Նրանց նկատմամբ կիրառվել են խիստ անհամաչափ վարչական միջոցներ ու անհիմն ձերբակալումներ
Ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար այնպիսի փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին:
Հավաքների խաղաղ բնույթը մեծապես կանխեց իրականացվող քաղաքացիական անհնազանդության ընթացքում մասշտաբային բախումների ու բռնությունների վտանգը:
Այս ամենն արձանագրված է Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ:
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա աշխատանքն այդ օրերին արձանագրեց խախտումներ Ոստիկանության գործողություններում:
Մասնավորապես,
- Տեղի են ունեցել վարչական իրավախախտման վարույթում ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների (այդ թվում՝ փաստաբանի և բժշկի մատչելիություն, տեղեկացնելու իրավունք և այլն) կոպիտ խախտումներ: Վարչական ձերբակալման և բերման ենթարկելու օրենսդրական համակարգում առկա են լուրջ խնդիրներ, որոնք ունեն սկզբունքային վերանայման կարիք:
- Բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք Ոստիկանության բաժիններում պահվել են օրենքով նախատեսված ժամկետից ավելի, այսինքն՝ անօրինական: Սա երբեմն պատճառաբանվում էր Ոստիկանության կազմակերպական և մարդկային ռեսուրսների անբավարարությամբ, սակայն դա ոչ մի դեպքում չի կարող արդարացում լինել և պետք է բացառվի:
- Խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառված վարչաիրավական միջոցները, այդ թվում՝ վարչական ձերբակալումներն ու բերման ենթարկելը եղել են խիստ անհամաչափ: Իրականում դրանք պետք է ուղղված լինեին խաղաղ հավաքների ազատությանը չարդարացված որևէ միջամտություն բացառելուն, այլ ոչ թե պարզապես մարդկանց հավաքի վայրից մեկուսացնելուն:
- Ոստիկանության բաժիններում անչափահասների նկատմամբ տարվող վարչական իրավախախտման վարույթի շրջանակներում տեղի են ունեցել նրանց իրավունքների կոպիտ խախտումներ, այդ թվում՝ նրանց նկատմամբ վերաբերմունքի ու նրանց ազատությունից զրկելու հարցերում հատուկ ընթացակարգերի բացակայության պատճառով:
- Բազմաթիվ դեպքերով վարչական ձերբակալումը կիրառվել է քրեական գործով վարույթին պարզապես անձի ներգրավվածությունն ապահովելու ու դրանով իսկ բաժնում նրա գտնվելը երկարացնելու նպատակով: Սա խիստ անթույլատրելի մոտեցում է և պետք է բացառել որևէ դրսևորում: Այդ կերպ, փաստորեն, գործել է «վարչական ձերբակալում-վկայի կարգավիճակով անձին նախաքննության մարմնին ներկայացնել-քրեադատավարական ձերբակալում» մեխանիզմը՝ քրեադատավարական պահանջները շրջանցելու նպատակով: