Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին պետք է հասկանա, որ դիպլոմը ոչ թե թղթի կտոր է, այլ գիտելիքի հավաստիացում

Ապրիլ 03,2019 13:00

Գավառամտությունից հրաժարվել հօգուտ կոսմոպոլիտիզմի՝ մեկ քայլ չէ եւ շատերին այս ճանապարհը նույնիսկ անցանելի կթվա: Ինձ համար հանելուկ է մնում այն, թե ինչպե՞ս է պատահել, որ խորհրդային գաղափարախոսությունն այդպիսի խոր հետքեր է թողել մեր ազգի քիչ թե շատ ինտելեկտուալ խավի վրա՝ գիտնականների (իհարկե՝ ոչ բոլորի): Հարցը գուցե անհասկանալի, կամ էլ ոչ կոռեկտ կթվա, սակայն բարձրաձայնելը հիմա անհրաժեշտություն է: Հայաստանում ամեն տեսակի բարեփոխումներն ընկալվում են ցավագին եւ ոչ ադեկվատ: Օրինակ, եթե փորձ է արվում կրթական համակարգում ինչ-որ փոփոխություն կատարել միջազգային մակարդակին առավելագույնս մոտենալու նպատակով, անպայման մեզ մոտ կգտնվեն տարբեր տրամաչափի մասնագետներ՝ ակադեմիկոսներ, պրոֆեսորներ կամ դոցենտներ, որոնք կսկսեն նոստալջիկ երգերի իրենց շարանը երգել: Երգերի բովանդակությունն այսպիսին է. «ինչպե՞ս կարելի է մեր հին սովետական դպրոցը չգնահատել եւ հիմնովին այն քանդել, չէ՞ որ այն ամենալավն էր ու ամենաարդյունավետը»:

Այստեղ է, որ իմ նյարդերը տեղի են տալիս: Լավ, նույնիսկ եթե ընդունենք, որ լավն էր, ինչպե՞ս կարելի է համեմատել, օրինակ, կոլխոզը զարգացած ագրարային կենտրոնի հետ: Համեմատության նույնիսկ ամենափոքրագույն փորձն անգամ մեզ համար շոկային է: Մեզ մոտ, կարելի է ասել՝ ժամանակը կանգ է առել, գիտնականների մեծ մասը կարծես թե չեն պատկերացնում իրավիճակը եւ դա է անհասկանալի: Ըստ երեւույթին նման ինտելեկտուալները առիթ չեն ունեցել տեսնելու եւ զգալու այն հսկայական տարբերությունը, որ կա մեր եւ արտասահմանյան համալսարանների միջեւ: Ինչպես կարող ենք մենք հավասարվել նույնիսկ միջին կարգի համալսարաններին, եթե մեր ինտելեկտուալներից շատերը առաջարկում են, օրինակ, շոգեքարշով հասնել արագընթաց լոկոմոտիվին: Նորից շեշտում եմ, այո, մենք ունենք օբյեկտիվ պատճառներ, ֆինանսավորման մեծ խնդիր, սակայն նաեւ խոստովանենք` մենք չունենք ցանկություն ինչ-որ բան փոխելու: Երբ որ առաջարկվում է ֆինանսավորումը մրցութային դարձնել, բոլորը միաձայն բողոքում են. «ինչի սրա համա՞ր էինք հեղափոխություն արել»: Հեղափոխությունը մեր գիտակցության մեջ դեռեւս չի հիմնավորվել, մեզ համար անցանկալի է պրոֆեսիոնալիզմն ընդունել որպես ամենաառաջնային շարժիչ ուժ: Էլ չխոսեմ նրանից, որ շատերը նույնիսկ ոչինչ չեն անում: Մարդը կարող է ամեն օր միայն սուրճ խմել եւ բողոքել, որ սա ճիշտ չէ, ես օժանդակել եմ հեղափոխությանը եւ հիմա նրանք ինձ զրկում են իմ արդար աշխատանքից՝ ասել կուզի՝ սուրճ խմելու իրավունքից: Ասածներս, բնականաբար, չեն տարածվում մի փոքր հատվածի վրա, որոնք շարունակում են քրտնաջան աշխատել նույնիսկ նման սուղ պայմաններում: Ինչեւիցե, մեր որոշ գիտնականներ նույնիսկ փորձում են ԲՈՀ-ի խստացումները սեւացնել. «ինչպե՞ս կարելի է նույնականացման եզրեր դնել մեր եւ արտասահմանյան գիտնականների միջեւ, սկզբից համեմատեք նրանց եւ մեր աշխատավարձերը»:

Ես լիովին հասկանում եւ կիսում եմ իմ գործընկերների մտորումները եւ տագնապը… Այստեղ՝ ԱՄՆ-ում, մի լավ ասացվածք կա. «ես չէի ցանկանա տեղավորվել ձեր կոշիկի մեջ», որի իմաստը շատ խորն է: Ես ինձ, սակայն, առաջին հերթին համարում եմ հայաստանցի գիտնական եւ իրավունք եմ վերապահում տեղավորվել կոշիկի մեջ եւ սրտի կսկիծով քննադատել…Սկսեմ, օրինակ, իմ հարազատ բուհից` ԵՊՀ-ից: Համալսարանը, մեղմ ասած, շատ մեծ խնդիրների առաջ է կանգնած եւ ես առիթ արդեն ունեցել եմ որոշների մասին բարձրաձայնելու: Անհասկանալի երեւույթներ դեռ շատ կան: Համալսարանը որեւէ գիտական հետազոտություն պատշաճ չի ֆինանսավորում, այնտեղ նաեւ ճիշտ պատկերացում չունեն ինչ է իրական կրեդիտային համակարգը: Ցավով պետք է նշեմ, որ համալսարանը ոչ մի լուրջ ձեռքբերման չի հասել վերջին տասնհինգ տարում: Ընդունում եմ, կան շատ արժանի դասախոսներ, գիտնականներ, եւ աններելի է, որ նրանց աշխատավարձը չի համապատասխանում նույնիսկ ամենացածր ստանդարտին, սակայն նորից հարց եմ ուղղում, ի՞նչն է խանգարում, օրինակ, կիրառել սանդղակային աշխատավարձի սկզբունքը: Մոտավորապես այսպես, որքան արդյունք է ցուցաբերվում, այնքան շատ են ստանում: Ընդ որում՝ պետք է հաշվի առնվի նաեւ, թե քանի «իսկական գիտնական է» պատրաստել տվյալ ղեկավարը իր ամբողջ կարիերայի ընթացքում:

Հիմա նորից անդրադառնամ կրթական համակարգին: Կատեգորիկ դեմ եմ հին «սովետական համակարգին» եւ կարծում եմ, որ միայն դասախոսություն՝ լավ կամ վատ կարդալով չեն կրթում: Համոզված եմ նաեւ, որ եթե մինչեւ հիմա մեզ մոտ գիտական լեզվի՝ անգլերենի իմացությունը պարտադիր չէ, մեր համալսարանը կմնա գավառական մակարդակի վրա: Հարցեր շատ կան լուծելու, եւ անհրաժեշտ է նախ եւ առաջ պետություն-համալսարան հարաբերությունը դարձնել փոխշահավետ: Նաեւ կրկնում եմ իմ համոզմունքը, չի կարող հին չինովնիկը իրականացնել գիտության եւ կրթության բարեփոխում: Սա վերաբերում է ԳՊԿ, ԵՊՀ կամ այլ ուրիշ բուհերի ղեկավարներին: Հայաստանում քաղաքացին պետք է հասկանա, որ դիպլոմը ոչ թե թղթի կտոր է, այլ առաջին հերթին գիտելիքի հավաստիացում: Ուրեմն բոլոր նրանք, ովքեր եկել են թղթի հետեւից, պետք է հեռացվեն: Ուսանողը պետք է հասկանա, որ իր տված գումարի համար նա պետք է որակյալ կրթություն ստանա: Եթե դասախոսը, գիտական ղեկավարը ընդունակ չէ դրան, պետք է նման մասնագետներից նույնպես ազատվել: Եթե համալսարանն աշխատավարձ է տալիս նման դիլետանտին, ուրեմն համալսարանի ղեկավարությունը թերացել է ճիշտ ընտրություն անելու մեջ: Իսկապես շատ մեծ աշխատանք պետք է կատարվի առաջիկայում այս տարիների ընթացքում կուտակված բոլոր սխալները շտկելու համար: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք…

ԱՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Միչիգանի համալսարան

«Առավոտ» օրաթերթ, 

02.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930