Ռիխարդ Վագների մեծ ծոռը՝ Անտուան Վագները Հայաստանում է` Երեւանում Գյոթեի կենտրոնի հրավերով: Նա մասնակցում է ԱՐէ կատարողական արվեստների փառատոնին, որի շրջանակում կա հատուկ ծրագիր` «Կիզակետը՝ Գերմանիա»: Ունենալով թատերական, կինոռեժիսորի և լուսանկարչական կրթություն, Վագներն արվեստի մեդիումների իր սահմաններն է փնտրում ինստալյացիաների, հատուկ նախագծերի, նաեւ օպերային բեմադրությունների ձևավորման և ռեժիսուրայի ոլորտներում:
2018 թ-ին նա բեմադրել է Ռիխարդ Վագների Die Walkure -ի երկրորդ ակտը՝ Մայամիի Ֆրանկ Գերրի New World Center-ում: Մեկ անգամ կատարված այս աշխատանքը կդառնա ցուցահանդեսի և 2020թ.-ին լույս տենող «Act II» գրքի մի մասը: Վագների «Հուզական վերլուծություն» ինստալյացիան հնարավոր կլինի ապրիլի 6-ին տեսնել Հայաստանի ազգային պատկերասրահում:
Իսկ ընդհանրապես նրա աշխատանքները պահվում են Լամբերտի մշտական հավաքածուում, «Hermes» հիմնադրամում և Համբուրգի Voelkerkunde թանգարանում:
Ապրիլի 3-ին Գյոթե կենտրոնում կայացած ասուլիսին նա խոսեց իր ցուցահանդեսից, որով էլ կտրվի ԱՐէ փառատոնի այս տարվա բացման մեկնարկը: Իսկ թեման «Ձախողումն» է:
Երևանում Գյոթե կենտրոնի ղեկավար Նաթիա Միքելաձեն նշեց, որ ԱՐէ փառատոնի արդենն 5-րդ թողարկումն է կայանում: Անտուան Վագների մասին էլ ասաց, որ նա ոգեշնչվել է Վարդգես Սուրենյանցի հայտնի կտավով: «Թեեւ փառատոնի թեման «Ձախողումն» է, բայց ես սխալմունք եւ ձախողում չեմ համարում, որ Վագների նման հայտնի լուսանկարիչն իր ճանաչումն է գտել Հայաստանում, իսկ առաջիկա շաբաթներին հայ այցելուները Արա Գեղեցիկի ու Շամիրամի պատմությունը կվայելեն նրա մատուցմամբ»:
Կարդացեք նաև
Փառատոնի համադրող Մարինե Կարոյանը փաստեց, որ «Ձախողումը» հետաքրքիր թեմա է, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք վերապրում սեփական ձախողումներն, արդյոք դրանք սայթաքումներն են, թե՞ նորի սկիզբ. «Հետաքրքրիր է նաեւ, թե Անտուանը ինչ թեմա ընտրեց «Ձախողումը» ցույց տալու համար: Արա Գեղեցիկի եւ Շամիրամի պատմությունը նա յուրովի կներկայացի Ռիխարդ Վագների երաժշտությամբ»:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ ինտելեկտուալ առումով իսկապես մարտահրավեր է «Ձախողում» թեմայի համատեքստում ստեղծագործելը: Ասաց, որ Անտուան Վագները խոսելու է հերոսի սխալականության ու ինքնության մասին: Դեսպանն ուրախությամբ փաստեց, որ փառատոնի առանցքում այս տարի Գերմանիան է:
Մանրամասն` տեսանյութում
Անտուան Վագների խոսքերով, իր համար մեծ պատիվ է եւ իրադարձություն ներկայանալ Հայաստանի ազգային պատկերասրահում. «Իմ աշխատանքի ցուցադրությունը հարմարեցված է Հայաստանի ազգային պատկերասրահին: Ես այդտեղ փորձել եմ անդրադարձ կատարել Վարդգես Սուրենյանցի հայտնի` «Շամիրամը` Արա Գեղեցիկի դիակի մոտ» կտավին եւ փորձել ոչ թե առանձին բաղադրիչները լուծել եւ ավելի մանրամասնել, այլ համադրել ժամանակային երեք շրջափուլեր` այն շրջանը, երբ ստեղծվել է այդ լեգենդը, 1899 թ, երբ ստեղծվել է Վարդգես Սուրենյանցի կտավը եւ 2019թ` մեր օրերը»:
Մանրամասն` տեսանյութում
«Ես այս արվեստին եկել եմ օպերայի միջոցով, եւ կարծում եմ, որ այն հայեցակարգը, որ զարգացրել էր Ռիխարդ Վագները` ամբողջական արվեստ ասելով, դա շարունակական շարժման մի հայեցակարգ է…Ես էլ փորձում եմ անդրադառնալ իմ նախապապի արվեստին ոչ միայն երաժշտական կամ տեքստային առումով, այլ ամբողջական արվեստի հայեցակարգի առումով»,- շեշտեց արվեստագետը:
Անտուան Վագները երկրորդ անգամ է Հայաստանում, ցանկություն ուներ լինել Արայի լեռան շրջակայքում, սակայն եղանակային պատճառով կենտրոնացել է Երեւանում: Հույս ունի որոշ տեսարժան վայրեր այցելել, եթե ժամանակը թույլ տա:
Ժամանակակից Արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Նազարեթ Կարոյանը նշեց, որ բացառվում է ճանապարհի ինչ-որ դրվագում ինքդ քեզ չհանդիպես, նույնն էլ Անտուան Վագների ճանապարհորդության պարագայում է` գալով Հայաստան, Անտուան Վագները վերադառնում է իր անցյալին, որը շաղկապված է նախապապի ու Սուրենյանցի հետ.
Մանրամասն` տեսանյութում
«Մեր ձգտումն է ունենալ ամբողջական արվեստի գործ` նկարը ներգրավելով իբրեւ արվեստի մաս, քանի որ ստեղծագործությունը ծնվում է մասերի արանքում»,-ընդգծեց Ժամանակակից Արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ