Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում վկայի կարգավիճակով հարցաքննվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ցուցմունք տվեց Արթուր Այվազյանի՝ «Մանախի» գործով:
Հիշեցնենք, որ «Մանախը» 14 տարի անցկացրել էր կալանավայրում՝ Հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր վկայի սպանության համար, այս գործով մեղադրանք է առաջադրվել բռնությամբ զուգորդված խուլիգանության համար:
Ըստ քրեական գործի նյութերի՝ դեպքը տեղի էր ունեցել 2017-ի ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին: «Ելքի» դաշինքի անդամներ Նիկոլ Փաշինյանը եւ Հայկ Սարգսյանը ոստիկանությանը հայտնել էին, որ Արթուր Այվազյանը հարձակվել է իրենց վրա քարոզչություն իրականացնելու ժամանակ, գողացել դրոշները, ատրճանակ պահել Հայկի վրա։ Իսկ «Մանախը» պնդում է, որ տուժողը ինքն է, ոչ թե «Ելքի» անդամը։ Ըստ Այվազյանի, ինքը միայն նկատողություն է արել «Ելքի» «ջահելներին» եռագույնը գետնին գցելու համար ու դրա համար նրանք իրեն քարշ են տվել գետնով, մեքենայից կախված վիճակում:
Կարդացեք նաև
Փաշինյանը դատարանին հայտնեց, որ Արթուր Այվազյանին անձամբ չի ճանաչում, բայց պատգամավոր եղած ժամանակ նրանից նամակներ է ստացել: Փաշինյանն ասաց, որ ճանաչում է Հայկ Սարգսյանին. «Մեր նախընտրական շտաբի պետն է եղել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նաեւ նրա հետ ընկերական հարաբերություններ եմ ունեցել մինչեւ միջադեպը եւ միջադեպից հետո: Արթուր Այվազյանին առաջին անգամ ենք հանդիպում անձամբ, բայց երբ ես ԱԺ պատգամավոր եմ եղել, նրանից նամակներ եմ ստացել, այդքանը գիտեմ»:
Վարչապետը պատմեց, որ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը տանն է եղել. «Երեկոյան 10-ի կողմերը, երկու տարի է անցել, հնարավոր է ինչ-որ բան շփոթեմ, համենայնդեպս, նախընտրական ցուցմունքում մանրամասն գրել եմ: Ես տանն էի, զանգեցին ինձ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, կարծեմ Ալեն Սիմոնյանը ինձ զանգեց եւ ասաց, որ հարձակում է տեղի ունեցել մեր տղաների վրա: Հայկ Սարգսյանին փորձեցի զանգել: Գիտեի, որ նախընտրական շրջանի վերջին օրն է, ես շտաբ մտա եւ տեսա, որ ահագին չբաժանված բուկլետներ կան, Հայկին խնդրեցի, որ վերջին ժամերը օգտագործեին եւ բուկլետները բաժանեին: Հայկին փորձեցի զանգել, հեռախոսը չպատասխանեց, հետո էլի Ալենի միջոցով փորձեցի,ասեցի՝ թող ինձ զանգեն, ով կա դեպքի վայրում: Ինձ զանգեցին, ասացին միջադեպ է եղել, ես ասեցի՝ արագ հեռացեք ու եկեք նախընտրական շտաբ: Ես մտածեցի՝ մեծ մասշտաբի ինչ-որ բան է, ցանկանում էի, որ մեր ժողովուրդը այնտեղից դուրս գա: Ինձ պատմեցին, որ շենքում են եղել, իջել են, ես շարժական շտաբ ունի նախընտրական, հենց մոտեցա, տեսա, որ իմ նկարի վրա ներկ էր փչված ու ինձ պատմեցին, որ երբ շենքից իջել են, տեսել են, որ մեքենայի վրա ամրացված դրոշը չկա: Երբ նկատել են ներկվածը, հարցրել են՝ ո՞ւր է դրոշը, մի քանի քաղաքացիներ են եղել այնտեղ կանգնած, նրանցից մեկն ասել է՝ ես եմ տարել: Ասել են՝ ի՞նչ իրավունք ունեք էս դրոշն օգտագործել, խոսքը ՀՀ պետական դրոշի մասին է: Այդ ֆոնի վրա խոսակցություն է տեղի ունեցել, մեր տղաները հետ են պահանջել դրոշը, որի ընթացքում դրոշը տանող քաղաքացիներից մեկը, կամ քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին: Բնականաբար, մեր ժողովուրդը միջամտել է, փորձել է թույլ չտալ, որ հետագա հարվածներ տեղի ունենան: Այդ պրոցեսի ընթացքում այդ անձը հանել է զենքը, պահել Հայկի վրա: Ներկաներից մեկը արագ արձագանքել է, խփել է նրա ձեռքին, զենքը ընկել է: Հետագայում դեպքի վայրից հեռացել են: Դրանից հետո ես իմացել եմ, որ զենքը իրենց մոտ է, ասել եմ՝ ցույց տվեք, ես այդ զենքը տեսել եմ վերցրել եմ, անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն, պատմել, թե ինչ է տեղի ունեցել, ուղիղ եթեր եմ մտել ֆեյսբուքի իմ էջում, ցուցադրել զենքը»,- պատմեց Փաշինյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ