Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Հարցատոմսը մարզպետի թեկնածուն ունեցել է». Ընտրություններ՝ Արտաշատի ԲԿ-ում

Ապրիլ 03,2019 22:15

Երեկ Արտաշատի բժշկական կենտրոնում անցկացված տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմը՝ Հայկ Համբարձումյանը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց մրցույթի մասնակիցներից Տարոն Գասպարյանը. նա  բողոքարկել է մրցույթի արդյունքները. «Մրցույթում հավասար պայմաններ չեն եղել, իմ կարծիքով, հարցատոմսը մյուս թեկնածուն ունեցել է, իմ տպավորությամբ ձեւական մրցույթ էին կազմակերպել ու եթե կարողանային ինձ էլ չթողնեին, ես էլ չէի լինի այդ մրցույթում: Հայկ Համբարձումյանը ջերմ հարաբերություններ ունի մարզպետի հետ… արդար ընտրություններ չեն եղել»:

Պարտված թեկնածուի խոսքով, երբ մարզպետարան էր գնացել մրցույթին մասնակցելու համար իր փաստաթղթերը հանձնելու, խոսակցություններ են իրեն հասել, թե Հայկ Համբարձումյանը մարզպետի թեկնածուն է, ամեն ինչ որոշված է, բայց ինքը, ականջ չդնելով այդ խոսակցություններին, որոշել է պայքարել թափուր պաշտոնի համար. «Մարտի 1-ին բացի թեստերից պետք է տային նաեւ ԲԿ-ի մասին նախնական տեղեկատվություն, որ ես կարողանայի նախնական զարգացման ծրագիրը կազմել: Իրենք ինձ այդ ժամանակ չեն տվել: Ես փետրվարի 28-ին պահանջել եմ, իրենք ասացին, որ այսքան ժամանակ չենք արել, չգիտենք՝ ոնց պիտի տանք, չնայած դրա հետ կապված հրամանը 2011 թվականից է գործել, եւ 3 տնօրեն է փոխվել: Մարտի 15-ին ինձ ուղարկել են կիսատ տեղեկատվություն: Ես նկատել եմ, որ անհարկի ձգձգում էին»:

Տարոն Գասպարյանը մտահոգված է նաեւ, որ մարզպետարանից իրեն խոստացել, բայց չեն էլ տեղեկացրել, թե իր բողոքն ինչ արձագանք է գտել. մրցույթի արդյունքները բողոքարկելուց 24 ժամվա ընթացքում մարզպետը պետք է նոր հանձնաժողով կազմավորի. «Այսօր ժամը 4-ին գնացի մարզպետարան ճշտելու, թե հանձնաժողովը կազմավորվել է, թե չէ, ինձ պատասխանել են, որ դեռ չի կազմավորվել, բայց մինչեւ ժամը 6-ը ժամանակ  ունեն, եթե փոփոխություններ լինեն, կզանգեն, կասեն ու այդպես էլ չզանգեցին»:

Մարզպետարանի պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930