Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը դատարանում հայտնեց, որ քննիչ Նավոյանը իր աջակցությունն է հայտնել հեղափոխությանը եւ շփվել են իրար հետ հեռախոսով ու ոչ միայն

Ապրիլ 03,2019 16:16

Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում, վկայի կարգավիճակով հարցաքննվեց:

Նա ցուցմունք տվեց Արթուր Այվազյանի՝ «Մանախի» գործով, որին մեղադրանք է առաջադրվել բռնությամբ զուգորդված խուլիգանության համար: Ըստ քրեական գործի նյութերի՝ դեպքը տեղի էր ունեցել 2017-ի ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին: «Ելք» դաշինքի անդամներ Նիկոլ Փաշինյանը եւ Հայկ Սարգսյանը ոստիկանությանը հայտնել էին, որ Արթուր Այվազյանը հարձակվել է իրենց վրա քարոզչություն իրականացնելու ժամանակ, գողացել դրոշները, ատրճանակ պահել Հայկի վրա։ Իսկ «Մանախը» պնդում է, որ տուժողը ինքն է, ոչ թե «Ելքի» անդամը։ Ըստ Այվազյանի, ինքը միայն նկատողություն է արել «Ելքի» «ջահելներին» եռագույնը գետնին գցելու համար ու դրա համար նրանք իրեն քարշ են տվել գետնով, մեքենայից կախված վիճակում:

Վարչապետը դատարանում պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Նա ասաց, որ իրենց նախընտրական շտաբի անդամները պատմել են դեպքը, իրեն են տվել այն զենքը, որը «Մանախը» պահած է եղել Հայկ Սարգսյանի վրա, ինքը ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթեր է մտել ու ցուցադրել զենքը: Նա ասաց, որ Հայկ Սարգսյանը այդ ժամանակ հրաժարվել է ուղիղ եթերով երեւալ, որովհետեւ ակնհայտ վնասվածքներ է ունեցել: Վարչապետը նշեց, որ ոստիկանությունը այդպես էլ չի եկել Տերյան հասցե, որքան հիշում է, ինքն է գնացել դեպքի վայր, զենքը հանձնել Մալաթիայի ոստիկանությանը:

Հարցրեցին, թե դեպքի վայրը հիշո՞ւմ է, որտեղ՞ է եղել՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հարձակումը Հարավ-արեւմտյան թաղամասում է եղել, եթե հիշողությունը չի դավաճանում, Զորավար Անդրանիկի արձանից դեպի աջ ընկած հատվածում՝ շենքերի բակում:

Հարցին՝ միջադեպն ինչի՞ց էր առաջացել, միայն դրոշի պատմությունի՞ց՝ վարչապետը պատասխանեց՝ «Խոսակցության մեջ հիշում եմ դրվագ, որ ի՞նչ իրավունք ունեք դրոշն օգտագործեք: Անձը, որը այդ թեմայով ակտիվ խոսել է, ասել է, որ այդ դրոշը, տարել դրել է իր ընկերոջ գերեզմանի վրա, ու այդ անձի մասին խոսելիս օգտագործվում էր «Մանախ» անունը»:

Պաշտպան Հայկ Ալումյանը հարցրեց, թե ի՞նչ տիպի ատրճանակ է եղել, Փաշինյանը նկարագրեց այն: Ալումյանը հետաքրքրվեց, թե գործով քննիչ Սուրեն Նավոյանի հետ հարաբերություն ունեցե՞լ եք՝ վարչապետը պատասխանեց, որ որեւէ հարաբերություն չի ունեցել, բայց որքան հիշում է 2018-ի իրադարձությունների ժամանակ Նավոյանը այն անձերից է, ովքեր աջակցություն էին հայտնել ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխություններին՝ հեղափոխությանը: Նա ասաց, որ մինչեւ նախաքննությունը շփում չի ունեցել, նախաքննության ընթացքում հարցաքննվել է, «դրանից հետո շփում՝ հնարավոր է զանգ եղած լինի ինքը ինձ կամ ես իրեն, վստահ չեմ, պետք է ստուգվի: Հաջորդ շփումը եղել է Հանրապետության հրապարակում, եթե չեմ սխալվում, ինքը հայտնել է, որ կամ դիմում է գրել, հայտնել է, աջակցության մասին…»:

Դատարանում առարկեցին այս հարցերին եւ հորդորեցին քննիչի վերաբերմունքից վկային հարցեր չտալ, Ալումյանն էլ ասաց, որ դա քննիչի անաչառության մասին է խոսում, քանի որ քննիչի անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանքներ կան. «Նախաքննությունից հետո քննիչը կարող է ասած լինի՝ ես վաղուց ձեր կողմից էի: Մենք հիմա չենք կարող կանխատեսել՝ ինչ կասի իմ հարցերին ի պատասխան»:

Փաշինյանն ասաց, որ քննիչի հետ նաեւ հեռախոսային խոսակցություն է ունեցել. «Այդ խոսակցությունը եղել է նախաքննության ավարտի շրջանում, եթե չեմ սխալվում, խոսքը գնացել է նրա մասին, ես հետաքրքրվել եմ՝ ճի՞շտ է արդյոք, որ գործի նախաքննությունը ավարտվել է: Վստահ եմ մի բանում, որ խոսակցությունը գործի ընթացքի հետ կապված ինչ-որ խնդրի մասին էր՝ նախաքննության ավարտի կամ ինչ-որ աշխատանքային բնույթ կրող հարցի»:

Ալումյանը հարցրեց՝ նախաձեռնությունը ձե՞րն էր զանգի՝ վարչապետն էլ պատասխանեց, որ եթե դա կարեւոր նշանակություն ունի քննության համար, կարելի է զանգերը հանել եւ ստուգել՝ ով է զանգել:

Ալումյանը հարցրեց՝ Արթուր Այվազյանի շորերը քննիչի կողմից առգրավվել են, որեւէ բան չի արձանագրվել, որ գրպաններում կան, բայց երբ շորերը հայտնվել են փորձագետի մոտ, պարզվում է՝ բազմաթիվ փամփուշտներ կան, տեղյա՞կ էիք դրանից՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ մանրամասներից տեղյակ չէ. «Պիտի տեղյա՞կ լինեի»:

Իսկ երբ հերթը հասավ ամբաստանյալին՝ «Մանախին» հարցեր տալու, նա հայտարարեց, որ հարցեր պատրաստել էր, բայց քաղաքական խաղերի մեջ են փորձում օգտագործել այս գործը, այդ առումով ձեռնպահ է մնում ու որեւէ հարց չի ուղղի:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 14-ին ժամը 14-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930