Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերապրեցի այն հուզումնալի ու սրտառուչ պահերը,որ ունեցել էի Քառօրյա կռվի հերոսների հետ զրուցելիս». Գայանե Պողոսյան

Ապրիլ 02,2019 22:40

Ապրիլյան պատերազմից երեք տարի է անցել: Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է քառօրյայի ամեն դրվագը: Մեր վերքը թարմ է, մեր ցավը դեռ չի մեղմացել: Թերևս սա է պատճառը,որ վերջին շրջանում շատ է խոսվում ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհվածների, մարտական գործողություններում աչքի ընկած զինվորների քաջագործությունների մասին: Այդ ամենով հանդերձ մեր ժողովուրդը չի մոռանում Արցախյան պատերազմի հաղթանակ կռած հայորդիներին: Ապրիլյան պատերազմում մեր զինվորները ցույց տվեցին, որ Արցախյան ազատամարտից երեք տասնամյակ անց պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել իրենց հայրերի, պապերի արյան ու կյանքի գնով ազատագրված հայրենիքը: Մինչ օրս հայկական երկու հանրապետությունների տարբեր համայնքներում հերոսներին նվիրված մշակութային միջոցառումները ասվածի լավագույն ապացույցն են:

Ապրիլի 2-ին նմանօրինակ միջոցառում տեղի ունեցավ նաև «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանում: Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լուսինե Սանթրոսյանի նախաձեռնությամբ, դպրոցի շրջանավարտների և 8-9-րդ դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ բեմադրվեց թատերական ներկայացում՝  ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» հանդեսի լրագրող,փոխգնդապետ Գայանե Պողոսյանի՝ ապրիլյան պատերազմի մասին պատմող ակնարկաշարերի հիման վրա:

Միջոցառմանը ներկա էին զինվորականներ, հերոսածին մայրեր, ապրիլյան պատերազմի մասնակիցներ,մտավորականներ,լրագրողներ: Ներկա էր նաև հոդվածաշարի հեղինակը՝ Գայանե Պողոսյանը…

Դերասանական կրթություն չունեցող աշակերտները այնքան պատկերավոր խաղ ցուցադրեցին,որ  հուզեցին ներկաներից շատերին: Ռազմական լրագրող Գայանե Պողոսյանին մարմնավորել էր Սիլվի Գյուրջյանը: Դերակատարներից յուրաքանչյուրը կարողացել էին մտնել կերպարի մեջ և ապրեցին ողջ ներկայացումը:

Aravot.am-ի հետ զրույցում Լուսինե Սանթրոսյանն ասաց,որ ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2017թ.,երբ բոլոր դերակատարները  աշակերտներ էին: Իսկ այսօր նրանցից շատերն արդեն ուսանողներ են:

Խոսելով բեմադրության,ակնարկաշարի ընտրության , գաղափարի և այս ամենն իրականություն դարձնելու մասին Լուսինե Սանթրոսյանն ասաց.

– Սցենարը կազմել եմ Գայանե Պողոսյանի հեղինակած ակնարկներից մի քանիսի հիման վրա:  Ապրիլյան այդ անասելի ցավոտ,ծանր օրերին,անդադար հետևում էի լուրերին,ուզում էի հասկանալ,ի՞նչ եղավ,ովքե՞ր են այդ հզորները,որ գնացին գիտակցված անձնազոհության: Պատերազմը մտավ յուրաքանչյուրիս տուն ու ցավն ավելի մոտեցավ,երբ իմացա,որ աշակերտներիցս մեկը՝ Գևորգ Մղդեսյանն է զոհվել:

Լուսինե Սանթրոսյանը պատմում է, որ  սկզբում ուզեցել է  մեկ առ մեկ ճանաչել նրանց, ում պարտական ենք։ Եվ հանդիպել է Գայանեին։

-Գայանեի ակնարկները լիովին բացահայտեցին ինձ համար այդ տղաներին։ Ու նրանց Ճանաչելով, ավելի մոտեցա հայրենիքիս, ավելի թանկ դարձավ հողս։ Այն , ինչ տեսա Գայանեի ակնարկներում, ես տեսա նաև բեմում, այնպես, ինչպես բեմադրեցի այսօր։ Այն, ինչը բացահայտեցի ինձ համար, պարտքս էլ փոխանցել աշակերտներիս, նրանք էլ իրենց հերթին՝ հանդիսատեսին։ Այո, սիրում եմ բեմադրել։ Շատ բեմադրություններ եմ պատրաստել; Մտածեցի․ միայն կարդալով կամ ուղղակի դաս անցկացնելով այնքան տպավորիչ չէր կարող լինել, ինչպես բեմադրությամբ։

Լուսինեն ասում է,որ անասելի դժվար էր, քանզի ստիպված ես այն նախ քո միջով անցկացնել, մարսել, այնուհետև այն փոխանցել աշակերտներին։ Նրանք էլ իրենց հերթին պետք է անցկացնեն իրենց միջով։ Մի պահ մտածում էլ, արդյոք ճիշտ բան եմ անում։ Հետո մտածեցի, որ վստահաբար իմ պարտքն եմ կատարում։ Սերունդները պետք է ճանաչեն, պետք է զգան, գիտակցեն, արժևորեն ու գնահատեն․․․

Ներկայացման ավարտին խոսքով հանդես եկավ նաև ակնարկաշարերի հեղինակը՝ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» հանդեսի լրագրող ,փոխգնդապետ Գայանե Պողոսյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին Գայանե Պողոսյանը կարևորեց նման միջոցառումների դերն ու նշանակությունը:

Aravot.am-ը զրուցեց լրագրող, բազմաթիվ հոդվածների, ակնարկների հեղինակ Գայանե Պողոսյանի հետ՝պարզելու, թե իր  հեղինակած ակնարկների թատերական տարբերակը դիտելուց հետո ինչպիսին են նրա տպավորությունները , զգացողություններն և ապրումները.

-Երբ ես սկսում էի Ապրիլյան պատերազմի հերոսների մասին պատմող ակնարկաշարը, մտքովս չէր անցնի, որ կդառնամ մի փառավոր ու ավարտուն հերոսապատումի վավերագրողը ու այն գալիք սերունդների փոխանցելու մեծ պատիվն ու պատասխանատվությունն եմ ունենալու: Ներկայացումը դիտելիս ես նորից անցա ցավի ու հպարտության, սիրո ու ոգեղենության ճանապարհներով ու վերապրեցի այն հուզումնալի ու սրտառուչ պահերը, որ ունեցել էի Քառօրյա կռվի հերոսների հետ զրուցելիս:

Ես ուրախ եմ, որ տարիները մեզ ոչ միայն չեն հեռացրել Ապրիլյան պատերազմից, այլ ավելի են մոտեցրել նրա խորհրդին, և մերօրյա հերոսների կողքին դահլիճում Արցախյան ազատամարտի ռազմիկներն էին: Նրանք են մեզ նվիրել ազատ, արդար, հզոր, պաշտպանված ու բարեկեցիկ Հայաստանի երազանքը, նրանք են փառավորել մեր անցյալը, մեզ նվիրել արժանապատիվ ներկա ու երաշխավորել մեր հաստատուն ապագան: Մեզ բոլորիս մեկտեղ էր մեր հավաքական հիշողությունը, որի վրա պիտի կառուցենք մեր հաղթանակած գալիքը: Ու մեր դժվար երթը փարոսի պես պիտի առաջնորդեն ազգի լավագույն զավակները, նրանք մեր ամենանվիրական իղձեր ջահակիրն են ու, անկասկած, մեզ խաղաղ ափ են հանելու:

Միջոցառման ավարտին, Գայանե Պողոսյանը, ապրիլյան պատերազմի մասնակիցներ՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներին, «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ,փոխգնդապետ Արտյոմ Գևորգյանին և «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ Հարություն Բադալյանին, փոխանցեց կապանցի տաղանդավոր նկարիչ Էրիկ Դավթյանի գեղանկարները,որոնք երիտասարդ նկարիչը հատուկ նկարել էր նրանց համար…

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930