Ապրիլյան պատերազմը 3 տարի անց շատ հակասական զգացմունքներ է առաջացնում: Երեկ Եռաբլուրում մի կողմից պարում էին դպրոցականները՝ զոհված հերոսների նկարներով շապիկները հագին, դրոշներով, հպարտ ու ուժեղ, մյուս կողմից իրենց որդիների շիրմաքարերը գրկած մղկտում էին մայրերը, որոնք 2016-ի ապրիլին զավակ են կորցրել:
Նրանցից մեկը՝ Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, երեկ մեզ հետ զրույցում մի սարսափելի դրվագ ներկայացրեց, թե ինչպես է երթեւեկության մեջ լսել իր համար անչափ ցավալի արտահայտություն՝ «իրանց ո՞վ էր ասում գնային կռվեին»: Տիկին Անահիտն արցունքն աչքերին ասում էր, որ հերոսներին ինչպես պետք է՝ չեն գնահատում:
Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրանք ուներ՝ ապրիլի 2-ը նշանակել հիշատակման օր: Երբ ասացինք, որ վարչապետն այդ մասին արդեն խոսել է, դա ի՞նչ կտա ըստ էության, մի՞թե առանց այդ օրը հայտարարելու ուշադրությունը մեր հերոսների ու ձեր նկատմամբ պակաս է՝ նա պատասխանեց. «Մենք դրանով կսփոփվենք, որ բոլորը սգում են այդ օրը, բոլորը հարգում են մեր հերոս որդիներին»:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
03.04.2019