ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, կառավարության և մարզպետարանի աշխատակիցների, «Շարմ հոլդինգ»-ի պատասխանատուների մասնակցությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա շրջանակներում մարզկենտրոն Արմավիրում նախատեսվող տոնական միջոցառումներին վերաբերող մանրամասներ:
Ինչպես գիտենք, ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում հավանության արժանացավ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում էր ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:
Այդ օրը մայրաքաղաք Երևանում և մարզկենտրոններում նախատեսվում են տոնական միջոցառումներ, որոնց նպատակն է ակտիվացնել, զարգացնել մշակութային, քաղաքական, քաղաքացիական կյանքը և Քաղաքացու օրը դարձնել իրական տոն ազգաբնակչության շրջանում:
Ողջունելով տոնական օրվան նվիրված միջոցառումները մարզկենտրոններում, այդ թվում` Արմավիր քաղաքում իրականացնելու գաղափարը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Արմավիրն աշխարհագրական դիրքով մարզի մյուս երկու տարածաշրջանների միջանկյալ հատվածում է, և այդպիսով ազգաբնակչության մասնակցությունը նախատեսվող միջոցառումներին առավել հասանելի կդառնա: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը և վստահեցրել, որ համատեղ ուժերով այդ օրը հնարավոր կդառնա տոնական տրամադրություն ապահովել մարզի բնակչության համար:
Կարդացեք նաև
Արմավիրի մարզպետարան