Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անկեղծ կցանկանայի, որ «Ա1+»-ը լիներ եթերում. Քոչարյանի խորհուրդները ընդդիմությանը` «Ա1+»-ի եթերազրկման օրը

Ապրիլ 02,2019 20:33

Տաշքենդ մեկնելուց առաջ՝ 2002թ ապրիլի 2-ի առավոտյան, Ռոբերտ Քոչարյանը օդանավակայանում  պատասխանում էր «Ա1+»-ի լրագրողի  հարցերին։ «Ա1+»-ը այդ ժամին դեռ եթերազրկված  չէր։   Նրա նշանակած ՀՌԱՀ-ը՝  Գրիգոր Ամալյանի գլխավորությամբ մի քանի ժամ հետո արդեն որոշում կայացրեց «Ա1+»-ին զրկել կապուղուց, բայց  Ռոբերտ Քոչարյանի խոսքերից ակնհայտ էր, որ որոշումը վաղուց կայացված է։ Նա անցյալ ժամանակաձեւով  էր խոսում «Ա1+»-ի  եթերում լինելու մասին, երբ դեռ չէր կայացել ՀՌԱՀ նիստը, որը որոշեց 37-րդ դեցիմետրային ալիքով հեռարձակման իրավունքը տալ «Շարմ» ընկերությանը։

«Փորձում են ժողովրդին թյուրիմացության մեջ գցել, քանի որ ներկայացվում է,  թե  հանձնաժողովը փակում է «Ա1+» ընկերությունը։ Հանձնաժողովն այդպիսի լիազորություն չունի։ Հանձնաժողովը չի կարող փակել, ուղղակի «Ա1+» ընկերությունը տնօրինում  էր 37-րդ  հաճախականությունը, տնօրինում էր  հինգ տարի եւ լրացել է այդ տնօրինման ժամկետը օրենքով»,- ասում էր  Ռոբերտ Քոչարյանը։

Բացի այդ նա արդեն խորհուրդ էր տալիս  տարվա ընթացքում մասնակցել կապուղիների մյուս  մրցույթներին։  Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում էր, թե «խարդավանք չկա, դաշտը չեն մաքրում»՝  հաջորդ տարվա ընտրությունների հետ կապված։  Եւ ընդհանրապես.  «Ես անկեղծ կցանկանայի, որ «Ա1+»-ը լիներ  եթերում, եւ, կարծում եմ, որ նման ալիք երկրին պետք է»,- ասում էր  Ռոբերտ Քոչարյանն ու շարունակում,- Ես Ձեր աշխատողներին մի անգամ էլ եմ  ասել, որ եթե չլիներ «Ա1+»-ը, ես շահագրգռված կլինեի հորինել»։

Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը  մի  խորհուրդ  տվեց ընդդիմադիրներին, որը որեւէ տրամաբանության եւ օրենքի տառի շրջանակում չէր։

Նա ընդդիմությանը. որ դրանից մեկ օր առաջ «Ա1+»-ի ուղիղ եթերում կարեւորել էր խոսքի ազատությունը, խորհուրդ տվեց գումար ծախսել եւ լրատվամիջոցներ գնել։

«Երեկ ես Ձեր եթերը  հետեւում էի, նախկին  իշխանության ստվար  զանգված, որը մասնակցում էր, բոլորը փող ունեն։ Կարող էին  մի քանի ամիս առաջ հավաքվել.  լուրջ գումարներ ներդնել,  առաջարկներ անել, օգնել Ձեզ այս  մրցույթին լիարժեք մասնակցելու»,-  ասում էր Ռոբերտ Քոչարյանը «Ա1+» անկախ լրատվամիջոցի ներկայացուցչին ։

Փաստացի, երկրի ղեկավարը նորմալ էր համարում, որ լրատվամիջոցը տեր է ունենում եւ  կարող է քաղաքական ուժը լինել այդ տերը, երբ  օրենքով արգելվում է։

«Իսկ ո՞վ ասաց, որ  նախկին իշխանությունը չպետք է մասնակցի քաղաքականությանը եւ չպետք է լրատվական դաշտում տեղ ունենա։ Ես դրան հանգիստ եմ նայում, ես չեմ ընդունում հիստերիկ դրսեւուրմները»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930