Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիենայում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Ինչ զարգացումներ կարող են հետեւել այս ամենին. պատասխանել է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
– Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը կտրուկ դեմ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն։
– Ալիեւը մտահոգվում է այն պատճառով, որ եթե նա բանակցությունների մեջ մտնի Արցախի ներկայացուցիչների հետ, ապա, ըստ էության, կճանաչի Արցախի սուբյեկտայնությունը, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին փորձում է անել այնպես, որ չճանաչի։ Նրանք անընդհատ իրենց հաղորդագրություններում եւ հայտարարություններում նշում են՝ Ղարաբաղի անջատողական ուժեր, եւ եթե նրանք իրենց կարծիքով բանակցությունների մեջ մտնեն Արցախի ներկայացուցիչների հետ, ապա ըստ էության խոստովանում են, որ հակամարտության եւս մեկ կողմ էլ Արցախի Հանրապետությունն է։ Հենց այս պատճառով Ալիեւը չի ցանկանում ուղիղ բանակցությունների մեջ մտնել Արցախի ներկայացուցիչների հետ։ Սակայն կոնֆլիկտի լուծման համար սա ամենակարեւոր պայմաններից մեկն է. առանց Արցախի ներկայացուցիչների անհնար է այս հակամարտության լուծումը։ Այդ մասին նաեւ նախկինում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք նշում էին, որ ինչ-որ մի պահից պետք է անպայման Արցախի ներկայացուցիչները միանան այս բանակցություններին։ Եթե Ալիևը իսկապես ուզում է գնալ հակամարտության լուծման, ապա պետք է ընդունի այն փաստը, որ Արցախը հակամարտության կողմ է եւ նրա հետ բանակցությունների սեղանի շուրջ նստի։ Սա ոչ հաղթանակ է, ոչ պարտություն, պետք է այս իրողության հետ հաշվի նստել։ Եթե Ալիեւն ուզում է այս հարցը լուծել, ապա պետք է Արցախը ներգրավի բանակցություններում, եթե՝ ոչ, ապա նա կշարունակի այս մարտավարությունը։
– ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց, որ երկու առաջնորդներն ընդգծել են խաղաղությանը նպաստող մթնոլորտի կառուցման եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարևորությունը։ Արդյո՞ք այս պայմանավորվածության ֆոնին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտելու փորձեր կանի։
Կարդացեք նաև
– Դատելով Ալիեւի անկանխատեսելիությունից՝ այո, շատ հնարավոր է, որ հրադադարի ռեժիմի խախտման փորձեր անի, հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերը, երբ ամեն բանակցությունից առաջ կամ հետո Ալիեւը գնացել է սահմանին իրավիճակի թեժացման, ադրբեջանցի դիպուկահարները հայ զինվորների կամ խաղաղ քաղաքացիական բնակչության վրա են կրակել։ Այդ գործելաոճը բնորոշ է Ալիեւին եւ որեւէ բան չի կարելի բացառել։ Բայց ես հուսով եմ, որ Դուշանբեի պայմանավորվածությունները կհարգվեն Ալիեւի կողմից եւ նա չի գնա այդպիսի արկածախնդրային քայլի, քանի որ սահմանին իրավիճակի սրումը ավելի կթեժացնի հակամարտությունը, ու այդ դեպքում որեւէ շանս չկա, որ այս հակամարտությունը կարող է խաղաղ ճանապարհով լուծվել։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում