Հայաստան այցելող զբոսաշրջիկներից ամենաշատը լուսանկարվում են ֆիլիպինցիները: Բոլոր այն վայրերում, որտեղ լինում են, պարտադիր սելֆի են անում կամ զբոսավարին, անցորդներին խնդրում իրենց լուսանկարել: Անմահացնում են իրենց ճամփորդության ամեն ակնթարթը, ամեն քարն ու թուփը, պատմական հուշարձանը կամ, պարզապես, սովորական տեսարանը:
Aravot.am-ի հետ զրույցում մեր երկիր այցելած զբոսաշրջիկների նախասիրությունների մասին պատմում է «One Way» տուրիստական գործակալության զբոսավար Մարութ Հայրապետյանը:
Ըստ նրա, ամենաէմոցիոնալ, ժամանցային վայրեր նախընտրող, ուրախանալ սիրող զբոսաշրջիկները ռուսներն են: Գառնի-Գեղարդ, Դիլիջան, Տաթեւ կամ Էջմիածին այցելելուց հետո ռուս տուրիստները անպայման զվարճանքի վայրեր են փնտրում. «Ռուսներն ավելի բուռն են, կոմպլեքսներ չունեն, ինչ մտածում՝ ասում են, այնպիսի տպավորություն է, որ նրանց վաղուց ճանաչում ես»:
Ի տարբերություն նրանց, ավելի զուսպ են ֆրանսիացի, իտալացի, գերմանացի զբոսաշրջիկները, որոնց առաջին հերթին Հայաստանի մշակույթն ու ճարտարապետությունն է հետաքրքրում: Զբոսավար Մարութ Հայրապետյանն ասում է, որ այդ երկրների ներկայացուցիչները հաճախ են հայերի պատմությունից խորացված հարցեր տալիս, ուշադիր լսում պատմածները, որից հետո միայն փորձում զբաղմունք գտնել այն միջավայրներում, որոնք տուրիզմը կարող է առաջարկել:
Կարդացեք նաև
Զբոսավարի խոսքով, իրենք հայոց պատմությունը մատուցում են առասպելներով համեմված, որպեսզի տուրիստի համար լինի դյուրամարս ու տպավորիչ. «Հնարավոր է դու պատմությունը ծայրից ծայր իմանաս, թվերով, փաստերով, բայց մատուցելու խնդիր լինի, պետք է լինի քիչ ինֆորմացիա, բայց տպավորիչ»,-ասում է Մարութ Հայրապետյանը:
Որպես զբոսավար ինքը քայլարշավային ուղղություններն է նախընտրում, բայց միշտ չէ, որ մեր երկիր եկած զբոսաշրջիկները քայլելու կողմնակիցն են լինում՝ որքան էլ որ գիտեն՝ հեղափոխությունը Հայաստանում հենց քայլարշավից է սկսվել:
Թե ինչ կանոններ են խախտում զբոսաշրջիկները մեր երկրում, Մարութ Հայրապետյանն ասում է՝ իր պրակտիկայում նման դեպքեր շատ չեն պատահել: Ճամփորդությունից առաջ զբոսավարը զգուշացնում է՝ անծանոթ առարկաների չդիպչել, հուշարձանների վրա չկանգնել, չնստել, որպեսզի պատմամշակութային հուշարձանները չվնասվեն:
Ասում է՝ այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի իր խմբի զբոսաշրջիկները ոչ մի բանից չամաչեն ու ցանկացած հուզող հարց քննարկեն:
Բայց զվարճալի պատմություններ էլ, իհարկե, պատահում են:
Մի անգամ բազմազգ խմբով Սեւանում կանգնել են ընդմիջման եւ մինչ հյուրերը որոշել են ինչ ուտել, ազգությամբ հնդիկ զբոսաշրջիկը ապխտած ձուկ է գնել ու հենց մեքենայի մեջ մատներով կերել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ