Լրահոս
Օրվա լրահոսը

Համակովկասյան նվագախմբի համահեղինակներից իտալացին Հայաստանում է

Ապրիլ 03,2019 12:30

Վերջին շրջանում հայաստանյան մշակութային վերնախավը մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ մինչ «լծված» է թատրոնների օպտիմալացմանը, օտարները «լծված» են խոշորամասշտաբ նախագծեր իրականացնելուն, ընդգրկելով, այս դեպքում՝ մեր երաժիշտներին: Առաջին անգամ սեպտեմբերին Վրաստանում կայանալիք Ցինանդալի փառատոնում կներկայանա Համակովկասյան երիտասարդական նվագախումբը, իտալացի ճանաչված դիրիժոր Կլաուդիո Վանդելիի ղեկավարությամբ, որն այս օրերին Երեւանում է՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության հրավերով: Մասնագետները հավաստիացնում են, որ դիրիժորը լայն համբավ է ձեռք բերել՝ համագործակցելով համաշխարհային երաժշտական այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Աննա Նետրեբկոն, Յուրի Բաշմետը, Դենիս Մացուեւը, Վադիմ Ռեպինը, Էրվին Շրոթը, Սերգեյ Կռիլովը եւ այլք: Շուրջ տասը տարի էլ արվեստագետը հանդիսանում է «Նովայա Ռոսսիա» պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժոր: «Ելույթներ եմ ունեցել Եվրոպայի եւ Ռուսաստանի հեղինակավոր համերգասրահներում, բայց առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս երեւանյան այցիս: Վաղօրոք պայմանավորվածություն եմ ձեռք բերել նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարության հետ՝ անցկացնել լսումներ, որոնց արդյունքում լավագույն երաժիշտները կընդգրկվեն Համակովկասյան երիտասարդական նվագախմբում: Ոչ միայն հայ, վրացի, ադրբեջանցի երաժիշտներ, նաեւ իրենց խնդրանքով՝ ղազախ, ուկրաինացի եւ թուրք արվեստագետներ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց, թե շփվում է արտասահմանում ապրող եւ ստեղծագործող բարձրարվեստ հայազգի երաժիշտների, այդ թվում՝ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի, ջութակահար Էրիկ Թադեւոսյանի եւ այլոց հետ: Հայտնեց, թե ապրիլի 5-ին կայանալիք համերգի առաջին փորձն է անցկացրել եւ հիացած է ֆիլհարմոնիկի երաժիշտների պրոֆեսիոնալ մակարդակով:

Դիտարկմանը՝ եվրոպական մամուլը ներկայացնելով ձեզ, առաջին հերթին շեշտում է երիտասարդ տաղանդավոր նվագախմբային երաժիշտներ հայտնաբերելու՝ ձեր կարողությունը, Կլաուդիո Վանդելին պատասխանեց. «Դա միանշանակ Շվեյցարիայի Verbier փառատոնի հիմնադիր աշխարհահռչակ Մարտին Էնգսթրյոմն է, որն ինձ վստահել է երեք միջազգային նվագախմբերի ստեղծման գործը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

02.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930