Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ է, որ եթե անգամ Փաշինյանը բարձրացներ այդ հարցերը, Ալիևը մերժեր, որևէ խնդիր դրանով չէր լուծվելու». Արամ Սարգսյան

Ապրիլ 03,2019 16:51

«Մենք գտնում ենք, որ բանակցությունները վաղուց քաղաքական առումով անհեռանկար են, և եթե այսպես շարունակենք, փակուղի է, և ուշ թե շուտ պետք է մի ուրիշ հանգուցալուծում լինի: Մենք առաջարկում ենք օրակարգը փոխել: Ասում ենք, որ դրա լավագույն ձևը՝ գնալ իրավական ճանապարհով, ինչը միջազգային իրավունքի նորմերից, սկզբունքներից բխող կլինի»,-Թեքեյան կենտրոն հիմնադրամի սրահում «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի կազմակերպած գիտագործնական կոնֆերանսին հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա պարզաբանեց՝ ուզում են ամբողջ այս հայտարարությունները ներկայացնել որպես փաստարկ իրավական տեսանկյունից Արցախի Հանրապետության կատարած գործունեության վերաբերյալ. այսինքն՝ իրավական առումով ինչ են արել և ասել, որ իրավական տեսանկյունից անթերի են Արցախի գործողությունները. «Մենք առաջարկում ենք միջազգային իրավունքի նորմերից բխող սկզբունքներից գնալ բանակցությունների, բայց իրավական փաստարկներ ներկայացնել: Օրինակ՝ ԼՂՀ-ն ձևավորվել է օրինական ճանապարհո՞վ, թե՞ ոչ, համապատասխանո՞ւմ է այդ անկախությունը Խորհրդային Միության, միջազգային իրավունքի նորմերին, թե՞ ոչ: Մենք դա ներկայացնում ենք այս փաստաթղթում»:

Համաժողովի ընթացքում ընդունվեց բանաձևը, որը կուղարկվի Մինսկի խմբի համանախագահներին, ՀՀ կառավարության, ԱԺ-ին: Արամ Սարգսյանն առաջարկեց նաև այս թեմայով լսումներ կազմակերպել ԱԺ-ում. «Վերջապես ժամանակն է ընդունել որոշում, որ ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ օրինական ձևավորումը: Եթե սա պաշտոնապես չի հնչելու, կնշանակի, որ ամեն անգամ պետք է ասենք, որ մենք ընդամենը Արցախի ժողովրդի անվտանգության պահապանն ենք»:

Aravot.am-ը Արամ Սարգսյանին հիշեցրեց՝ Մինսկի խումբն իր հայտարարության մեջ բանակցությունները դրական գնահատեց, դրական նոտայով էր նաև ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունը, անմիջապես բանակցությունից հետո Իլհամ Ալիևը հայտարարեց, թե բանակցությունների նոր փուլ է սկսվել, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Դուք Ալիևի խոսքերին մի հավատացեք. նա շարունակում է սպառազինություն գնել, վարժանքներ կատարել… հետո պարոն Փաշինյանը հանկարծ հայտնաբերեց, որ իր գործընկերը՝ Ալիևը, Բաքվում լրիվ հակառակ հայտարարությունն է արել»:

Արամ Սարգսյանն ասաց, որ համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մոտեցման հետ և վստահեցրեց՝ իրենց այս քայլերն էլ են դրան միտված: Միևնույն ժամանակ շեշտեց՝ չպետք է կորցնենք մեր բարեկամ հինգ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ ապահովում են մեր անվտանգությունը:

Մեր հարցին՝ համամի՞տ է այն քննադատությանը, որ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում չբարձրացրեց այն սկզբունքները, որոնց մասին Ստեփանակերտում հայտարարել էր, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, ես դա ֆորմալ առումով եմ ընկալում, քանի որ դա չէ գլխավոր խնդիրը, այլ այն, թե ինչի շուրջ են իրենք զրուցել և ինչի հասել: Պարզ է, որ եթե անգամ Փաշինյանը բարձրացներ այդ հարցերը, Ալիևը մերժեր, որևէ խնդիր դրանով չէր լուծվելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930