Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Գյումրու թիվ 37 դպրոցում. ոստիկանները շրջափակել են դպրոցի շենքը (ֆոտոշարք)

Ապրիլ 03,2019 14:55

Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը. Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ կաշառք տալու, ստանալու ու կաշառքի միջնորդության փաստերի առթիվ:

Այսօր առավոտից էլ դպրոցում սկսվել է անհնազանդության ցույց. ի պաշտպանություն հրաժարական ներկայացրած տնօրենի՝ աշակերտները դասադուլ են հայտարարել: Ծնողխորհրդի նախագահ Հռիփսիմե Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բոլոր ծնողները դեմ են նրա հրաժարականին, մենք ուզում ենք մեր տնօրենին: Ուսուցիչները փաստեցին, որ նա երեկ բարձր տրամադրությամբ դպրոցում է եղել, ամեն ինչ նորմալ է եղել»:

Մեր հարցին ի պատասխան՝ տեղյա՞կ եք, որ քրեական գործ կա հարուցված կաշառք տալու, ստանալու ու կաշառքի միջնորդության փաստերի առթիվ, Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ տեղյակ են, բայց դրանց ուշադրություն չեն դարձնում, քանի որ զրպարտանք է:

Մենք հետաքրքրվեցինք՝ կապ հաստատե՞լ են տնօրենի հետ, հարցրե՞լ են՝ ինչո՞ւ է հրաժարական ներկայացրել, ստիպե՞լ են իրեն այդ քայլին գնալու, մեր զրուցակիցն ասաց, որ Աստղիկ Ավետիսյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:

Բողոքի դուրս եկած աշակերտներից մեկն էլ նշեց, որ չեն դադարեցնի դասադուլը մինչև տնօրենը չվերադառնա, քանի որ նա իր կամքով չի տվել հրաժարական:

Բողոքի ցույցի ընթացքում դպրոցում գտնվող Շիրակի մարզպետարանի կրթության, սպորտի և երիտասարդության հարցերով վարչության պետ Հրայր Կարապետյանի պարզաբանմամբ էլ՝ տնօրենի՝ կրթության նախարարին ուղղված աշխատանքից ազատման դիմումը դեռ ստորագրված չէ, ընդամենը մուտքագրված է, այսինքն՝ տնօրենը դեռ աշխատանքի մեջ է, հետևաբար և անհասկանալի է մնում բոյկոտի պատճառը:

Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրենն առաջին անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ աղմկահարույց հեռախոսազրույցի պատճառով: Ըստ համացանցում հայտնված հեռախոսազրույցի, նա ասում է, թե ՀՀԿ-ի օգտին ձայներ է հավաքում «ամենավերջին ձևով վախեցնելով»:

Այդ ժամանակ քրեական գործ չհարուցվեց նրա արարքում քրգործի հիմքեր չլինելու պատճառաբանությամբ:

Սակայն այժմ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ կաշառք տալու, կաշառք ստանալու ու կաշառքի միջնորդության փաստերի առթիվ:

«Անցած տարի նոյեմբերի 9-ին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում են ներկայացրել «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարվող չարաշահումների վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով, օգտագործելով պաշտոնական դիրքը, դպրոցի ուսուցչուհիներից մեկին 2015-2016թթ․ ուսումնական տարվա ընթացքում, շուրջ 9 ամիս, մեկ այլ ուսուցչուհու փոխարինող դասաժամերն հատկացնելու համար, որպես կաշառք նրանից ստացել է ամսական 10000-20000 ՀՀ դրամ։

Ըստ ձեռք բերված տվյալների նույն դպրոցի տնօրենը մեկ այլ ուսուցչից 2018թ․ փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին ստացել է ամսական 50000 դրամ՝ վերջինիս հաստիքը չկրճատելու համար։

Բացի այդ դպրոցի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013-2018թթ․ դպրոցում կատարվելիք փաստաթղթերի պատճենահանումներն իրականացրել է վճարովի հիմունքներով` իրեն համար շահեկան և ձեռնտու պայմաններում, ինչպես նաև դասերի պլանները, փոխադարձ դասալսման մատյաններն ու գրանցամատյանները վաճառել է ուսուցիչներին, մինչդեռ դրանց հատկացումը անվճար է։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գումարները դպրոցի տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։ Ընդհանուր առմամբ, դպրոցի տնօրենի գործողությունների հետևանքով անձանց օրինական շահերին առերևույթ պատճառվել է էական վնաս՝ 507․000 ՀՀ դրամի չափով։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, պաշտոնատար անձին կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 38-308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը»:

Աղբյուրը հիշեցնում է, դեռևս 2018թ․ նոյեմբերի 20-ին Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որի նախաքննությունը ևս շարունակվում է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կ.K says:

    Էս ինչ շոու յկենես Աստղո ջան?Սիգ լրիվ էն Բալասանյանի ավագանում քվեարկության նման մե բանմ է:Աստղիկ ջան ես ամեն բեմադրության մեջ ՀՀԿ-ական նախկին դեպուտատ Արման Սահակյանը ինչքան ներդրում ունի?))))))Շատ կանխատեսելի պրիմիտիվ ես մարդուդ հետ:Դե կաշառակերության ու այլ հանցանքներիդ մասին էլ չսեմ:Դու լավ գիտես քու ընտանիքիդ հովանավորողների համար ինչերի էս ընդունակ:Վախտին սաղին վախցնելով դու ու դպրոցից աքսորված մարդդ ՀՀԿ համար տեռորի կենթարկեիք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930