Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմահների երկիրը». Քառօրյա պատերազմում զոհված զինվորների մայրերն արցունքներն աչքերին լքեցին դահլիճը

Ապրիլ 03,2019 11:16

Ապրիլի 2-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում հանդիսատեսի դատին հանձնվեց Էդուարդ Զորիկյանի հեղինակած «Անմահների երկիրը» ներկայացումը, որի պրեմիերային ներկա էին Արկադի Տեր-Թադևոսյանը, Խորեն Լևոնյանը, Արտակ Զեյնալյանը, Մհեր Մկրտչյանը, քառօրյա պատերազմում զոհված հերոսների մայրերը և այլք։

Հերոսներին մարմնավորում էին դերասաններ Սարգիս Գրիգորյանը, Հայկ Սարգսյանը, Գեորգի Հովակիմյանը, Իշխան Ղարիբյանը, Աշոտ Հակոբյանը, Հովհաննես Հաջինյանը։

Ուշագրավ է այն փաստը, որ դերասանները տարբեր թատրոններից լինելով՝ միավորվել էին հատուկ այս բեմադրության համար։

Ներկայացումը պատմում էր երիտասարդ օպերատորի մասին (Սարգիս Գրիգորյան), որը սահման է գալիս զինվորների մասին ֆիլմ նկարահանելու։

Նժդեհի անունը կրող սելֆիի սիրահար տղայի նպատակը ֆիլմի նկարահանումից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելն ու այնտեղ հաստատվելն էր, սակայն թշնամու անակնկալ հարձակումը դիրքի վրա փոխում է նրա պլաններն ու առհասարակ ամբողջ կյանքը։

Առաջին հայացքից հայրենասիրության հետ ոչ մի կապ չունեցող գլխավոր հերոսը, ընկերներին կորցնելու գնով, վերագտնում է ընկերության, հավատարմության, հայրենիքի հանդեպ ունեցած սիրո արժեքն ու ուժը։

Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ ներկայացման գաղափարն իր մոտ առաջացել է մեկ տարի առաջ, հետագայում Էդուարդ Զորիկյանն այն թղթին է հանձնել։

Անդրադառնալով իր մարմնավորած կերպարին՝ ասաց.

– Սա պարզապես պատմություն չէ, սա ներկայացում է մարդու վերափոխման մասին։

Երբ կյանքն ու մահը մեկ թևի վրա են, չփոխվել անկարող ես։ Տղաները կարողացան ճիշտ ճանապարհի վրա դնել գլխավոր հերոսին և նա 180 աստիճանով փոխվեց,-ասաց Սարգիս Գրիգորյանը։

Դերասանի կարծիքով ,նման ներկայացումները ոգի են ներդնում երիտասարդների մեջ, ինչից ելնելով պիտի առավել հաճախ բեմադրվեն.

«Ժամանակի հրամայականն է. երիտասարդներին պիտի պատրաստենք։ Ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել, իսկ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է»,-նշեց դերասանը։

Ներկայացումից հետո իր հույզերով և տպավորություններով կիսվեց ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը ներկայացումը ստացված որակեց։

-Մարտի դաշտը շատ յուրահատուկ թեմա է բեմադրության համար։ Առհասարակ, ավելի հեշտ է այս թեմաներով ֆիլմեր նկարահանել, քան թատրոնում դրանք բեմադրել, բայց դերասանական կազմին հաջողվեց հուզել բոլորիս։Ներկայացման շնորհիվ վերապրեցի 2016-ի բոլոր հիշողություններս,-ասաց պատգամավորը։

Քառօրյա պատերազմում զոհված զինվորների մայրերն արցունքներն աչքերին լքեցին դահլիճը։

Ադամ Սահակյանի մոր՝ Գայանե Սահակյանի խոսքով՝ ներկայացումը նուրբ ձևով կարողացավ ներկայացնել սահմանում կանգնած տղաների հույզերն ու ապրումները։

Նաև նշեց, որ հայրենասիրական թեմաներին անդրադարձն ու հերոսությունների մասին հիշելը ամոքում է իրենց սրտի ցավը։

«Անմահների երկիրը» հաջորդ ներկայացումները նախատեսվում են ապրիլի 6-ին, 7-ին, 21-ին և 26 -ին։

Էլինա ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930