Այս օրերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մեծ Բրիտանիայում, որտեղ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հետ մասնակցում էր ձայնագրությունների։ Ձայնագրությունները կատարվել են հանրահայտ Watford Colosseum-ում։
Ի դեպ, սա Սերգեյ Սմբատյանի առաջին համագործակցությունը չէ LSO-ի հետ։
Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի լավագույն նվագախմբերից է։ Այն հիմնադրվել է 1904 թվականին և իր տեսակի մեջ առաջին նվագախումբն էր Մեծ Բրիտանիայում։ 1906 թվականին այն դարձավ արտասահմանում (Փարիզ) ելույթ ունեցած առաջին բրիտանական նվագախումբը։ Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են աշխարհահռչակ այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Կլաուդիո Աբբադոն, Լեոնարդ Բերնստայնը, Կարլ Բյոմը և այլք։
Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերն է «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, ով իրականացնում է աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտների, կոլեկտիվների ձայնագրությունները: Նրա ձայնագրություններն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների և ներկայացված են ամենուր՝ աշխարհում դասական երաժշտության հավաքածուների վաճառքի լավագույն հարթակներում։
Կարդացեք նաև
Սերգեյ Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ ձայնագրությունը նախատեսված է այս տարվա հունիսի 4-ին։
Լոնդոնի սիմֆոնիկի և մաեստրո Սմբատյանի կատարմամբ ձայնասկավառակը թողարկվելու է հանրահայտ Naxos պիտակի ներքո։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին