Լրահոս
Օրվա լրահոսը

Նորածնի խնամք. ի՞նչ անել, որ երեխան լավ աճի ու հանգիստ քնի

Ապրիլ 02,2019 23:11

Բոլորը կհամաձայնեն, որ երեխայի ծնունդը մեր կյանքում տեղի ունեցող ամենագեղեցիկ իրադարձությունն է: Յուրաքանչյուր ոք ցանկանում է, որ իր երեխան լինի առողջ և լավ զարգանա: Ըստ մանկաբույժ Աշխեն Մհերյանի՝ դրա համար յուրաքանչյուր ոք, հատկապես մայրիկները, պետք է ունենան համապատասխան հմտություններ, գիտելիքներ և դիմի մասնագետներին:

Aravot.am-ի հետ զրույցում մանկաբույժ Աշխեն Մհերյանը սկսած  ծննդյան առաջին օրվանից՝ երեխայի խնամքի վերաբերյալ մի շարք խորհուրդներ տվեց:  Ըստ մանկաբույժի՝ երբ մայրը նորածնի հետ ծննդատնից վերադառնում է տուն, ընտանիքը  պետք է պատրաստ լինի նոր էակին ընդունել: Պետք է պայմաններ ստեղծվեն. երեխան ունենա իր սենյակը, անկողինը և շրջապատված լինի բարությամբ:

Երեխային կրծքով կերակրելը

Մանկաբույժը շեշտեց՝ ամենակարևորն այն է, որ մայրը երեխային կերակրի կրծքի կաթով: Ըստ նրա՝ մայրիկին արդեն ծննդատանը պետք է սովորեցնեն՝ ինչպես երեխային կերակրել: Պետք է անպայման այնտեղի բուժաշխատողն ու բժիշկը ցույց տան, թե ինչպես պետք է երեխան կուրծքը բռնի, որ չվնասի և ճիշտ կերակրվի: Երեխային ճիշտ կերակրելու համար նախ մայրն ինքը պետք է ճիշտ կերակրվի: Մայրիկի սննդակարգը պետք է լինի բազմակողմանի և վիտամիններով ու սպիտակուցներով հարուստ, որ երեխան հագենա: Մայրն այնպես պետք է անի, որ լակտացիան՝ կաթնարտադրությունը, լինի բավարար, որ կարողանա երեխային կերակրել. «Առաջին օրերին կաթնարտադրությունն ավելի քիչ է լինում, և մայրը չպետք է հուսահատվի: Երեխային պետք է կերակրել առանց ժամին նայելու՝ երբ նա պահանջ ունի: Մայրական կաթի մեջ կան բոլոր նյութերը, որոնք անհրաժեշտ են նորածնին՝ սպիտակուց, լակտոզա,  ճարպեր վիտամին A, C, երկաթ: Կրծքի կաթում 90 տոկոս ջրի պարունակություն կա, դրա համար մինչև վեց ամսական երեխային պետք է կերակրել միայն կրծքի կաթով, անգամ ջուր պետք չէ տալ: Բայց ես կարծում եմ, որ ամառային սեզոնին պետք է ամեն դեպքում մի փոքր ջուր ստանա երեխան. հնարավոր է շոգ լինի, չոր կլիմայական պայմաններում և անհրաժեշտ է ապահովել ջրի քանակությունը: Եթե երեխան կերակրվում է մայրական կաթով, մինչև վեց ամսական նրան պետք չէ տալ ոչ ջուր, ոչ հյութ, ոչ հեղուկներ, թեյ էլ պետք չէ տալ. միայն այն դեպքում, երբ երեխան հիվանդ է, կամ դեղորայք պետք է ստանա»: Հարցին՝ արժե՞ երեխաներին գիշերները կերակրել, քանի որ կարծիք կա, որ անհրաժեշտ չէ կերակրել, որ նա սովորի գիշերային քնին, Աշխեն Մհերյանը պատասխանեց. «Եթե երեխան գիշերն ուտելու պահանջ չունի, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Եթե նրա քաշը համապատասխանում է իր ամսականին, և երեխան հանգիստ քնում է  գիշերային ժամերին, ուրեմն նա արդեն ստացել է համապատասխան քանակությամբ կաթ, և դրա կարիքը  չունի: Բայց ես կողմնակից եմ նաև նրան, որ երեխան երբ, որ ժամին արթնանում է՝ անկախ գիշեր, թե ցերեկ, նա պետք է կերակրվի կրծքի կաթով: Օրվա ընթացքում երեխան պետք է կերակրվի կրծքի կաթով ութ անգամ: Մայրը պետք է շարունակի կերակրել կրծքի կաթով այնքան ժամանակ, որքան երեխան ցանկանում է: Եթե երեխան արդեն հրաժարվում է կրծքի կաթից, պետք չէ ստիպել: Ուրեմն այդ էներգետիկան կրծքի կաթի մեջ բավարար չէ: Եթե մայրն արդեն երեխային տալիս է կաթնախառնուրդներ, ապա օրական երեք անգամ հավելյալ սնունդի հետ պետք է տալ կրծքի կաթ»: Միևնույն  ժամանակ մանկաբույժը նշեց, որ վեց ամսականից հետո կրծքի կաթում սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ չկան, որ կարողանան հագեցնել երեխային, ուստի մայրական կաթին զուգահեռ երեխային պետք է երկաթով հարուստ մթերք տալ՝ միս, ձուկ, լյարդ, ոսպ, լոբազգիներ և նույնիսկ ավելուկ: Պետք է ապահովել վիտամին C-ն, որը կա կաղամբի, անգամ կարտոֆիլի մեջ կա, այդ վիտամինը պարունակում են մրգերը, հատապտուղները:

Նորածնի զբոսանքը

Մանկաբույժը խորհուրդ է տալիս՝ անպայման օրվա ընթացքում երկու անգամ երեխային պետք է տանել զբոսանքի. «Ես այն մանկաբույժներից եմ, որ կարծում է՝ երեխան երբ ծննդատնից եկավ տուն, արդեն կարող է երրորդ օրը մոր հետ դուրս գալ զբոսանքի: Առաջին օրը 10-15 րոպեով, հետագայում ավելացնել ժամանակահատվածը. երեխան օրվա ընթացքում մեկուկես-երկու ժամ պետք է լինի դրսում»:

Նորածնի լոգանքը

Հիշելով խորհրդային տարիները՝ մանկաբույժն ասաց, որ այն ժամանակ պահանջ էր, որ երեխաներն ամեն օր լոգանք ընդունեին: Իսկ ներկայիս եվրոպական պահանջներով՝ երեխան լոգանք պետք է ընդունի օրը մեջ:  Աշխեն Մհերյանը մանրամասնեց. «Ըստ եվրոպական պահանջների՝  պետք չէ երեխային ծննդյան առաջին մի քանի օրը լողացնել, որ երեխան դեռ ունենա մորից եկած բոլոր հատկությունները. օրինակ՝ լորձը, որպեսզի երեխայի մոտ պահպանված լինի: Արտասահմանում, երբ երեխան ծնվում է, նրան չեն լողացնում»:

Նորածնի քաշը

Մանկաբույժը զգուշացնում է՝ նորածինն ունի սահմանային վիճակ. առաջին մի քանի օրը մարմնի սկզբնական զանգվածը կորուստ է տալիս  400-700 գրամով: Դա նորմալ երևույթ է: Չպետք է հուսահատվել և անպայման հաճախ կերակրել կրծքով:

Մանկաբույժ Աշխեն Մհերյանը ներկայացրեց նաև, թե ինչպիսին պետք է լինի երեխայի աճն ըստ ամիսների. «Մինչև մեկ տարեկան երեխան պետք է աճի մինչև 9,5-10 կգ՝ միջինում: Երեխայի  քաշը կրկնապատկվում է մինչև վեց ամսական, իսկ հասակը երեք անգամ է ավելանում: Մինչև վեց ամսական առաջին եռամսյակում հասակը պետք է ավելանա 9-10 սմ,  երկրորդ եռամսյակում պետք է ավելանա 2,5 սմ, երրորդ եռամսյակում 2 սմ, չորրորդում՝ մեկ սմ: Այսինքն, եթե երեխան ծնվում է 51 սմ հասակով,  մեկ տարեկանում նրա հասակը նվազագույնը պետք է լինի 74-75 սմ: Մինչև վեց ամսական քաշն անպայման պետք է կրկնապատկվի, այսինքն՝ առաջին ամիսներին՝ մինչև երեք ամսական ավելանա 800 գրամ, դրանից հետո երեք ամիս ամսական յոթ հարյուր գրամով, հետո կամաց- կամաց նվազում է քաշի ավելացումը՝ 400-500 գրամ` ամսական»:

Նորածնի մերսում

Մանկաբույժի հավաստմամբ՝ առաջին ամսվանից շատ կարևոր է  երեխաների մերսումն ու մարմնամարզությունը: Այն լավացնում է երեխայի ախորժակը, պահպանում մկանային տոնուսը, զարգացնում մոտորիկան, կոփում է երեխային: Երեխային պետք է նաև ապահովել լողով՝ ջրային պրոցեդուրաներով, քանի որ դա նպաստում է երեխայի ու ծնողի հաղորդակցությանն ու շփմանը, հանգստացնում է երեխայի ներվային համակարգը, նա սկսում է գիշերները լավ քնել:

Տարածված սխալներ, որ կատարում են մայրիկները

Ըստ մանկաբույժի` տարածված սխալներից մեկն այն է, որ մոդայիկ երևալու, կազմվածքը պահպանելու համար մայրիկները հրաժարվում են երեխային կրծքով կերակրելուց և անցնում են ադապտացիոն կաթնախառնուրդների. «Դա ամենամեծ սխալն է, որ  մայրը չի ցանկանում երեխային կերակրել կրծքով, քանի որ կրծքի կաթն ամենակարևոր բանն է, որ կարող է ազդել երեխայի զարգացման և իմունային համակարգի վրա: Հաջորդ սխալն այն է, որ այնպիսի պայմաններ չեն ապահովվում, որ մայրն ունենա կրծքի կաթ, և միանգամից հրաժարվում է կրծքով կերակրելուց: Բայց կաթի բացակայությունը լինում է ժամանակավոր: Մայրը պետք է այնպես անի, որ հաճախ կերակրի երեխային, և այդ ժամանակ կաթնարտադրությունը կշատանա: Տարածված մյուս սխալն այն է, որ մայրը շուտ է դուրս գալիս աշխատանքի, և երեխան անցնում է կաթնախառնուրդների: Ես կարծում եմ, որ մայրը գոնե մինչև երեխայի չորս ամսականը պետք է տանը մնա: Տարածված սխալ է նաև վաղ տարիքի երեխաներին թեյ տալը, քանի որ թեյի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք խանգարում են երկաթի ներծծմանն աղիներում, և դա նպաստում է անեմիաների զարգացմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930