Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ. «Հարկային եկամուտների 55 միլիարդով ավել հավաքագրումը ստվերի կրճատման հաշվին է եղել»

Ապրիլ 03,2019 20:44

Այսօր պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց 2019-ի առաջին եռամսյակի պետական բյուջեի հավաքագրումները: Ըստ այդմ, 2019 թվականի առաջին եռամսյակում բյուջեի հավաքագրումը գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով կամ 4 %-ով:

Ըստ Անանյանի, դիտարկվող ժամանակահատվածում փաստացի հավաքագրվել է 296.5 մլրդ դրամ, սակայն նախատեսված է եղել 285.1 մլրդ դրամ:

Հարկային մարմինները հավաքագրել են 226.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 32.3% -ով ավելի է: Մաքսային մարմինները հավաքագրել են 70.3 մլրդ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 4.1%:  2019 թվականի ընթացքում նախատեսվում է հավաքագրել 1 տրլն 401 մլրդ 875.6 մլն դրամ:

Դավիթ Անանյանը վստահեցրեց՝ 2019-ի հունվար-մարտին 55.5 մլրդ դրամով ավելի հավաքագրված հարկային մուտքերը տնտեսական աճի շնորհիվ չէին. «Տնտեսական աճն այդքան չի, որ ապահովեր այս բացառիկ աճը: Սա համատեղ աշխատանքի արդյունք է՝ ստվերի կրճատման ուղղությամբ: 55 միլիարդը հիմնականում ստվերի հաշվին է կատարված, քան տնտեսական աճի»: Անանյանի խոսքերով՝ այս տարվա ցուցանիշն էլ ՊԵԿ-ը գերակատարելու է ստվերի հաշվին: Նա, սակայն կարծիք հայտնեց, որ հաջորդ տարիներին տնտեսական աճը պետք է լինի գերակշիռ՝  եկամուտների հավաքագրման գործընթացում:

«Մեր բոլորի ուշք ու միտքը տնտեսական զարգացումն է»,-ասաց Անանյանը, վստահեցնելով՝ ամեն ինչ անելու են, որ տնտեսությունը զարգանա, պետք է օգնեն տնտեսվարողներին, որպեսզի հարկերը ճիշտ հայտարարագրեն:

Ներկայացնելով ցուցանիշները, Անանյանը նշեց՝ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսվարողներին վերադարձվել է 26.4 միլիարդ դրամ, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տնտեսվարողներին վերադարձվել է 19 մլրդ դրամ, ցուցանիշը գերազանցում է 7.4 միլիարդ դրամով:

Դավիթ Անանյանն ասաց, որ 2019-ի 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրամադրված ՀԴՄ կտրոնների քանակի աճն  աննախադեպ է. «2019 թվականի միայն մարտ ամսին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավելի ՀԴՄ կտրոն, իսկ 2019 1-ին եռամսյակում նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ, ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թիվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է, որով ապահովվել է 55.1 մլրդ շրջանառություն»:

ՊԵԿ-ի գրանցած ցուցանիշներին էր անդրադարձել նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Անանյանը նաեւ ասաց, որ այս տարվա 1-ին եռամսյակում արտաքին առեւտրով Հայաստան է ներմուծվել 22,426 հատ ավտոմեքենա, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 14,055 հատ մեքենա, աճը կազմել է 8371 հատ մեքենա, կամ 59.6 %:  Ըստ Անանյանի ներկայացրած ցուցանիշների, մեկ ավտոմեքենայի միջին գանձումը 2019-ի 1-ին եռամսյակում կազմել է 432.3 հազար դրամ, 2018-ի 1-ին կիսամյակում մեկ ավտոմեքենայից գանձվել է 675.8 հազար դրամ, իսկ 2-րդ կիսամյակում՝ 517.8 հազար դրամ:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930