Իսկ Ադրբեջանն ավելի ազատ է զգում ապրիլյան պատերազմից հետո
Մարտի 29-ին արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում կարեւոր մեկնարկ էր. Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումն էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպեցին Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում:
Նախ՝ կայացել էր Փաշինյանի ու Ալիեւի ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Ապա՝ Փաշինյանն ու Ալիեւը բանակցությունները շարունակել էին առանձնազրույցի ձեւաչափով: Այնուհետեւ քննարկմանը կրկին միացել էին համանախագահները եւ արտգործնախարարները։ Ընդհանուր առմամբ, Վիեննայի բանակցությունները տեւել էին շուրջ 3 ժամ:
Հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդյունավետ գնահատեցին բանակցությունները: «Դրական ենք գնահատում: Երկար, հագեցած եւ հետաքրքիր խոսակցություն էր, որը հնարավորություն տվեց հստակեցնել առաջնորդների դիրքորոշումը, մենք հույս ունենք, որ առաջիկայում նոր հանդիպում տեղի կունենա»,- ասել էր ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին՝ առանց հստակեցնելու Փաշինյան-Ալիեւ հաջորդ հանդիպման ժամկետը:
Կարդացեք նաև
Հայտնի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, համաձայնելով շարունակել երկխոսությունը:
Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը…
Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Փաշինյանն անդրադարձել էր նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպման արդյունքներին:
«Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարեւոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին եւ խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում եւ հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում: Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական ու հույս ունեմ, որ նախագահ Ալիեւն էլ հանդիպումը դրական կգնահատի: Ուզում եմ մի նրբության անդրադառնալ: Երբ ասում եմ, որ դրական եմ գնահատում` դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն: Ընդհանրապես, մինչեւ հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե, լավ` հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարեւոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ եւ հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց: Այդպես եղել է Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի, Դավոսի քննարկումների ընթացքում»,- նշել էր Փաշինյանը:
Նրա մեկնաբանությամբ՝ սկսվել է խոսակցություն եւ կողմերից յուրաքանչյուրն իր պատկերացումներն է ներկայացնում. «Հակամարտությունն ունի խորն արմատներ եւ ամենակարեւոր արձանագրումը պետք է լինի այն, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ խորը, լուրջ խնդիր է եւ կարեւոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ կարողանանք բարձրաձայնել, թե ինչ ենք մտածում, կարողանանք խոսել, հասկանալ, կարո՞ղ ենք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չի լինի իրար վնասելու կանխավարկածը, կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմաններում, շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարո՞ղ ենք սկսել խոսակցություն, որ սահմանին գտնվող գյուղերում փորձենք այնպես անել, որ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, զբաղվեն գյուղաշխատանքով` առանց մտավախության, որ դիպուկահարներն իրենց կոչնչացնեն: Պետք է հասկանալ` մենք կարող ենք արդյո՞ք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որ կարող ենք քննարկել»:
Փաշինյանը նաեւ հավելել էր. «Կան երկու կողմերի քաղաքացիներ եւ պետք է հասկանալ, կարո՞ղ ենք փորձել ընտանիքների հետ հանդիպումներ կազմակերպել, որ այդ մարդիկ իրենց ընտանիքների անդամների հետ շփվելու հնարավորություն ունենան, կարո՞ղ ենք, արդյոք, հանձնարարել մեր արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք շարունակեն այս խոսակցությունը` հասկանալու համար խնդրի էությունը: Բայց նաեւ պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումները, որոնցում խորապես համոզված ենք, բայց կարո՞ղ ենք փորձել խոսել նաեւ դիմացինի դիրքորոշման մասին, ի՞նչն է, որ դիմացինի դիրքորոշման մեջ տրամաբանական է, կամ ոչ: Ահա այս իմաստով եմ դրական համարում այս հանդիպումը եւ անկեղծ ասած՝ դեռ չգիտեմ, թե ինչպիսի գնահատական ունի նախագահ Ալիեւը, բայց հույս ունեմ, որ մեր գնահատականներն առնվազն տեսանելիորեն եւ շոշափելիորեն իրարից չեն տարբերվի»:
Նույն օրը, հանդիպման փաստից ըստ ամենայնի խիստ ոգեւորված, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն տարածեցին: Նրանք Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ կայացած հանդիպման վերաբերյալ նշել էին, որ այն անցել է՝ «դրական ու կառուցողական մթնոլորտում եւ հնարավորություն տվեց երկու առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները»։ Նրանք նաեւ արձանագրել էին, որ Փաշինյանն ու Ալիեւը «տեսակետներ փոխանակեցին կարգավորման գործընթացի եւ մի քանի էական գաղափարների շուրջ»: «Երկու առաջնորդները ընդգծեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման կարեւորությունը եւ հետագայում կոնկրետ ու շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ բանակցային գործընթացում խաղաղ լուծում գտնելու նպատակով»,- նշվել էր միջնորդների տարածած հաղորդագրությունում։ «Վերհիշելով Դուշանբեում իրենց զրույցը՝ առաջնորդները կրկին պարտավորվեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը եւ բարելավել ուղիղ հաղորդակցություն հաստատելու մեխանիզմները: Նրանք նաեւ համաձայնեցին մի շարք քայլեր մշակել հումանիտար ոլորտում»,- ասվում էր միջնորդների հայտարարությունում:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությունը վստահաբար կշարունակվի։ Փաշինյանն ակնկալում է, որպեսզի Ալիեւի հետ յուրաքանչյուր հանդիպումից, բանակցությունից հետո իր իշխանությունից հաղթանակներ չսպասեն ու պարտություններ էլ չվերագրել:
Վիեննայի հանդիպմամբ ստեղծել է բանակցային գործընթացի շարունակականության ապահովման եւ նախադրյալների ստեղծման հնարավորություն: Հայկական կողմը, պարզ է, որ կողմնակից է այս գործընթացին: Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե նոր մթնոլորտում, նոր մոտեցումների պարզաբանման ճանապարհին Փաշինյանին որքան թույլ կտան մտորել, հասկանալ իրավիճակը: Հայկական կողմի համար այդ մթնոլորտը թվացյալ է դրական, այն ամեն պահի կարող է անսպասելի փոխվել աշխարհաքաղաքական համատեքստում, երբ պարզվի, որ Փաշինյանից, ինչպես ընդունված է ասել՝ «վճռական քայլեր» են ակնկալում արդեն պարզաբանված ու հստակեցված մոտեցումների իրականացման ճանապարհին:
Փաշինյանի իշխանության բացը մնում է կարգավորման սկզբունքների վերաբերյալ կոնկրետ դիրքորոշումը, առայժմ նշվում է, որ, օրինակ, Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին: Մինչդեռ պաշտոնական Բաքուն ներկայացնում է սկզբունքներ, որոնցից՝ ըստ նրանց՝ շեղում չի կարող լինել, որպեսզի այդ հարցերում նրանցից զիջումներ չակնկալել:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանն ավելի ազատ է զգում ապրիլյան պատերազմից հետո, չկա այն մթնոլորտը, որը ճնշող էր Ալիեւի համար: Անկախ նրանից, որ հայկական կողմը պնդում է, որ հայկական կողմի համար օրակարգային են այս կամ այն հարցերը, օրինակ` հետաքննության մեխանիզմների, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների մասին հիշատակումները, այնուամենայնիվ, մոռացության են մատնվել, դրանք հետեւողականորեն անտեսվում են համանախագահների հայտարարություններում, ինչը Բաքվի պատկերացմամբ եւ մատուցմամբ՝ հաղթանակ է:
Ամփոփումը՝ «Առավոտ»-ի մարտի 3-ի համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 02.04.2019