գլխին դրոշ պիտի դնենք…», «Հայեր, միացեք, միացե՜ք հայեր» երգերը:
Երգիծաբան Հրանտ Հորիզոն.- Ես ու Գուրգեն Լոռեցին առաջիններից ենք եղել, որ առաջին գրքի մասին (Գ. Ջանիկյան, 2017թ.) արձագանքել ենք ԱՄՆ-ում լույս տեսնող «Համայնապատկեր» հանդեսում (գլխ. խմբ.՝ Սարո Գյումրեցի):
Հորիզոնն ինչպես միշտ, իր խոսքը համեմեց հումորով, որը ժպիտ պարգեւեց քննարկման մասնակիցներին:
Գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյան.- Ողջունելի է այսպիսի գիրքը: Գրողը եւ հերոսը լրացնում են միմյանց: Գրքի արժանիքը կայանում է նրանում, որ դեպքերն ու դեմքերը ներկայացնում է ինքը՝ հերոսը:
Պատմաբան, գրքի հերոս Սպարտակ Մաթեւոսյան.- Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, շնորհակալ եմ հեղինակին: Պատմությունը պետք է սրբագրել: Ժամանակն է հայի հազարամյա մարտնչող ոգին վերականգնելու նոր սերնդի գիտակցության մեջ:
ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
03.04.2019