Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը Քննչական կոմիտեում էր

Ապրիլ 03,2019 18:44

«Տարիներ շարունակ կալանքն ընկալվել է ոչ թե որպես բացառիկ խափանման միջոց, այլ նաեւ օրենսդրության թերի կարգավորումների հետեւանքով տրամաբանությունը եղել է ոչ թե փորձել այլընտրանքային խափանման միջոցները եւ նոր որպես վերջին միջոց դիմել կալանքին, այլ՝ հակառակ մոտեցումը՝ կալանքն առաջին հերթին փորձել,եթե չի ստացվի կալանքը՝ նոր ստիպված անդրադառնանք այլ խափանման միջոցներին»,-այսօր ՀՀ Քննչական կոմիտեում այսպիսի մտահոգություն հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Կոմիտեում տեղի ունեցավ քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ շնորհանդեսը, որի համահեղինակներից է նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրեց ուղեցույցի անհարժեշտությունը՝ նշելով, որ 2019-ին ձերբակալման բողոքարկումներն աճել են.«Միայն հունվար-փետրվար ամիսներին, ձերբակալված 152 անձանց պարագայում, ձերբակալումը բողոքարկվել 21-ով եւ դրանցից 18-ի դեպքում դատարանում ճանաչվել է ոչ իրավաչափ»:

Ուղեցույցի շնորհանդեսին ներկա էր նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Միջոցառման ավարտին պարոն Զեյնալյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ դատարանները շատ ավելի համարձակ են մերժում միջնորդությունները կամ  ճանաչում ոչ իրավաչափ ձերբակալման իրավաչափությունը:

Հարցին, թե մի կողմից բարելավվում են կալանքի հիմքերը, մյուս կողմից շարունակում են ՄԻԵԴ գնալ դիմումներ, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի դեպքում, որը կալանքի տակ է եւ առողջական խնդիրներ ունի, ի՞նչու չեն ընդառաջում, եթե գիտակցում են, որ այդ առումով խնդիր կա, Արտակ Զեյնալյանն ի պատասխան ասաց՝ հարցում հնչեցված գնահատականների հետ համամիտ չէ. «Պետք է տարանջատել կալանքի հիմքերը, եթե կալանքի հիմքերը իրավաչափ են եւ բավարար են, ապա պետք է գնահատել հետեւյալը՝ արդյոք անձի առողջական վիճակը համատեղելի է անազատության հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արդարադատության նախարարին նաեւ հարցրին՝ ինչո՞ւ որոշեցին օգտվել Գեւորգ Կոստանյանի ծառայություններից, ի պատասխան պարոն Զեյնալյանն ասաց՝ պարոն Կոստանյանը իրավաբան է, այս ոլորտում գիտնական է, ունի մեծ փորձ նաեւ որպես պատգամավոր եւ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ ԱԺ ամբիոնից այս խնդիրները բարձրաձայնել է. «Գիտական գործունեությամբ զբաղվելը անձի անձնական կյանքի, իրավունքի բաղկացուցիչ մաս է կազմում, ինքնադրսեւորման, ինքնաարտահայտման: Այստեղ միտում տեսնել, մարդուն սահմանափակել ինքնադրսեւորվել կամ գիտական գործունեությամբ զբաղվել, որեւէ մեկն իրավունք չունի: Հայաստանի հանրապետությունը ազատ երկիր է  եւ Գեւորգ Կոստանյանի գիտական գործունեությունը խրախուսվում է»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930