Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում ենք Ձերդ Սրբության միջնորդությանը Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` երիտասարդին վերադարձնելու իր ընտանիք. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ապրիլ 02,2019 22:25

Ապրիլի 2-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանդիպումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում էին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը,  Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ բարիգալստյան և ողջույնի պաշտոնական խոսքերի փոխանակում:

Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում մասնավորապես ասաց.

«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

Եղբայրական ջերմ սիրով և առ Աստված աղոթքով ողջունում և կրկին շնորհավորում ենք Ձեզ` Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքական գահին Ձեր ընտրության 10-ամյակի առիթով: Ուրախ ենք վերստին գտնվելու Մոսկվայում և հանդիպելու Ձեզ` փոխանցելու քաջառողջ արևշատության և երկար ու արդյունաշատ գահակալության մեր եղբայրական բարեմաղթանքները: Մեր սրտագին աղոթքն է, որ Բարձրյալն Աստված Իր օրհնության ու խնամքի ներքո պահի Ձեզ, Ռուս Եկեղեցու հոգևորականաց ողջ դասին ու ռուս հավատավոր եղբայր ժողովրդին: Ուրախալի է տեսնել նաև, որ ՌԴ իշխանությանց և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև հաստատված հարաբերությունները արգասավորվում են բարի արդյունքներով՝ ի նպաստ Ռուսիո հավատավոր ժողովրդի հոգևոր-եկեղեցական, հասարակական կյանքի առաջընթացի և պայծառության: Ձեր հովվապետության տարիներին Աստծո ողորմությամբ նշանակալի ձեռքբերումներ ու իրագործումներ են արձանագրվել քարոզչական առաքելության, կրթական, սոցիալական, եկեղեցաշինության և այլ բազում ոլորտներում: Ձերդ Սրբության առաքելության մեջ առաջնային տեղ են գրավում նաև Ձեր ջանքերը՝ հանուն ազգերի, Եկեղեցիների ու կրոնների միջև հարաբերությունների ու գործակցության զորացման:

Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ մեր հավատակից ժողովուրդների դարավոր եղբայրական կապերին, որ զորանում են մեր պետությունների միջև համագործակցությամբ  և մեր քույր Եկեղեցիների զորացող փոխհարաբերություններով և աղոթական ջանքերի մեկտեղումով: Մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար կարևոր կամուրջ է հանդիսանում Ռուսաստանի հայ համայնքը, որ վայելելով երկրի իշխանությանց բայրացակամությունը և Ձերդ Սրբության հայրական վերաբերմունքը՝ իր բարի նպաստն է բերում Ռուսիո պետության զարգացմանն ու հասարակական կյանքի առաջընթացին: 

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, մեր տարբեր հանդիպումների ընթացքում հաճախ ենք անդրադարձել ներկա ժամանակի մարտահրավերներին, երբ կյանքի ընթացող ճանապարհները հաճախ մարդկանց հեռացնում են Աստծուց, երբ անսքող են հոգևոր և բարոյական արժեքների ոտնահարումը, ազգամիջյան անհանդուրժողականությունը, ահաբեկչությունն ու պատերազմը, կարիքն ու աղքատությունը, գլոբալիզացիայի համահարթեցնող ու բացասական արտահայտությունները, որոնք հրամայական են դարձնում քրիստոնեական Եկեղեցիներիս ավելի սերտ գործակցությունը մեր առաքելության արդյունավորման ուղղությամբ: Ձեր միջեկեղեցական և հովվապետական առաքելության մեջ Դուք մշտապես հանդես եք եկել հոգևոր-բարոյական արժեքների պահպանման ու արժևորման տեսլականով, պետական, հասարակական կյանքում այդ արժեքների տարածման և վերարժևորման գաղափարով ու մոտեցմամբ։ Այս իմաստով հատկապես ուրախ ենք արձանագրելու Արևելյան Ուղղափառ և Օրթոդոքս Եկեղեցիների միջև համագործակցության առավել ամրապնդումը և ուժերի մեկտեղումը ամենատարբեր սոցիալական, հումանիտար ու հասարակական հարցերում` հատկապես հաշվի առնելով մեր Եկեղեցիների միջև փոխգործակցության գեղեցիկ ու մխիթարիչ օրինակները Մերձավոր Արևելքի բարդ համատեքստում:

Սիրեցյալ եղբայր, հոգևոր գոհունակությամբ և գնահատանքով ենք կամենում անդրադառնալ նաև Ձեր՝ որպես Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ, ունեցած կարևոր դերակատարությանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ի խնդիր հոգևոր պետերիս եռակողմ հանդիպումների կազմակերպման գործում: Այսօր մեր ժողովուրդը, կորստի ցավն իր սրտում, հարգում և ոգեկոչում է պանծալի հիշատակը իր հերոս զավակների, ովքեր զոհվեցին 2016 թ․ ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմում։ Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը էական է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար: Հիմնախնդրի հանգուցալուծման համար առաջնային կարևորություն ունի խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը, այդ թվում՝ փոխվստահության միջոցառումների իրականացման ու ռազմատենչ հռետորաբանության նվազեցման միջոցով: Հայաստանի և Արցախի իշխանությունները և ժողովուրդը հաստատակամ են խաղաղության և համերաշխության իրենց ձգտման մեջ: Այդ ճանապարհը, սակայն, միակողմանի չի կարող լինել:

Այս առումով ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել նաև մեկ դեպք: Վերջերս Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտվեց  դեռևս ամռանը չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան խնդիրներ: Դատական այդ որոշումը կայացվեց մարդու իրավունքների բացահայտ խախտմամբ: Այս հարցում, նկատի ունենալով հոգևոր պետերիս նախորդիվ ունեցած փորձառությունը, դիմում ենք Ձերդ Սրբության միջնորդությանը Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` միջազգային պարտավորությունների պահպանումով երիտասարդին վերադարձնելու իր ընտանիք:

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

Վերստին, սիրո և եղբայրության ողջույնով, մաղթում ենք Ձերդ Սրբությանը մեր Տիրոջ զորակցությունն ու առատ շնորհները, որպեսզի շարունակեք իմաստնաբար առաջնորդել Ձեր հավատացյալ հոտը` ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու և ի հոգևոր մխիթարություն համայն հավատացյալ Ձեր ժողովրդի»:

Իր հերթին Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը, շնորհակալություն հայտնելով իր գահակալության 10-ամյակի կապակցությամբ Վեհափառ Հայրապետի կողմից հղված շնորհավորական ուղերձի և բարեմաղթանքների համար, գոհունակություն հայտնեց, որ անցնող տասը տարիների ընթացքում Հայ Առաքելական  և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների հարաբերությունները հատկանշվել են եղբայրական սիրով և ջերմությամբ:  Իր խոսքում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը անդրադարձ կատարեց Ռուսաստանում Հայոց թեմի աշխույժ գործունեությանը և ակտիվ  ներգրավվածությանը երկու Եկեղեցիների կապերի զորացման գործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվության ներքո գտնվող համայնքի հոգևոր կյանքին:

Հավարտ հանդիպման երկու հովվապետերը գոհունակությամբ հաստատեցին երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև զարգացող փոխգործակցությունը և համագործակցությունը` միջեկեղեցական և միջազգային ամենատարբեր հարթակներում կրոնական-հասարակական հիմնախնդիրներին ընդառաջ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930