Այսօր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը հետաքրքրվեց՝ մամուլի հրապարակումները, թե՝ Դավիթ Անանյան ՊԵԿ աշխատակիցը նախորդ տարեվերջին 4 միլիարդ դրամը գերազանցող ստուգման ակտի մուտք է կատարել, որը օրեր անց չեղարկվել է, ի վերջո ինչպես կմեկնաբանի: Անանյանն այս առիթով ասել էր, թե՝ ստի ու ճշմարտության խառնուրդի հիման վրա հանրությանը սենսացիա մատուցելու մոլուցք էր:
Aravot.am-ի հարցին՝ ո՞ր մասն էր սուտ, ո՞ր մասը ճշմարտություն, Անանյանը պատասխանեց. «Չեմ ուզում նորից անդրադառնալ դրան: Կա տեղեկատվություն եւ ապատեղեկատվություն եւ դրանց ամբողջական ծավալով հանրության մատուցված տեղեկատվությունը: Որեւէ մեկը բացահայտելուց՝ ես բացահայտած կլինեմ նաեւ հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն»:
Մեր դիտարկմանը՝ կառավարությունը խոստացել է թափանցիկ աշխատել եւ հաշվետու լինել, ուրեմն՝ թափանցիկության սկզբունքով՝ ի վերջո ՊԵԿ նախագա՞հն էր այդ գումարի մուտքագրողն ու չեղարկողը, եւ դա ինչ նպատակով էր արվել, Անանյանը պատասխանեց՝ «Եթե ասեմ՝ այո, կստացվի, որ այն մյուսը ճիշտ էր, եթե ասեմ ոչ, կստացվի այն մյուսը սխալ էր»:
Անանյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել, նշելով՝ «Ավել բան չունեմ ասելու, պատասխանեցի այնքան, որքան հարմար գտա»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ