Ինչու կառավարությունը նախագծերը ծանրութեթեւ չի անում, նոր միայն շրջանառության մեջ դնում
Վերջին մեկ երկու ամսում կառավարությունը շրջանառության մեջ դրած մի քանի նախագծեր, որոնցով ավելանալու էր այս կամ այն ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների հարկային բեռը, պարզապես չեղարկեց: Կառավարությունը բոլորովին վերջերս հետ կանգնեց գազավորված ըմպելիքների հարկն ավելացնելու իր մտադրությունից,
Մեկուկես ամիս առաջ էլ փաստաբանների, հաշվապահական ու աուդիտորական ընկերությունների հարկերն ավելացնելու նախագծից հրաժարվեց: Այդ ընթացքում կառավարության պատասխանատուները նաեւ ընդառաջ գնացին աջ ղեկով ավտոմեքենա ներկրող քաղաքացիների պահանջին` թույլատրելով, որ սահմանին կուտակված եւ նաեւ Վրաստանի ճանապարհին գտնվող բոլոր ավտոմեքենաները մուտք գործեն Հայաստան` չնայած որ կառվարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծն այդ տեսքով կյանքի կոչելուն դեմ էր եղել եւ նախագիծը հետ էր ուղարկել:
Բոլոր այս նախագծերի չեղարկումը կամ փոփոխությունը տեղի ունեցան հասարակական ճնշման ներքո: Օրերով տեղի ունեցան բողոքի ցույցեր, հանրային քննարկումներ, գործադուլներ, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների հետ հանդիպումներ: Հարցն այն չէ, որ կառավարությունը լավամարդ դուրս գալու համար է, մեկը մյուսի հետեւից, չեղարկում այդ նախագծերը, այլ, հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, որ քննարկումների արդյունքում համոզվել են, որ հաշվապահների, փաստաբանների կամ գազավորված ըմպելիք արտադրողների բերած փաստարկները ճիշտ են: Այսինքն` ստացվում է, որ շրջանառության մեջ դրված մի շարք նախագծեր խորությամբ չեն էլ ուսումնասիրվում եւ միայն հակազդեցության արժանանալուց հետո են խնդիրները վեր հանվում` ինչպես օրինակ եղավ գազավորված ըմպելիքների պարագայում: Այս ոլորտի փոքր ու միջին արտադրողների բիզնեսը մեկ ամիս շարունակ կանգ առավ, աշխատանքը կաթվածահար եղավ, որպեսզի բողոքի ցույցերի միջոցով կառավարությանն ապացուցեն, որ իրենց բիզնեսը փակվելու վտանգի տակ է, որ այն ինչի մասին խոսում են նախագծի հեղինակները, սխալ է, եւ, հետեւաբար, հարկը բարձրացնելու հիմնավորումն էլ` անհեթեթ:
Թե ինչու է կառավարությունը առանց ծանրութեթեւ անելու շրջանառության մեջ դնում այնպիսի նախագծեր, որոնց համար հետո ստիպված է լինում հետ քայլ անել, «Առավոտի» հարցին, տնտեսագետ, «Տնտեսական իրավունք կենտրոն» հ/կ ղեկավար Մովսես Արիստակեսյանը, պատասխանում է` քննարկումներ անցկացնելու կառավարության պրակտիկան վատն է:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Արիստակեսյանի, կառավարությունը հարկ չի համարում նախապես խոսել մասնագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ փաթեթները մշակողները հանրային կարծիքին ուշադրություն չեն դարձնում:
Մեր զրուցակցի խոսքով, բոլոր այդ նախագծերը բխում են եկամտահարկի համահարթ տարբերակին անցնելու` հարկային օրենսգրքի փաթեթից:
«Պետք է ասեմ, որ մենք ստեղծել ենք մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա, հատուկ հրավիրեցինք կառավարությունից, Ազգային ժողովից ներկայացուցիչներ, որպեսզի քննարկենք համահարթ տարբերակին անցնելու հարցը: Ամբողջ այս խնդիրները առաջացել են համահարթը մտցնելու արդյունքում: Դա խիստ կապված է իրար հետ: Համահարթը ֆիքս իդեա է իրենց մոտ, որ դա պետք է կիրառվի, դրա մասին վարչապետը դեռ մեկ տարի առաջ խոսեց` լայվով` համոզելու, որ դա ճիշտ է: Եթե դա մտցնում են, ապա պետական բյուջեն 27 միլիարդ դրամի ծախս է ունենում, այսինքն` բյուջեն դրանից կորուստ է ունենում: Ինչպե՞ս պետք է դա լրացնեն եւ սկսեցին մտածել` տարբեր հարկատեսակներ մտցնելով»:
Մովսես Արիստակեսյանի խոսքով. «Առաջինը սկսեցին մտցնել աուդիտորների, հաշվապահների հարկը. աուդիտորները, հաշվապահները, փաստաբանները դժգոհության ալիք բարձրացրին, հանրային քննարկում արեցին, սպառնացին գործադուլով, հետո հետ վերցրին այդ առաջարկը, փոփոխությունների մեջ դա չմտցրին: Հետո նոր հարկատեսակ` ակցիզային հարկը բարձրացնելու նախագիծը բերեցին, քաղհասարակությունը միանշանակ ասաց, որ ընդունելի տարբերակ չէ, որովհետեւ դրանով մենք ուղղակիորեն փոքրացնում ենք աղքատ խավի տնօրինվող եկամուտը: Այդ խմիչքն օգտագործում են երեխաները, այն հիմնականում երեխաների սիրած խմիչքն է: Որպեսզի բյուջեի պակասը լրացնենք այդ ֆիքս իդեայի համար, մենք մտցնում ենք այդ ոչ տրամաբանված հարկատեսակը»:
Մի շարք ապրանքատեսակների հարկերի ավելացումն էլ, ըստ պարոն Արիստակեսյանի, «մեկ գիշերում ԵԱՏՄ մտնելու արդյունքում» է տեղի ունենալու:
Մասնավորապես թանկանալու են բենզինը, սեղմված գազը, քսայուղերը, որոնք, անուղղակիորեն բարձրացնելու են մեր արտադրանքի ինքնարժեքը:
Մովսես Արիստակեսյանը սակայն, կողմ է գրավատների տուրքի բարձրացմանը` չնայած կարծում է, որ դա նույնպես արվում է 27 միլիարդ դրամի ծախսը լրացնելու համար. «Կարծում եմ, որ դա ճիշտ է, որովհետեւ գրավատները դարձել են վաշխառուական այնպիսի կազմակերպություններ, որոնք պարզապես աղքատություն են սփռում աշխարհում, մեր երկրում եւ իրենց փողն են աշխատում, գերշահույթներ են ստանում: Այդ գերշահույթները նրանք պետք է վճարեն պետական բյուջե` փոխհատուցելով այն մեծ վնասը, որ հասցնում են մեր աղքատ ժողովրդին, որոնք ստիպված են իրենց վերջին ոսկին, հարստությունը դնել վարկեր վերցնել, որպեսզի ապրեն»:
Պարոն Արիստակեսյանի համոզմամբ, որպեսզի այդպիսի իրավիճակ չստեղծվի, պետությունը պետք է իրականացնի նորմալ հարկային քաղաքականություն` ուղղված ոչ թե բարձր աշխատավարձ ստացողների դրույքաչափն իջեցնելուն, այլ`ավելի շատ աշխատողից ավելի շատ հարկ պահելուն:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ.
02.04.2019