«Սա ավելի շատ ոչ թե նոր օրակարգ է, այլ ևս մեկ ճակատ, որ իրավական հարթության մեջ փորձենք ապացուցել Արցախի Հանրապետության ձևավորման իրավական հիմքերը միջազգային իրավունքի տեսանկյունից»,- Aravot.am-ի հարցին՝ «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի կազմակերպած գիտագործնական կոնֆերանսին Արամ Սարգսյանի այն հայտարարությունը, թե առաջարկում են բանակցությունների նոր օրակարգ, այդ օրակարգն իրատեսակա՞ն է, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նրա կարծիքով՝ մոտեցումը հետաքրքիր է, քանի որ կա փորձագիտական ռեսուրս, որը տարիներ շարունակ անտեսվել է:
Մեր մյուս հարցին՝ ԱԺ-ում լսումներ հնարավո՞ր է կազմակերպել այս թեմայով, քանի որ Արամ Սարգսյանն ասաց, թե այս հարցով դիմելու են ԱԺ ղեկավարությանը, պատգամավորն արձագանքեց. «Մենք խմբակցությամբ լսումներ կարող ենք անել միայն նախագծի շուրջ: Այս քննարկման հետ կապված չեմ պատկերացնում՝ ինչ նախագիծ կարող ենք ունենալ այս թեմայով լսումներ կազմակերպելու համար: Բայց արտաքին հարաբերությունների, կամ պետաիրավական հարցերի հանձնաժողովներում, հնարավոր է դա անել: Ինձ թվում է կարելի է աշխատանքային քննարկում կազմակերպել»:
Հարցին՝ ի վերջո խնդիրը ո՞րն է, քանի որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե հաշվի առնելով այն փաստը, որ սկզբում Ալիևը մի հայտարարություն արեց, հետո իրենց երկրում այլ, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Պարոն Փաշինյանն իր ուղիղ եթերում նշեց, որ մենք այլ բան էինք խոսել, բայց հետո Ալիևն իր երկրում լրիվ այլ բան հայտարարեց: Հաշվի առնելով այն քաղաքական համակարգը և իրավիճակը, որ կա Ադրբեջանում, նրանք միշտ պետք է ունենան արտաքին թշնամի: Այն ատելության քարոզը, որ գնում է իրենց մոտ, միշտ պետք է կերակրել: Իսկ դրա համար միշտ պետք են պոպուլիստական հայտարարություններ: Դա փակուղի տանող ճանապարհ է: Եթե երկու կողմերը միմյանց հետ ազնիվ չեն, ապա երկխոսությունը, բանակցությունները ոչ մի տեղ չեն տանելու»:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ խաղաղության թեզը փոխվում է պատերազմ տարածքների հաշվին, և արդյոք դա չի՞ հակասում խաղաղության մասին հայտարարություններին, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Շատ դրական եմ վերաբերվում այդ հայտարարությանը, քանի որ պաշտպանության նախարարը պետք է պատրաստ լինի պատերազմին: Եթե ուզում ենք խաղաղություն, մենք պետք է պատրաստ լինենք խաղաղության: Պաշտպանվել հավերժ չի կարելի: Լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան, սա բնավ չի խոչընդոտում բանակցություններին: Ցանկացած հակառակորդ զգալով թուլությունը՝ առաջ է գնում և փորձում օգտվել այդ թուլությունից: Սա էր պարոն Տոնոյանի ուղերձը, ասածի բուն էությունը, և ես դա ողջունում եմ»:
Կարդացեք նաև
Դառնալով խաղաղության թեզին հակասելու մասին հարցին՝ Գևորգ Գորգիսյանն ասաց. «Մեր ժողովուրդը խաղաղ է, մեզ մոտ չկա ատելություն, ատելության քարոզ, չկա քնած ժամանակ հայ սպանած ադրբեջանցի, սպայի հերոսացում, պատերազմի ժամանակ հայի գլուխ կտրածի հերոսացում, մենք խաղաղ ենք մեր լեռների պես: Այս ուղղությամբ Ալիևն ու Ադրբեջանն անելիքներ ունեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ