Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սպառնալիք չի եղել, բայց մեզ չէին թողնում հեռանալ, իսկ վեց ոստիկանի պատանդ էին պահել». ՊՊԾ գնդում եղած բժիշկ

Ապրիլ 03,2019 12:50

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում այսօր որպես տուժող հարցաքննվեց Հովհաննես Հովհաննիսյանը, որը 2016թ.-ին եղել է շտապօգնության հերթապահ բժիշկ եւ գունդ է մտել՝ այն զավթած «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներից Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: «Որովայնի եւ ճակատի հատվածքում վիրավորում ունեին»,-դատարանին հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը: Այսքանից ավելի տուժողը չպատմեց, դատավոր Մեսրոպ Մակյանն էլ փորձում էր հարցերով մանրամասներ ճշտել: «Քչախոս եք երեւում»,-ասաց նա Հովհաննես Հովհաննիսյանին:

Դատախազ Արամ Արամյանի՝ «զինված խմբի անդամները ձեր հանդեպ հսկողություն իրականացրե՞լ են» հարցին տուժողը բացասական պատասխան տվեց: «Ազատ շրջե՞լ եք գնդի տարածքում» հարցին էլ տուժողը պատասխանեց՝ «այո»: Ապա հավելեց՝ իր աշխատանքի ընթացքում առհասարակ չի եղել դեպք, երբ շտապօգնության բժշկին կարգադրեն տարածքից չհեռանալ, մինչեւ չգա մյուս հերթապահ խումբը:

Հիշեցնենք, որ խմբի անդամները մեղադրվում են նաեւ բժիշկների եւ ոստիկանների պատանդառության համար: «Ինձ ասացին՝ դու գնա, որովհետեւ ինձ լավ չէի զգում, դա արդեն երկրորդ օրն էր: Մյուս բրիգադը մեզանից հետո է եկել»,-պատմեց Հովհաննես Հովհաննիսյանը: «Ձեր հանդեպ սպառնալիք եղե՞լ է» հարցին եւս նա բացասական պատասխան տվեց:

Ինչ վերաբերում է գնդի տարածքում զոհված եւ վիրավորված ոստիկաններին, բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը միայն տեսել է, որ շտապօգնության մեքենայում մեկ ոստիկան է եղել. «Ինչքան հիշում եմ՝ ճնշումն էր բարձրացել: Մի ոստիկան էլ՝ Գագիկ Մկրտչյանը, որովայնից էր վիրավորվել, բայց դա ես տեսել եմ արդեն հիվանդանոցում: Չեմ հաղորդակցվել հետը: Մյուսներից տեղյակ չեմ»:

Դատախազ Արամ Արամյանը գտավ, որ տուժողի՝ դատարանում ասածի եւ նախաքննական ցուցմունքներում վիրավոր ոստիկանի մասին հակասություն կա, ուստի դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Դրանում Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ Գագիկ Մկրտչյանի վիրավորման առնչությամբ լսել է հետեւյալը. «Սմբատն ասել է, որ իր վրա կրակել են, ինքն էլ պատասխանել է»:

Բժիշկների հանդեպ զինված խմբի վերաբերմունքի մասին էլ Հովհաննես Հովհաննիսյանը նախաքննական ցուցմունքում ասել է. «Սպառնալիք չի եղել, բայց չէին թողնում հեռանալ տարածքից: Մենք էլ լռում էինք, որպեսզի վիճաբանություն չառաջանար: Նրանք պատանդ էին վերցրել վեց ոստիկանի, այդ թվում՝ Օսիպյանին եւ Եղիազարյանին»:

Նախաքննական ցուցմունքում խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանի մասին Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ նա «թողել է հոգեպես անհավասարակշիռ մարդու տպավորություն», իսկ Վարուժան Ավետիսյանի «մեջ տղամարդկություն չի նկատել»: Սա լսելով՝ դահլիճում նստած մեղադրյալ Վարուժան Ավետիսյանը քմծիծաղեց:

Տուժողի վրա «բարի մարդու տպավորություն է գործել» խմբի անդամներից Աշոտ Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» հանդեպ համաներում կիրառելուն, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ չի առարկում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/786586671706231/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930