Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի մասնակիցները խոսում են իրենց խնդիրների մասին

Ապրիլ 02,2019 20:03

Այսօր լրագրողների հետ հանդիպումը մեկ րոպե լռությամբ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հարգելուց հետո «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ի անդամները խոսեցին այս տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից, բացթողումներից՝ կարեւորելով այսօր դրանք արձանագրելը, քանի որ յուրաքանչյուր թերություն բարդանալով ավելի մեծ խնդիրների առջեւ է կանգնեցնում բոլորին: «Մենք բարձրացնում ենք կարեւոր թեմաներ, որոնց մասին խոսել ենք թե նախկին, թե ներկայիս իշխանությունների օրոք: Մենք կարծում ենք, որ ապրիլյան պատերազմի օրերից մեկը պետական մակարդակով պետք է դառնա մեր անմահ հերոսների հիշատակի օր: Այս հարցը ԱԺ-ում տրվել է վարչապետին, որին նա պատասխանել է, թե օրացույցի հետ պետք է զգույշ լինել: Այո, ճիշտ է ու բոլորս դա գիտակցում ենք: Սակայն այդպիսի օրերը նշելով պետական մակարդակով՝ ժողովրդի մեջ ավելի կսերմանենք հայրենասիրություն: Ապրիլյան պատերազմը վերջին 20 տարում հայության միավորման ամենանշանավոր իրադարձությունն է: Ավելին, ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ազգն ավելի միասնական է եղել, քան հեղափոխության օրերին: Եվ այդպիսի միասնականությունը պետականորեն չնշելը մենք անընդունելի ենք համարում», հայտարարեցին նրանք եւ ավելացրին. «Մենք նաեւ զինգրքույկներում համապատասխան գրառումներ կատարելու հետ կապված խնդիրներ ենք բարձրացնում: Մեր ՀԿ-ն ապրիլյան պատերազմի մասնակից համարում է բոլոր այն տղաներին, որոնք այդ օրերին եղել են առաջնագծում՝ մի ծայրից մյուսը: Երեք տարի առաջ այս օրերին յուրաքանչյուր զինվոր հոգեբանական լուրջ փորձությունների միջով է անցել եւ իր անձնական մասնակցության չափով պաշտպանել է իրեն վստահված դիրքերը, թույլ չի տվել թշնամուն իրականացնել իր ծրագիրը՝ նվաճել Արցախը: Հետեւաբար, բոլոր նրանց զինգրքույկներում, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին եղել են առաջնագծում, պետք է համապատասխան գրառում կատարվի»:

Երիտասարդները նաեւ սոցիալական հարցեր են բարձրացնում կառավարության առջեւ. «Այսօր, երբ Եռաբլուրում էինք, զոհվածների  մայրերի հանդիպեցինք: Մայրերից մեկը մեզ տեղեկացնում էր, որ տարիներ շարունակ շատ վատ վիճակում է գտնվում, նամակներին չեն պատասխանում, իրենց ճիշտ չեն վերաբերվում: Մենք մի բան ուզում ենք հստակ արձանագրել. այդպիսի ծնողների նկատմամբ որեւէ քայլ նմանատիպ պաշտոնյաների կողմից արժանացնելու ենք շատ կոշտ արձագանքի: Ու մեզ համար նշանակություն չունի, թե նա ինչ չափի պաշտոն կունենա»:

Միքայել Սահակյանն էլ խոսեց վիրավոր զինվորների խնդիրների մասին, որոնցից շատերին սոցիալական աջակցություն չի ցուցաբերվում: «Խնդրում եւ պահանջում եմ պաշտոնյաներից, պատգամավորներից, որպեսզի քննարկեն օրենքով սոցիալական աջակցություն հատկացնելու հարցը: Վիրավոր զինվորներից շատերը  չեն կարողանում աշխատել: Օրինակ, ես երկու տարի թոշակավորված եմ եղել՝  թոքերումս երեք բեկոր կա: Սակայն հիմա չեմ համապատասխանում հաշմանդամության կարգին», – ասաց նա:

Տղաները ասացին, որ վիրավոր զինվորներին օգնություն ցուցաբերելու հարցով կառավարության շենքի առջեւ հանդիպել էին վարչապետին, իրենց ասել էին, որ ցուցակներ ներկայացնեն, սակայն այսօր չեն կարողանում կոնտակտներ գտնել, որպեսզի մյուս տղաների տվյալներն էլ փոխանցեն: Նրանց պնդմամբ, սա պաշտպանության նախարարության ֆունկցիան է: Ու մի խնդիր էլ: Երեւանում կա վերականգնողական կենտրոն, որտեղ օգնություն են ցուցաբերում տղաներին: Բայց նրանք երեւանաբնակներն են: Իսկ մարզերում ապրող վիրավորները ի՞նչ անեն, մարզերում նրանց հարցերով ո՞վ է զբաղվում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930