Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության առաջարկը քաոսային է. Էդմոն Մարուքյան

Ապրիլ 03,2019 16:36

Իրազեկ քաղաքացիների միավորումն այսօր հանրային քննարկում էր կազմակերպել` կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի մասին: Նախագիծը, հիշեցնենք, արդեն խորհրդարանում է: Ըստ նախագծի՝ նախատեսվում է 17 նախարարության փոխարեն ունենալ 12 նախարարություն: Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Առաջարկվող նախագծով ունենալու ենք երկու փոխվարչապետ, առաջին փոխվարչապետ չի լինելու: Ըստ փոփոխությունների՝ նախարարությունները կլինեն այսպիսին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն,Ֆինանսների նախարարություն:

Բնապահպանության նախարարությունը կդառնա Շրջակա միջավայրի նախարարություն, Տնտեսական զարգացման և Գյուղատնտեսության նախարարությունը կոչվելու է Էկոնոմիկայի նախարարություն: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվում են՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվում է կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլև Պետական գույքի կառավարման կոմիտեն:

Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միավորվում են՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Սփյուռքի նախարարությունը միանում է վարչապետի աշխատակազմին: Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց իրենց կարծիքը`կառավարության առաջարկած միավորումները մեխանիկական են, հիմնավորումներ չկան: Որ գործադիր իշխանությունը ուռճացված է, նա չի վիճարկում, բայց կրճատումներն, իրենց կարծիքով այլ կերպ պետք է լինեին, որպեսզի աշխատանքը չտուժի:

Մանրամասները` տեսանյութում

«Լուսավոր Հայաստանն», ինչպես հայտնի է կառավարության կառուցվածքի փոփոխությունների սեփական տարբերակն է առաջարկել: Ըստ այդմ, ունենալու ենք 14 նախարարություն: ԱԱԾ-ն դառնալու է նախարարություն: Քննչական մարմինը ԱԱԾ-ից պետք է դուրս գա, դրան պետք է միավորվի նաեւ ՊԵԿ-ի քննչական մարմինը: Պահպանվում է նաեւ գյուղատնտեսության նախարարությունը, քանի որ դա գերակա ճյուղ է հայտարարված Հայաստանում, արտահանմանը միտված, մանավանդ, որ 2018-ին, ՀՆԱ-ի 16 տոկոսը գեներացվել է այդ կառույցի կողմից: Մի օր, իրենք դեմ չեն լինի, որ այդ նախարարությունը չլինի, պետության կարգավորիչ դերն այլ լինի, բայց հիմա չէ այդ ժամանակը: Մշակույթի նախարարությունն էլ առանձին պետք է լինի, ոչ թե գիտության եւ կրթության նախարարության կազմում: Փաստարկը, որ լավ չի աշխատել այդ նախարարությունը իրենց համար ընդունելի չէ: Էդմոն Մարուքյանն ասում է`հիմա թող լավ աշխատեն. «Մեր երկիրը նաեւ մշակութային պատերազմի մեջ է»: Ըստ «Լուսավոր Հայաստանի» առաջարկի, պետք է ունենանք նաեւ ՆԳՆ, որին միացվելու է նաեւ ԱԻՆ-ը. կառույցը զբաղվելու է երկրի ներքին անվտանգության հարցերով: Կառավարության ներկայացրած տարբերակը պատգամավորն ասում է`քաոսային է:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930