Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դասը՝ «գործողությունների պլան»

Ապրիլ 03,2019 10:00

Ապրիլյան պատերազմի մասին ամեն ինչ, կարծես թե, ասված է: Ասվածի մեծ մասը քարոզչական բնույթ է կրում: Այն ժամանակ ընդդիմությունը, իսկ հիմա իշխանությունը (ճիշտ է՝ այժմ պակաս ակտիվությամբ) փորձում է պատերազմը ներկայացնել որպես այն ժամանակվա իշխանությունների ձախողում՝ կորցրած հեկտարների եւ զոհերի համար մեղադրելով բացառապես քաղաքական հակառակորդներին: Այս «ներքաղաքական» մասը երբեմն խանգարում է իրականությանը նայել «պատմության բարձունքներից» եւ հասկանալ, որ թեեւ լուրջ ռազմական բախումն ի հայտ բերեց պետական եւ, մասնավորապես, պաշտպանական համակարգի բազմաթիվ խնդիրներ, դրա արդյունքները որակել որպես «պարտություն» կամ «ձախողում», սխալ է՝ դա փորձություն էր եւ դաս բոլորիս համար, բայց երբեք ոչ՝ «պարտություն»: Դաս էր նաեւ նրանց համար, ովքեր կասկածներ ունեին մեր ժողովրդի համախմբվելու ունակության, մեր երիտասարդների հայրենասիրության վերաբերյալ:

Այն ժամանակվա իշխանությունը կարողացա՞վ ճիշտ հետեւություններ անել «ապրիլյան պատերազմից»: Ինձ թվում է՝ ոչ: Անհրաժեշտ էին կտրուկ փոփոխություններ պետական բոլոր կառույցներում՝ ոչ միայն կոռուպցիայի վերացման, այլեւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Բայց անցած 27 տարիներին, մինչեւ հեղափոխությունը բոլոր իշխանությունների գլխավոր նպատակն էր ինչ-որ մի ձեւով կոնսերվացնել իրավիճակը: Ռուսերեն ասած՝ «авось пронесет»: Բայց կանգնել տեղում՝ նշանակում է գնալ հետ, կառուցելու մասին հոգ չտանել՝ նշանակում է նպաստել քանդմանը: Տվյալ դեպքում՝ նաեւ ինքնաքանդմանը:

Արդյո՞ք ներկա իշխանությունները դասեր քաղել են երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից: Հուսով եմ՝ այո: Ենթադրում եմ, որ զուտ ռազմական առումով ուսումնասիրվել է ամեն մի դրվագ: Դա պետք է ոչ թե ինչ-որ մեկին պատժելու եւ դրանով հասարակությանը «զբաղեցնելու» համար՝ այս առումով «միջոցառումների» պակաս չկա: Բայց հիմնական խնդիրն այստեղ ավելի պրագմատիկ է. ամեն մի պատասխանատուն պետք է ունենա հստակ «գործողությունների պլան»՝ սկսած գլխավոր հրամանատարից, վերջացրած խրամատում նստած շարքայինով՝ հաջորդ նման հարձակման ժամանակ (իսկ որ նման հարձակում կլինի, ես չեմ կասկածում): Մասնավորապես՝ ո՞ր դեպքերում եւ ո՞ր պահին է պետք «դուրս գալ խրամատից», ինչպես ասում է պաշտպանության նախարարը եւ հակահարձակման անցնել, մարդկային ու տեխնիկական ի՞նչ միջոցներով:

«Գործողությունների պլանը» անհրաժեշտ է ոչ միայն զինվորականներին: Բոլորս պետք է հակիրճ «ուղեցույց» ունենանք նման դեպքերի համար: Հասարակության եւ ավելի լայն իմաստով՝ հայության մոբիլիզացիան պետք է տեղի ունենա րոպեների ընթացքում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    `«Գործողությունների պլանը» անհրաժեշտ է ոչ միայն զինվորականներին: Բոլորս պետք է հակիրճ «ուղեցույց» ունենանք նման դեպքերի համար: Հասարակության եւ ավելի լայն իմաստով՝ հայության մոբիլիզացիան պետք է տեղի ունենա րոպեների ընթացքում:`
    Հիսունանցները իրենց ցմփոր փորերով րոպեների ընթացքում չեն հավաքվի, պետք է բոլոր տարիքների համար մեր գիտնականները գրեն չափանիշներ, որոնց չհամապատասխանելու դեպքում թույլ չտրվի մասնակցել այդ հավաքներին, ինչպես նաեւ մեր գիտնականները պետք է գրեն թե ի՞նչ արվի այդ չափանիշներին հասնելու համար: Հայ մարդը պետք է տիրապետի ոչ միայն ռազմական արվեստին, այլեւ հայերեն երգել պարել իմանա, հայ կերակրատեսակներ պատրաստի, գործարարության արվեստին տիրապետի, որ ոչ մի հայ նվաստացուցիչ վարձու աշխատանքով չզբաղվի: Իսկ եթե արդյունքում հայը միայն հայ ապրանքներով ու հայ ծառայություններով սպասարկվի, սա կլինի մեր ազգային տոնը, ինչպես ծոմ ենք պահում, այդպես էլ մի օր գոնե չօգտվենք ոչհայ երեւույթներից:

  2. Ruben says:

    «Ըստ էության, պետության հետախուզական համակարգի վիճակն արտացոլում է նրա «առողջությունը», այսինքն՝ նրա ուժը և միջազգային հեղինակությունը»:
    Հետախուզության պատմության մասնագետ Ա. Սարգսյան

    Արդեն 27 տարի է, ինչ ասում-խոսում են «Գործողությունների պլան»- ի անհրաժեշտության մասին՝ «էշ, մի սատկի, գարուն կգա»:
    Գուցե ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչությունը վերանվանել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզակա՞ն վարչություն` թէ չէ 27 տավա մեջ, ամեն տարի «Այծին պոզեր չեղան, ասաց` այս տարվա ուլն եմ»:
    ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության մարմիներն իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կարևոր գործառույթ են իրականացնում նաև ՀՀ զինված ուժերում և զինվորական այլ կազմավորումներում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում հանցագործությունների բացահայտման, կանխման և խափանման, զինված ուժեր օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներթափանցումը կանխելու, վնասազերծելու ուղղությամբ, ինչպես նաև գործուն աջակցություն է ցուցաբերում ԶՈւ-ի հրամանատարությանը՝ բանակի մարտունակության և մարտական պատրաստականություն ապահովելու հարցում։ «Գինի է, թան չէ, ամեն մարդու բան չէ»:
    Հանրապետության «ամենակրթված» «քաղաքական գործիչը» գիտի, որ «Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է»:
    ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության գիտի, որ 27 տարի է «Առյուծին պատիվ էիք տալիս, էշ դուրս եկավ» ու այդ «Էշը քառասուն անգամ Երուսաղեմ գնաց, էլի էշ մնաց»: Դէ «Կույրի ի˚նչ պետքն է, թե մոմը թանկ է»:
    ՀՀ ԱԱԾ հետախուզության մարմինը, համաձայն իր գործառութային պարտականությունների, իրականացնում է հետախուզական գործունեություն, ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա պետությունների տարածքի˚ց, տարածքի˚ն, թե˚ տարածքում:
    «Ամենալավ իշխողը նա է, ով ինքն իրեն է իշխում»:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930