Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաների գազը չի թանկացել, բայց որ խտությունը բարձրացել է՝ վարորդներն ավելի են վճարում

Ապրիլ 03,2019 13:39

Արդեն քանի օր է՝ վարորդները նկատել են, որ ավտոմեքենաները լիցքավորած գազի դիմաց ավելի շատ են վճարում: Վարորդների հարցերին ի պատասխան՝ գազալցակայանների աշխատակիցները պատասխանում են, որ դա պայմանավորված է այդ ոլորտում տեղի ունեցած փոփոխություններով:

Այսօր Aravot.am-ը մարզերի եւ մայրաքաղաքի գազալցակայաններից փորձեց ճշտել՝ արդյոք ավտոմեքենաների լիցքավորման բնական գազը թանկացել է:

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ ապրիլի 1-ից ավտոմեքենաների լիցքավորման գազը պետք է վաճառվի կիլոգրամներով, որպեսզի մի շարք գործոններով պայմանավորված, սպառողը չտուժի, հետեւաբար՝ հարկն էլ գազալցակայանի բիզնեսով զբաղվողները պետք է վճարեն կիլոգրամների հաշվով:

Aravot.am-ի հարցին՝ գազը թանկացրե՞լ եք, «Ա-3» համալիր գազալցակայանից, որը գործում է ՀԱԹ-ում, ասացին՝ «չի թանկացել, պարզապես կշիռն է ավելացել, կալորիականությունն է բարձրացել, ինչի հետեւանքով էլ գումարը ավելի է ստացվում»: «Որակը լավացել է, սաղ գոհ են, որովհետեւ ավել են քշում: Մեզ մոտ գազը չի թանկացել»:

«Արեգ-Լեւ» գազալցակայանից մեր հարցին ի պատասխան նույն պատճառները բերեցին, նշելով, որ ճիշտ է, դժգոհող վարորդներ լինում են, սակայն հետո՝ երբ համոզվում են, որ այդքան լիցքավորած գազով ինչպես սովորաբար արել են, ավելի շատ կիլոմետր են քշում, դեռ մի բան էլ շնորհակալություն են հայտնում: Այս ընկերության աշխատողները մեզ հետ զրույցում նաեւ նշեցին, որ գազի պարագայում մի փոքր այլ է, գազը ջուր չէ, որ 10 լիտրանոց տարայի մեջ լցնես եւ 10 լիտրն էլ լցվի, այդ գումարային տատանումները կախված են ջերմաստիճանից, գազի տվյալ օրվա կալորիականությունից:

Սյունիքի մարզի գազալցակայաններից մեկի տնօրենն էլ մեզ հետ զրույցում դժգոհություն հայտնեց, որ իրենց մատակարարվող իրանական գազի խտությունը ավելի ցածր է եւ իրենց մոտ կիլոգրամով վաճառքը չի արդարացնելու եւ ի վնաս տնտեսվարողի է լինելու. «Սյունիքի մարզում գազը խառնուրդով է, մեզ մոտ ավելի քիչ կիլոմետր են քշում, քան ռուսական գազով լիցքավորվողները: Դա կփաստեն Երեւանի վարորդները: Մեզ մոտ շատ են բողոքում, որ գազի կալորիականությունը ցածր է, այդ պատճառով գուցե հարկայինը կիլոգրամով հարկելուց առաջ հաշվի առներ Սյունիքի մարզում իրանական գազ ստանալու հանգամանքը»: Սյունիքի մարզի այս տնտեսվարողը, որը չցանկացավ իր անուն-ազգանունով հանդես գալ, նույնպես ասաց, որ գազի թանկացում տեղի չի ունեցել:

Մարտունիում գործող «Փարոս» գազալցակայանից Aravot.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ էլ գազի թանկացում տեղի չի ունեցել: Մեր այն դիտարկմանը, որ վարորդները դժգոհում են, որ ավելի շատ են վճարում նույն քանակությամբ լիցքավորած գազի դիմաց, տնտեսվարողն ասաց. «Երեւի թե որոշ չափով պիտի թանկանա, էլի: Եթե խտությունը բարձրանա, ինչ տարբերություն՝ կիլոգրամը կիլոգրամ է, մեկ կիլոգրամի մեջ խտությունը 1000 է թե 50, ի՞նչ տարբերություն»:

Aravot.am-ը կներկայացնի նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսակետը այս հարցի շուրջ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930