Խնդիրը շատ ավելի խորն է եւ բացարձակապես կապ չունի Կոնստանտին Օրբելյանի անձի հետ։ Հարցը շատ հստակ է դրված՝ Հայաստանում օրենքները պիտի գործե՞ն, թե ոչ, եւ եթե պիտի գործեն՝ օրենքի առջեւ բոլո՞րը պիտի հավասար լինեն, թե՞ որոշ մարդկանց համար պիտի բացառություններ արվեն՝ հաշվի առնելով նրանց անցած ուղին, վաստակը, միջազգային հեղինակությունը եւ այլն։ Ընդ որում՝ այս հարցադրումը վերաբերում է բոլոր ոլորտներին։ Օրինակ՝ եթե Ռուսաստանում շատ հայտնի ռեփեր Տիմատին Երեւանում ռեստորան է բացում, նա պիտի հարկային դաշտո՞ւմ աշխատի, թե ոչ, եւ եթե խուսափի հարկերից, պիտի պատասխանատվությա՞ն ենթարկվի, թե՞ հարկային մարմինները պիտի հաշվի առնեն նրա հռչակը։ Քավ լիցի, որեւէ մեկին թող չթվա, թե Տիմատիին համեմատում ենք Կոնստանտին Օրբելյանի հետ։ Հարցադրումը հետեւյալն է՝ եթե Օրբելյանի փոխարեն լիներ, ասենք, Մոցարտի եւ Վագների մարմնավորումը նույն անձի մեջ, հասարակությունը պիտի թո՞ւյլ տար, որ նա խախտի օրենքը։
Ի դեպ՝ Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու դեմ բողոքողներից շատերը լավ էլ հասկանում են, որ բուն խնդիրը հենց օրենքի առջեւ բոլորի հավասարությունն է, ու այդպես էլ ասում են՝ «այո, ընդունում ենք, որ օրենքի խախտում կա, բայց կարելի էր նաեւ հանուն նրա միջազգային բարձր հեղինակության բացառություն անել կամ գոնե աչք փակել»։ Գուցեեւ կարելի էր (քննարկելու հարց է), բայց նախ՝ պետք է ազնիվ լինել եւ ընդունել, որ խոսքը հենց կոնկրետ անձի համար օրենք խախտելու «թույլտվության» մասին է, եւ երկրորդ՝ պետք է կարողանալ պատասխանել այն հարցին, թե իսկ ինչպե՞ս ենք վարվելու մյուսների դեպքում, ինչպե՞ս ենք որոշելու՝ ո՞վ է բավականաչափ հռչակավոր օրենքը խախտելու համար, եւ ով՝ ոչ: Ու չարժե դրա փոխարեն քննարկումները տեղափոխել էմոցիոնալ կամ բարոյական հարթություն՝ իբր «էս ի՞նչ եք անում, մարդը աշխարհի լավագույն բեմերը թողած եկել է Հայաստան, փոխանակ շնորհակալ լինեք…» եւ այլն։
Ի դեպ՝ բարոյականության մասին։ Օպերայի շուրջ ստեղծված իրավիճակից դժգոհողները հարց են բարձրացնում՝ որքանո՞վ է բարոյական, որ «մշակույթի ոլորտից բան չհասկացողները» աշխատանքից ազատեն մաեստրոյին, բայց, չգիտես ինչու, նույն հարցը չեն տալիս Կոնստանտին Օրբելյանին (որի պրոֆեսիոնալ որակներն, ի դեպ, որեւէ մեկը կասկածի տակ չի առնում)։ Կարելի էր, չէ՞, նրան նույնպես հարցնել՝ «այ, Դուք գիտակցում եք, որ Հայաստանում գործող օրենքների համաձայն՝ իրավունք չունեք միաժամանակ երկու ղեկավար պաշտոն զբաղեցնել, որքանո՞վ եք բարոյական համարում օրենքի խախտումով Օպերան ղեկավարելը, եթե անգամ հանուն Ձեր բարձր հեղինակության որոշվի աչք փակել օրենքի խախտման վրա»։ Վերջին հաշվով՝ խոսքը պետության նկատմամբ հարգանքի մասին է։ Այսինքն՝ եթե հարցը դիտարկում ենք բարոյական հարթության մեջ, ապա Օպերայի աշխատակազմի եւ ընդհանրապես՝ մշակույթի գործիչների աջակցությունը միանգամայն հասկանալի է, բայց Կոնստանտին Օրբելյանն ինքը պիտի կանգներ ու ասեր՝ հարգելիներս, բարձր եմ գնահատում ձեր աջակցությունը, շնորհակալություն, բայց ես հարգում եմ պետությունը եւ ինքս ինձ թույլ չեմ տա խախտել օրենքները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում