Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետը` ԶԼՄ-ների դիտումների, #deleteFacebook հաշթեգի ու կասկածելի հավելվածների մասին

Ապրիլ 03,2019 13:30

«Առավոտը» Renderforest ընկերության մարքեթինգ թիմի ղեկավար Ռոման Դանեղյանի հետ զրուցեց թվային աշխարհի նորություններից:

Մասնավորապես հետաքրքրվեցինք, թե թվային աշխարհի վերջին միտումներն ինչպես կարող են անդրադառնալ լրատվամիջոցների` հատկապես ֆեյսբուքյան էջերի վրա: «Ֆեյսբուքի եւ ընդհանրապես բոլոր սոցցանցերի ալգորիթմներն անընդհատ փոփոխվում են, ու բոլոր էջերը, այդ թվում լրատվամիջոցները, պետք է ուշադիր լինեն, որպեսզի լավագույն բովանդակությունը հասցնեն իրենց լսարանին: Այսինքն, խնդիրը մարդկանց էջերի գրառումները տեղ հասցնելու «մասով» կախված է ալգորիթմներից, որոնց փոփոխությունների արդյունքում ավելի քիչ մարդիկ են սկսում տեսնել գրառումները: Եվ եթե ԶԼՄ-ները չկարողանան պահել հետեւորդների հետաքրքրությունը, գրառումներն ավելի քիչ մարդկանց կհասնեն: Բնականաբար, դա բացասաբար կանդրադառնա էջերի գործունեության վրա: Այդ ամենից խուսափելու համար պետք է միշտ հետեւել թրենդներին, նորություններին, աշխատել վերջին գործիքներով»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարցրինք, իր կարծիքով, հայաստանյան ԶԼՄ-ները լիարժեք օգտագործո՞ւմ են Telegram-ի հնարավորությունները. «Իմ տպավորությամբ, ԶԼՄ-ները լիարժեք չեն օգտագործում Telegram-ը, որը նոր լսարաններ ներգրավելու շատ լավ հնարավորություններ ունի: Այնպես որ, Հայաստանում Telegram-ի առումով դեռ աճելու տեղ ունենք»:

Հարցրինք, թե ո՞րն էր պատճառը, որ WhatsApp-ի հիմնադիրը Twitter-ում գրառում է կատարել, որ ժամանակն է լքել Facebook-ը եւ ավելացրել է #deleteFacebook հաշթեգը: Հետեւե՞լ, թե՞ չհետեւել նրա կոչին:

«Ֆեյսբուքում տվյալների պահպանման առումով վերջին շրջանում խնդիրներ են առաջանում տարբեր օգտատերերի մոտ: Նույնիսկ պարզվել էր, որ մի քանի միլիոն օգտատերերի տվյալներ պահվում են թվային ֆայլերում, ու Ֆեյսբուքի աշխատակիցները դրանք կարողացել են տեսնել, այդ ամենն իրենց հասանելի է եղել: Ֆեյսբուքի Քեմբրիջի վերլուծական ուսումնասիրությամբ զբաղվող ընկերության սկանդալը կհիշեք: Բրիտանական Cambridge Analytica ընկերությունը հավաքել էր Ֆեյսբուք սոցցանցի 87 միլիոն օգտատերերի տվյալները: Ֆեյսբուքը վաճառել էր իր օգտատերերի տվյալները տվյալ համալսարանի ընկերությանը: Այդ պատճառով է, որ WhatsApp-ի հիմնադրի մոտ ցանկություն է առաջացել նման գրառում կատարել: Նմանօրինակ սկանդալային միջադեպերը բերում են նրան, որ տարբեր սոցցանցերի հիմնադիրներ կամ պաշտոնատար անձինք այդ բովանդակությամբ գրառումներ են կատարում իրենց հաշիվներով, ու քանի որ ունեն մեծ լսարան, ցանկանում են այդ լսարանին ակնարկել, որ Ֆեյսբուքը դառնում է ոչ այնքան անվտանգ հարթակ»,- նշեց Ռոման Դանեղյանը:

Անդրադարձ եղավ Ռոման Դանեղյանի էջում կատարված մի գրառմանը, որտեղ նա նշել էր, թե Instagram-ի story-ներն արդեն օրական 500 միլիոնից ավելի օգտագործող ունեն: Հարցրինք՝ արդյոք հնարավո՞ր է այդ գործիքն օգտագործել հայաստանյան լրատվամիջոցների կայքերի այցելություններն ավելացնելու նպատակով:

«Կա այդպիսի վիճակագրություն, որ օրական 500 միլիոնից ավելի մարդ Instagram-ի story-ներն օգտագործում է անձնական կամ բիզնես նպատակներով: Իհարկե, հայաստանյան լրատվամիջոցները եւս շատ հանգիստ կարող են օգտագործել Instagram-ի story-ները իրենց կայքի այցելությունները եւ նոր օգտատերեր ավելացնելու նպատակով, սակայն դա անելու համար հարկավոր է ունենալ ամենաքիչը 10000 հետեւորդ Instagram-ում, որից հետո մարդիկ կկարողանան հղումներ տեղադրել իրենց story-ներում, իսկ դրանց վրա սեղմելով` հայտնվել տվյալ կայքում ու կարդալ վերջին նորությունները»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Խոսեցինք նաեւ Forbes-ից, որն իր վերջին հրապարակումներից մեկում անդրադարձել է նրան, թե ինչպես WhatsApp-ի եւ Facebook-ի messenger-ների միացումը կարող է ռիսկի տակ դնել վերջիններիս օգտատերերի անվտանգությունը: Ռոման Դանեղյանին խնդրեցինք մի քիչ «բացել» փակագծերը, ու պարզաբանել, թե հատկապես ինչի մասին է խոսքը:

«Forbes-ը կարծիք է հայտնել, որ WhatsApp-ի եւ Facebook-ի messenger-ները միանալու են, մինչդեռ այնտեղ գործում են տարբեր կոդավորման համակարգեր: Օրինակ, Instagram-ում ընդհանրապես չկա կոդավորված նամակների հասկացություն, իսկ WhatsApp-ի բոլոր նամակները կոդավորված են: Նյութի հեղինակը խոսում էր այն մասին, թե ինչ է պատահելու, երբ Instagram-ի օգտատերը նամակ գրի WhatsApp-ի օգտատիրոջը: Տարբեր հարթակներում գործում են նամակների կոդավորման տարբեր համակարգեր, ու ինքը ներկայացնում է իր տեսակետը, թե ինչպես կարելի է ռիսկի տակ դնել օգտատերերի անվտանգությունը, երբ արդեն գիտենք, որ ֆեյսբուքում շատ խնդիրներ են լինում օգտատերերի հաշիվների տվյալների առումով»,- նշեց Renderforest ընկերության մարքեթինգ թիմի ղեկավարը:

Խնդրեցինք մի փոքր խոսել նաեւ ֆեյսբուքյան խաղերի, զանազան զվարճալի, բայց անձնական ինֆորմացիայի օգտագործման առումով վտանգավոր թեստերի մասին:

«Սա իմ կողմից ամենաշատ հնչեցված թեմաներից է: Մարդկանց անընդհատ ուղղորդում եմ, որ անծանոթ հավելվածներից ու թեստերից չօգտվեն Ֆեյսբուքում եւ ցանկացած անվստահելի կայքում: Իրենց news feed-ը թերթելիս մարդիկ երբեմն հանդիպում են ինչ-որ հավելվածի, որն, օրինակ, ասում է, թե դու որ հայտնի մարդուն ես նման: Երբ իրենք սեղմում են այդ խաղի վրա, այն կարող է այդ մարդուց տանել անձնական շատ տվյալներ՝ username-ը, անուն-ազգանունը, ծննդյան ամսաթիվը եւ այլն: Դրա հետ մեկտեղ մարդիկ կարող են տալ այնպիսի տեղեկատվություն, որոնք հրապարակային հասանելի չեն, բայց այդ տեղեկատվությունը եւս կարող է խաղերի միջոցով հաքերների կողմից փոխանցվել: Բացի ծննդյան թվից եւ այլ տվյալներից, օրինակ, հեռախոսահամարը մարդը չի գրել հրապարակային, կարող է դա էլ գնա, կամ ընկերների ցանկը միայն ինքն է տեսնում, բայց դա էլ վերցնի: Այսինքն` մեկ քլիքով մենք կարող ենք այդ խաղը ստեղծող մարդուն տալ շատ անձնական տվյալներ, որոնք չգիտենք, թե հետո ինչպես կարող են օգտագործվել մեր դեմ:

Ցավոք, օգտատերերի մեծ մասը չի գնահատում դրա կարեւորությունը, չի հասկանում, թե դա ինչ ռիսկ կարող է պարունակել, որովհետեւ իր անձնական տվյալն իր կարծիքով այդքան կարեւոր չէ ու ոչ մեկին հետաքրքիր չէ:

Վերջերս մարդիկ ներբեռնում էին Getcontact հավելվածը, իրենց հեռախոսահամարն էին գրանցում, եւ կարողանում էին տեսնել, թե այլ մարդկանց հեռախոսների մեջ իրենց անունն ինչպես է գրանցված: Վերջում պարզվեց, որ այդ հավելվածը թուրքական է, եւ այդ ծրագիրը տարածելով` իրենք Հայաստանից կարող են ունենալ հսկա տեղեկատվության աղբյուր` մարդկանց հեռախոսահամարներ, անուններ: Այդ ամենից խուսափելու համար պետք է հեռու մնալ ոչ վստահելի կայքերից, կասկածելի հավելվածներից, իսկ եթե օգտվում եք, անպայման պետք է կարդալ, թե ինչ կանոններ ունեն այդ հավելվածները կամ ծրագրերը` օգտագործման ժամանակ: Եթե դրանք ինչ-ինչ տվյալներ են վերցնում օգտատիրոջից, համոզվեք` արդյոք դուք ցանկանո՞ւմ ենք, որ այդ տվյալները ձեզանից գնան ու կուտակվեն իրենց մոտ: Ու ամենակարեւորը, եթե նույնիսկ կուտակվում են, ի՞նչ կերպ են օգտագործվելու: Պետք է այդ ամենը հաշվի առնել ու զգույշ լինել, որպեսզի հաքերների հարձակումներից առավելագույնս պաշտպանված լինել»,-խորհուրդ է տալիս Ռոման Դանեղյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Ռոման Դանեղյանի

ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930