ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ կնքել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր: Կողմերի միջև այս համագործակցության նպատակը ՓՄՁ-ների զարգացմանը խթանելն է:
«Մենք ուրախ ենք կրկին համագործակցել Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ: Մեր գործընկեր հիմնադրամից ստացած ֆինանսական գործիքը մեզ հնարավորություն կտա տեղական արժույթով վարկավորել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին, որոնց հետ գործարար հարաբերությունների շարունակական զարգացումը մեր բանկի առաջնային նպատակներից մեկն է»,-նշել է Հակոբ Անդրեասյանը:
EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսն իր խոսքում նշել է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման գործին, ինչն էլ EFSE-ին հնարավորություն է տալիս և՛ աջակցել այդ բիզնեսների զարգացմանը, և՛ նոր թափով Հայաստանում զարգացնել տնտեսական հարաբերությունները:
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և EFSE-ի համագործակցությունը մեկնարկել է 2013թ.–ին` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն աջակցելու նպատակով: