Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբանական աճպարարություն ընդդեմ արվեստի

Ապրիլ 03,2019 15:30

(«Էքսպրոմտ» ըստ Շիրազի)

Աճպարարական արվեստը զարմացնում է հրաշքի հասնող անհավանական դրսևորումներով։

Սակայն ապշանքի հասցնող այդ «կախարդական» արվեստը միամիտ խաղ է իրավաբանական աճպարարության առաջ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հայկական իրավաբանության «ինքն իրեն էշի տեղ դնելու» բարձրագույն արվեստին, այլև համաշխարհային իրավաբանության «կոռուպցիայի դեմ պայքարելու» ամենամեծ կաշառակերության հիմնարար արվեստին, որն ամենևին չի խորշում մարդասպանին մի քայլ հետո ազգային հերոս հռչակել և «միջազգային հանրության» առաջ իրեն այնպես պահել, որ «թքած ունենալով» բոլորի վրա հասկացնի ու ասի՝ «իսկ ի՞նչ է եղել որ»։

Օրե՞նք։ Առնվազն ծիծաղելի է։ Դժվար է գտնել ավելի զարմանահրաշ խաղալիք։ Բնության մեջ ոչ մի ճկուն իր այնքան ոլորուն չի, որքան օրենքը։ Իրավաբանները երևի վերամբարձ քամահրանքով ու ներողամիտ ժպիտով են նայում կրկեսի բոլոր ձեռնածուներին, բարդ հնարքներ կատարող էկվիլիբրիստներին, անհավանական ժանգլյորներին ու ամենազարմանահրաշ աճպարարներին։ Ամեն իրավաբան մտքում մտածում է, «բա որ իմանաք մենք ինչ ֆոկուսներ ենք անում, դուք ձեր գործը կթողնեք. միամիտներ»։

Արվեստի մարդիկ որտեղից գիտե՞նք այդ մասին։ Մեր ամբողջ կյանքում մեր ստեղծագործական կոչված երևակայությունը ոչ մի կերպ չի հասնում իրավաբանական ֆանտազիայի հետևից։ Անընդհատ ասում են, որ մենք սխալ ենք, ապացուցում են, որ մենք մարդ չենք, ոչինչ չգիտենք, ոչինչ չենք հասկանում, ցուցում են, որ օրենքն է բարձրագույն արժեք, թեև նույն պահին մենք տեսնում ենք, որ իրենք՝ այդ ասողները, «թքած ունեն» բոլոր օրենքների և բոլորի վրա, բայց մենք չենք կարողանում դա ապացուցել ու ամեն անգամ «հիմարացած» գնում ենք մեր «իբրարվեստով» զբաղվելու՝ սրտում անընդհատ կրելով տասնամյակներով չանցնող մի ծանր դառնություն։ (Ազնվական պահվածքը ծանր հիվանդություն է)։

Հիմա «արվեստի խնդիրը» դարձյալ «իջավ» մինչև օրենքի «սոփեստական լեզվակռվի» հարթություն և պատասխանը իհարկե պարզ է։ Տարօրինակ կլինի, որ արվեստը դրանից շահի։ Էդ էր պակաս։ Ի՞նչ արվեստ։

Իհարկե, թող հրաշք լինի, ես սխալ լինեմ, կառավարությունն օպերային պաշտպանի, Օրբելյանին թողնեն «թող աշխատի» օրենքով, «պետական պայմանագրով նախատեսված» երեք տարով ու հետո ազատեն։ Ինչ վերաբերում է «աշխատանքից բացակայելու» մանկական պատրվակին, ապա բոլոր խոշոր մենեջերները տարվա կեսը «դրսերում» են անցկացնում, ինչպես օրինակ ԱԳ նախարարները կամ տուրօպերատորները։ Իսկ տնօրեն-գեղղեկավար «կռիվը» տասնամյակներ շարունակ ոչ մի թատրոնում չի լուծվել և դա իրավաբանների «խելքի բանը չի»։ Թատրոնի իրական տնօրենը գեղղեկն է, իրավաբանական տնօրենը ոչ մի գործ չունի անելու թատրոնում, բացի հաշվապահությունից ու տեխսպասարկումից։ Գործում են միայն այն թատրոնները, որտեղ տնօրենը անձնապես հարգում է գեղղեկին։ «Օրենքով» տարբերակները քանդվում են։

Ի վերջո, թատրոնն ու արտիստները ի՞նչ մեղավոր են, որ օրենսդիրը հիմար օրենք է գրել։ Մեռանք ասելով, որ այդպես չի լինում։ Ոչ նախորդներն էին լսում, ոչ ներկաները։ Հին և վատ օրենք է։ Հեղափոխեք ի վերջո։

Ճիշտ ասած, (էս մասը լավ կլինի կառավարողները ու օրենքի «պահպանները» չկարդան, թաքուն եմ գրում), զզվել ենք բոլոր իրավաբաններից, քաղաքական գործիչներից, անխտիր բոլոր կառավարություններից, իսկ ամենաշատը կուսակցություններից ու կուսակցական գործիչներից։ Դրանք մի տեսակ, ոնց որ կատաղած լինեն ու ապրում են մարդկանց մեջ։ Մի՞թե իրենց համար հոշոտանքի ուրիշ աղբյուր չեն գտնում, քան արվեստն է։ Թեև հասկանալի է. հին խոսք է՝ «գեղեցիկը հոշոտելու ցանկություն է ծնում». այսպիսին է սպիտակագլուխ գիշանգղերի և բորենիների հայացքը եղնիկների նկատմամբ, այդ գիշատիչների համար ամենացանկալի վիճակը «գեղեցիկ» եղնիկների լեշ դարձած վիճակն է։

Չգիտեմ՝ ինչն է ինձ դրդել առավոտ շուտ նման մտքեր գրել, երևի մշակույթի ոլորտում հինգ տասնամյակ աշխատելու դառնությունը։ Երևի ես եմ մեղավոր, քանի որ իշխանությունները երբեք մեղավոր չեն լինում, թեև նրանք բոլորն էլ չափազանց, չափազանց, չափազանց վաղանցուկ են։ Դե ինչ, այս անգամ էլ կսպասենք։ Դուք էլ անհետ կանցնեք կգնաք, թեպետ մյուս եկողը ձեզանից լավը չի լինելու. ձեր գործը՝ վատից դեպի ավելի վատը գնալու ճանապարհն է։ Մենք մեր արվեստում մնալու ենք, դուք եք եկող-գնացողը, տանող-բերողը, սարքածը-քանդողը։ Արագացրեք։ Ոչ առաջինն եք, ոչ վերջինը։ Ձեզ կործանողին էլ ձեր մեջ փնտրեք, ուրիշ տեղ մի նայեք ու ոչ մեկին մի մեղադրեք։ Ոհմակները սովորություն ունեն իրար հոշոտելու։ Այնպես, ինչպես ձեզնից առաջիններն են եկել, ինչպես դուք եք եկել։ Օտար մարդ չկա, դուք ու դուք եք։

Տարօրինակ բան եք ուզում արտիստներից. Ուզում եք դուք մեզ չհարգեք, մենք ձեզ հարգենք։ Ինչու՞։

Շիրազի բանաստեղծությունն էլ հիշենք սպասենք միակ արդար դատավորի՝ ժամանակի դատավճռին։

(«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ: Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»):

Չարենցն էլ կասեր «Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար` Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար…»:

Լևոն Իվանյան – խոշորամասշտաբ հանդիսությունների ռեժիսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930