Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳՆ-ն էլ հիմա լավ չի աշխատում, լուծարե՞նք». Գեւորգ Պետրոսյան

Ապրիլ 03,2019 17:16

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չի կիսում կառավարության տեսակետը, որ ինչ-որ մի նախարարությունը լավ չի աշխատել`ուրեմն`լուծարենք: «Բա էդ նախարարներին ինչի՞ պատասխանատվության չեն ենթարկում»,- այսօր ԵՊՀ-ում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախաձեռնած կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի մասին հանրային քննարկման ժամանակ իր տարակուսանքն արտահայտեց պատգամավորը: Նա գտնում է, որ հարցն ավելի պարզ է, պետք է ազատվել այն նախարարներից, որոնք «երբեմն դժվարությամբ են իրենց պաշտոնը արտաբերում»: Նա նաեւ հռետորական հարց հնչեցրեց. «ԿԳՆ-ն էլ հիմա լավ չի աշխատում, լուծարե՞նք»:

Սփյուռքի նախարարության պահպանումը, ըստ նրա, նախ հարգանք է սփյուռքի մեր բազմահազար հայրենակիցների նկատմամբ: Իսկ մշակույթի նախարարության մասով էլ նկատում է. «Մեր ազգին ինչքան բանակն է պահել, այնքան էլ մշակույթը: Եթե ճիշտ մարդ չեն կարողանում նշանակել, դա չի նշանակում, որ կառույցն է պետք լուծարել»:

Մանրամասները` տեսանյութում

Ուժային կառույցների մասով է ասաց`դրանք անպայման պետք է խորհրդարանական վերահսկողության ներքո լինեն: Ծայրահեղ լուծում էլ չի առաջարկում`դնենք ԱԺ-ի անմիջական վերահսկողության ներքո: «Այդ համակարգի մարմինները պետք է օպերատիվության սկզբունքով աշխատեն, բայց եթե հույս դնենք, որ ԱԺ-ն այս կազմով, կարող է հավաքվել եւ լուծումներ տալ` ցանկալին իրականության հետ կշփոթենք»,- ասաց նա` հեգնելով, թե հնարավոր է ինչ-որ պատգամավորների ծաղկաձորյան կամ մեկ այց դրանով խաթարենք: Ուժային կառույցների` նախարարություն դառնալու դեպքում, ԲՀԿ պատգամավորը դրանց քաղաքականացվելու վտանգ չի տեսնում, բայց չի էլ կարեւորում նախարարության կարգավիճակը. «Կարեւոր է, որ ճիշտ ղեկավարվեն այդ կառույցները»:

Իշխող ուժի ներկայացուցիչ պատգամավոր Վահագն Հովակիմյանն առարկեց` նախարարություն չի կրճատվում իրենց նախագծով: «Մշակույթի նախարարությունը տարիներով եղել է կոնկրետ անձանց գովերգող կառույց»,- ասաց նա` Գեւորգ Պետրոսյանին ասելով, որ մշակույթի մասին մեր պատկերացումներն ու ձերը տարբեր են: Նաեւ նկատեց`ընտրություններում ձայների մեծամասնություն են հավաքել, իրենց ծրագիրն են ներկայացնում, որն արտացոլում է իրենց պատկերացումները:

Գեւորգ Պետրոսյանը Վահագն Հովակիմյանին հիշեցրեց, որ ժամանակին իր կուսակիցները խորհրդարանում ասում էին՝ սուպերվարչապետությունը վնասակար է, մինչդեռ հիմա ամբողջ օրենսդրությունը գնում է սուպերվարչապետության. «Եթե հարցը տեսլականների դաշտ եք տանում, ապա սկսեք Սահմանադրության փոփոխություններից»: Քննադատությանն էլ հորդորեց վերաբերվել հարգանքով:

ՔՊ-ական եւ ԲՀԿ-ական պատգամավորների բանավեճի այլ մանրամասները` տեսանյութում

Ավելի ուշ արդեն պատասխանելով քննարկմանը ներկաների հարցերին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ հարցապնդում են ուղարկել կառավարություն` հասկանալու համար, թե ի վերջո քանի՞ մարդ է կրճատվելու պետական ապարատից: «Փոխմարզպետների կրճատումների մասին խոսում եմ հինգ տարի, ՔՊ-ն եկավ իշխանության իր մարդկանց նշանակեց այդ պաշտոններում, մինչդեռ կարելի էր այդ հաստիքները միանգամից կրճատել`առանց օրենսդրական փոփոխությունների»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել