ՍԴ դատավորի թեկնածուների առաջադրման ժամանակ թեժացան կրքերը, երբ այս ԱԺ-ում էլ կրկին հնչեց փաստաբան Վահե Գրիգորյանի անուն-ազգանունը: Իսկ պատճառն այն է, որ նա նախորդ ԱԺ-ում ներկայացվել էր, եւ ըստ էության չէր կարող համարվել «նոր» թեկնածու: Իրավաբանների մի մասը գտնում էր, որ նոր ԱԺ է, հետեւաբար՝ նոր թեկնածու, մի մասը գտնում էր, որ որոշակի ժամկետի սահմանափակում պետք է լինի, որ անձը իմանա, թե երբ կարող է առաջադրվել, խոսք էր գնում ՀՀ նախագահին կից նոր խորհրդատվական մարմին ստեղծելու մասին, առերեւույթ իրավական ճգնաժամից դուրս գալու համար, կար առաջարկ հարցը տեղափոխել ՍԴ, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ «նորն» ու «կրկինը» հավասարեցնելով՝ հնարավորություն էր տրվում թեկնածու առաջադրողին դատավորի թափուր տեղը մշտապես «արթուն» պահել:
«Առավոտի» հարցերին պատասխանում է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ պետական կառավարման ակադեմայի, ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս, ԵԽ երեւանյան գրասենյակի ազգային փորձագետ Թամարա Շաքարյանը:
– Ազգային Ժողովն ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները, որոնք բուռն քննարկվեցին ԱԺ-ում եւ տարբեր կարծիքներ հնչեցին օրենքում ամրագրված «նոր թեկնածու» եզրույթի վերաբերյալ: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս եզրույթը:
– Կիսում եմ ԱԺ-ում հնչեցրած այն իրավագետների դիրքորոշումները, որոնք «նոր թեկնածու» եզրույթը մեկնաբանում են ոչ թե որպես նույն անձի նոր առաջադրում, այլ որպես այլ անձի առաջադրում, այսինքն՝ նոր թեկնածուն պետք է լինի այլ անձ, քանի որ այս մեկնաբանությունը բխում է գործող կարգավորումներից: Ներկայացված դիրքորոշումներից բացի, հիմնավորեմ նշածս այլ տեսանկյունից, քանի որ իրավական նորմի մեկնաբանությունը պետք է լինի համակարգային՝ նորմի իրավական տրամաբանության համատեքստում: Մասնավորապես, «նոր թեկնածու» եզրույթը կիրառվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի ինչպես 8-րդ մասում, երբ իրավասու մարմինը նոր թեկնածու պետք է ներկայացնի, երբ Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, այնպես էլ 4-րդ մասում, երբ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին՝ նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է առաջադրել նոր թեկնածու: Եթե համարում ենք, որ նոր թեկնածուն կարող է լինել նույն անձը, ապա այդ մեկնաբանությունից առնվազն բխում է, որ տվյալ դեպքում, երբ փաստաթղթերը վերադարձվում է թեկնածուին առաջադրող մարմնին օրենքի պահանջներին չհամապատասխանելու պատճառով, իրավասու մարմինը կարող է ներկայացնել նույն թեկնածուին` որպես նոր առաջադրում: Վստահ եմ, որ նման մեկնաբանություն չի կարող արվել, եւ այս դեպքում միակարծիք կլինեն գոնե այն հարցում, որ վերոնշյալ դեպքում ներկայացվող «նոր թեկնածուն» պետք է լինի այլ անձ:
Կարդացեք նաև
Ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները:
Այսինքն, վերը նշված 141-րդ հոդվածում օրենսդիրը կիրառել է «նոր թեկնածու» եզրույթը միեւնույն միտքն արտահայտելու տրամաբանությամբ եւ այս համատեքստում, կարծում եմ, «նոր թեկնածու» եզրույթը չի կարող մեկնաբանվել որպես նույն անձի նոր առաջադրում:
– ԱԺ-ում նշվեց նաեւ, որ սահմանադրական արգելք չկա, որ նույն անձը ներկայացվի որպես նոր թեկնածու, ինչ եք կարծում, երբ օրենքից «նոր» եզրույթը չհանվեց, սահմանադրականության տեսանկյունից կարո՞ղ է խնդիր առաջանալ հետագայում:
– Չեմ կարող համաձայնել այդ մեկնաբանությանը, որ իրավասու մարմնի կողմից նույն անձին կրկին ներկայացնելու սահմանադրական արգելք չկա, ուստի նույն անձին կարող են կրկին առաջադրել՝ որպես նոր թեկնածու: Մասնավորապես, ՀՀ սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը եւ նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով, ուստի արգելքը կարող է սահմանվել նշված օրենքով եւ չհակասել սահմանադրական նորմերին:
– Տիկին Շաքարյան, եթե հավակնորդներից Վահե Գրիգորյանը չի ընտրվել որպես սահմանադրական դատարանի դատավոր, կամ եթե Գոռ Հովհաննիսյանը չընտրվի, ապա ՀՀ նախագահը չի՞ կարող նրանց կրկին առաջադրել որպես նոր թեկնածու:
– Նախ նշեմ, որ մասնագիտական որակների համատեքստում ձեր նշած երկու թեկնածուներն էլ արժանի են առաջադրվելու որպես սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն ինձ համար անձը տվյալ հիմնախնդրի դեպքում ունի երկրորդական նշանակություն, այսինքն՝ մասնագիտական կարծիքը պետք է չկրի անձնավորված բնույթ:
Գործող իրավակարգավորումների համատեքստում, կարծում եմ, «նոր թեկնածու» եզրույթի մեկնաբանությունից բխում է, որ նրանք կրկին չեն կարող առաջադրվել, սակայն եթե եզրույթներից վերացարկվենք, ապա ավելի կարեւոր է խնդրին անդրադառնալ ինստիտուցիոնալ տեսանկյունից, այսպես՝ եթե խորհրդարանը չի ընտրում իրավասու մարմնի առաջադրած թեկնածուին, եւ իրավասու մարմինը կարող է նույն անձին անընդհատ ներկայացնել խորհրդարան, ապա դրանով իսկ կսահմանափակվի Ազգային ժողովի կողմից իր լիազորության իրացումը՝ այն էլ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում: Ավելին, նշվածը չի կարող չաղավաղել սահմանադրական ինստիտուտների փոխհարաբերությունների էությունը: Հետեւաբար, միանշանակ կարծում եմ, որ նույն անձը չի կարող կրկին առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու տվյալ գումարման Ազգային ժողովում, եթե ԱԺ-ն արդեն իսկ չի ընտրել այդ թեկնածուին, ավելին՝ նույն թեկնածուին առաջադրելու արգելք օրենսդրորեն պետք է սահմանել նաեւ մյուս իրավասու մարմինների առաջադրման պարագայում: Այսինքն, արգելել, որ անձը, որը առաջադրվել է ՀՀ նախագահի կողմից, չընտրվել տվյալ գումարման Ազգային ժողովում, այնուհետեւ՝ առաջադրվի կառավարության կողմից:
– Կառավարությունը կարո՞ղ էր այնպիսի նախագիծ ներկայացնել, որը հնարավորություն տար իր թեկնածուին՝ Վահե Գրիգորյանին կրկին առաջադրվելու:
– Կառավարության ներկայացված նախագծերում «նոր» եզրույթը բացակայել է ի սկզբանե եւ հենց դա հիմք էր հանդիսացել այն կարծիքների ձեւավորման, որ այդ փոփոխությունը միտված է եղել առաջադրված եւ չընտրված թեկնածուին կրկին առաջադրելու օրենսդրորեն հնարավորություն ընձեռելու համար: Անշուշտ, ուրախ եմ, որ մասնագիտական հանրության մեծամասնությունը դեմ եղավ այդ եզրույթի հանելուն, քանի որ, ինչպես արդեն նշեցի, այն կհանգեցներ սահմանադրական ինստիտուտների փոխհարաբերությունների էության աղավաղմանը, ավելին՝ ընդունելի չէ ժողովրդավարական, իրավական պետությունում «անձերի» շահերից ելնելով կատարել օրենսդրական փոփոխություններ:
Չնայած գործող իրավակարգավորումներին, մյուս կողմից՝ գտնում եմ, որ անհրաժեշտ է կատարել օրենսդրական համապատասխան փոփոխություններ այն համատեքստում, որ եթե անձը որպես Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվել տվյալ գումարման Ազգային ժողովում, ապա արդեն որպես նոր թեկնածու կարող է առաջադրվել հաջորդ գումարման Ազգային ժողովում, որպեսզի չսահմանափակվի անձի՝ Աահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու իրավունքը եւ որպեսզի իրավական հետեւանքների համատեքստում չստացվի այնպիսի իրավիճակ, որ անձը, որը մեկ անգամ չի ընտրվել որեւէ գումարման ԱԺ կողմից որպես Սահմանադրական դատարանի դատավոր, այլեւս երբեք հնարավորություն չունենա առաջադրվելու որպես դատավորի թեկնածու: Կարծում եմ նաեւ, որ նախորդ գումարման ԱԺ որոշումներով չի կարող սահմանափակված լինել հաջորդ գումարման ԱԺ-ն, քանի որ Ժողովրդաիշխանության սկզբունքի էությունն այն է, որ ավելի ուշ կայացած ընտրությունների արդյունքում ձեւավորված օրենսդիրն է տվյալ ժամանակում արտահայտում ժողովրդի կամքը, այլ ոչ թե ավելի վաղ ձեւավորված օրենսդիրը:
Ուստի կառավարությունը իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ կարող էր այս հիմնախնդրին տալ համակարգային լուծում: Այսինքն՝ եթե «նոր թեկնածու» եզրույթի վերաբերյալ գործող իրավակարգավորումներն առավել հստակեցվեին, ինչը կարող էր իրացվել ներկայացված նախագծերում՝ իմ կողմից վերը նշվածի համատեքստում, ապա օրինակ՝ Վահե Գրիգորյանը կամ Էմիլ Բաբայանը կարող էին առաջադրվել որպես նոր թեկնածու 7-րդ գումարման ԱԺ, հաշվի առնելով, որ նրանք չէին ընտրվել նախորդ գումարման ԱԺ կողմից:
– Այս թեմայի շուրջ հնչեցրած տեսակետներն առավելապես իրավակա՞ն, թե՞ քաղաքական բնույթ ունեին:
– Կարող եմ ասել, որ մեծամասամբ քաղաքական բնույթ ունեին: Բարձր գնահատելով մասնագիտական արժանապատվությունս՝ ես երբեք քաղաքական ենթատեքստ պարունակող տեսակետ չեմ հայտնում իրավունքի, իրավական կարգավորումների, իրավական ինստիտուտների էության վերաբերյալ, եւ այդ համատեքստում երբեք չեմ մեկնաբանում իրավական նորմերը: Ցավում եմ, երբ առավելապես իրավական հանրույթի շատ ներկայացուցիչներ համարում են, որ եթե որպես մասնագետ դիրքորոշում ես հայտնել կոնկրետ նորմի բովանդակության կամ կիրառման կապակցությամբ, ապա այն բխում է կամ անպայմանորեն պետք է բխի քաղաքական ինչ-ինչ շահերից կամ նպատակաուղղված լինի այս կամ այն անձի շահերի պաշտպանությանը: Ինքս երբեք քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել ու չեմ զբաղվում, ավելին՝ ոչ դե յուրե եւ ոչ դե ֆակտո որեւէ կուսակցության երբեք չեմ հարել ու չեմ հարում: Քաղաքականությունը քաղաքականություն, բայց երբ իրավական նորմերի մեկնաբանման եւ դրանց էությունը ներկայացնելու մասնագիտական «մենաշնորհը» սկսվում է յուրացվել բոլորի կողմից, այս համատեքստում իրավագիտությունը դադարում է լինել պահանջված մասնագիտություն:
Զրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
02.04.2019